ՀԺԿ նախընտրական կարգախոսն է՝ «Սկզբունքներ եւ արժանապատվություն»
«Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ժողովրդին, ապավինում ենք մեր ուժին, իհարկե, որպես դրական քայլ կարելի է արձանագրել, որ մեծ թվով դիտորդներ են եկել, բայց նաեւ չպետք է ամբողջ հույսը դրվի դիտորդների վրա, դա փրկօղակ չէ, ամեն ինչ որոշելու է մեր կամքը, մեր կազմակերպվածությունը»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս համոզված է, որ ժողովուրդը միշտ էլ կատարում է իր ընտրությունը, այլ խնդիր է, որ այդ ընտրության արդյունքները կեղծվում են: ՀԺԿ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում արդեն եղել է սահմանամերձ գյուղերում, մի շարք բնակավայրերում, եւ լրագրողի հարցին՝ չե՞ն խոչընդոտում այդ այցերը եւ հանդիպումները, կուսակցության նախագահն ասաց. «Շատ դեպքերում այդ խոչընդոտները առերեւույթ չեն երեւում, ֆորմալ առումով կարելի է ասել, որ խոչընդոտներ չկան, բայց, գիտեք, մեթոդներն աշխատում են, մարդկանց ահաբեկում են, որ չգան, չմասնակցեն, սակայն դա առերեւույթ կարող է եւ չերեւալ: Ամեն դեպքում, հանդիպումներն անցնում են նորմալ, մարդիկ գալիս են, եւ մենք տեսնում ենք՝ սպասումներ կան, բնականաբար, ամեն ինչ պետք է անենք այդ սպասումները արդարացնելու համար, սակայն արձանագրել, որ այսօր նորմալ մթնոլորտ ունենք, կարծում եմ, չի կարելի, նաեւ ավելորդ չեմ համարում անդրադառնալ երեկվա դեպքերին՝ պայթեցվեցին գրասենյակներ. մենք դատապարտում ենք այդ ամենը: Բայց, ցավոք, այս ամենը կարծես դարձել է մեր իրականության անբաժանելի մասը, ինչ-որ տեղ՝ ընկալվում է սովորական երեւույթ»: Ըստ ՀԺԿ նախագահի՝ ժողովուրդը կորցրել է հավատը ընտրությունների նկատմամբ. «Այնքան են կեղծել ընտրությունները, որ շատերը չեն էլ ուզում մասնակցել, դրանով է պայմանավորված այն անտարբերությունը, որ տեսնում ենք, բայց, միեւնույն ժամանակ, նույնիսկ այդ լքված բնակավայրերում ես տեսնում եմ, որ ժողովուրդը կոտրված չէ, եւ մենք կոչ ենք անում մասնակցել ընտրություններին, որովհետեւ այլ ճանապարհ չկա, պետք է շարունակել պայքարը»: Իրական եւ ոչ իրական ընդդիմության մասին շատերն են խոսում, եւ այս մասին հարցին ի պատասխան՝ ՀԺԿ նախագահն ասաց, որ ժողովուրդը շատ լավ տարբերում է, թե՝ ով ով է. «Բոլորն էլ ընտրողների աչքի առջեւ են, եւ ընտրողներն իրենց հետեւությունները կանեն, իսկ առհասարակ, իհարկե, մենք տեսնում ենք բոցաշունչ ելույթներ, բայց տեսնում ենք նաեւ գործարքներ»: Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ոմանք իզուր են շահարկում սահմանադրական ճանապարհի գաղափարը. «Քամահրանքով խոսում են սահմանադրական ճանապարհի մասին, չտեսանք, թե ով ինչ ճանապարհով է գնում»: Ասաց նաեւ, որ ընտրողները պետք է ակտիվ մասնակցեն ընտրություններին, այդ դեպքում կեղծելու հնարավորությունները պակաս կլինեն. «Իսկ եթե կեղծեն եւ ընտրությունների արդյունքները նենգափոխեն, ես դա միշտ ասել եմ, մենք կպայքարենք եւ կլինենք առաջին շարքում»: