Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԶՎԱԾ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ»

Ապրիլ 16,2007 00:00

\"\"Ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Թամարա Գեւորգյանը, որը Միավորված աշխատանքային կուսակցության ցուցակում 5-րդն է:

– Օրերս Սունդուկյանի անվան թատրոնում Կին ընտրողների լիգայի եւ Կանանց դաշինքի կազմակերպած միջոցառման ընթացքում Դուք հայտարարել եք. «Եկել է ժամանակը փոխելու քաղաքական վերնախավը»: Հատկապես ո՞ւմ եք ցանկանում փոխել, թե՞ քաղաքական վերնախավը պիտի փոխվի ամբողջությամբ:

– Այսօրվա քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հենց իրենք էլ փաստում են, թե եկել է ժամանակը, որ կիրթ ու բանիմաց մարդիկ լինեն վերնախավում. մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ինչպես, ու կարող են իրականացնել այդ ամենը: Այլեւս տեղ չունեն այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք ընդամենը հայտարարվում են ու չեն կատարվում հետեւողականորեն: Եկել է ժամանակը, որ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ մարդիկ, ովքեր հավակնություն ունեն ներկայացված լինել ԱԺ-ում՝ գիտակցեն, թե այն ոչ թե ժամանցի վայր է, այլ ունի հստակ գործառույթներ: Այսինքն՝ օրենսդիր մարմինը պիտի ընդունի օրենքներ, մեծացվի ԱԺ վերահսկողական գործառույթը գործադիրի նկատմամբ, եւ որպես ներկայացուցչական մարմին՝ անընդհատ կապ պահի ժողովրդի հետ, որն այսօր, ցավոք, այդքան էլ չի իրականացվում: Սա նկատի ունենք՝ ասելով, թե պիտի փոխվի քաղաքական վերնախավը: ՄԱԿ-ի հիմնական սկզբունքն է, թե պետության մեջ, իշխանության հիմքում պիտի ընկած լինի հեղինակությունը եւ ոչ թե հեղինակության հիմքում իշխանությունը: Այսինքն՝ պիտի վերանա «լավ տղա» ասածը:

– Այնուամենայնիվ, որոշակիացրեք՝ ովքե՞ր են այդ անկիրթ ու ոչ բանիմաց մարդիկ ներկայիս վերնախավում: Ձեր վերոհիշյալ ելույթում նաեւ հայտարարել էիք. «Մենք պետք է այնպես անենք, որ ԱԺ գործուղվեն ոչ թե կիսագրագետ, ինչպես այժմ է, այլ գրագետ մարդիկ»: Գուցե փորձեիք տալ նաեւ այդ կիսագրագետ պատգամավորների՞ անունները կամ գոնե այն քաղաքական ուժերի, որոնք իրենց շարքերը համալրել են նման անձանցով:

– Ես սիրով կնշեի այդ անունները: Եվ մենք բազմիցս խոսել ենք դրա մասին: Բայց քանի որ քարոզարշավի փուլում ենք՝ որդեգրել ենք այս մոտեցումը. մենք խոսելու ենք մե՛ր եւ ոչ՝ ուրիշների մասին: Խոսելու ենք մեր տեսակի ու կատարածի մասին, նաեւ այն գործերի, որոնք պիտի անենք ԱԺ-ում:

Ինչ վերաբերում է կիսագրագետներին՝ նրանց մասին ոչ միայն մենք ենք խոսում, այլ նաեւ հենց այն ուժերը, որոնց շարքերում ներկայացված են այդ մարդիկ: Եկել է ժամանակը, որ նման մարդիկ առաջին հերթին իրենք իրենց հաշիվ տան՝ ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ այստեղ, ի՞նչ պիտի անեմ եւ կարո՞ղ եմ արդյոք անել դա: Մինչդեռ այսօր կարծրատիպ է առաջացել, թե ԱԺ պատգամավորը պիտի զբաղվի ասֆալտի հարցերով կամ կոմունալ խնդիրներով: Մենք պիտի փորձենք հասարակությանը սեփական օրինակով ցույց տալ, թե ինչ է ԱԺ-ն: ՄԱԿ-ն ունի ընդամենը 6 հոգանոց խմբակցություն, սակայն բազմիցս լրագրողներն էլ են նկատել, որ նիստերի դահլիճում գրեթե մարդ չկա, բայց այդ 6 հոգին աշխատում են ամեն օր: Երբ ՄԱԿ-ն առաջարկում էր իր «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր ԱԺ լիագումար նիստերն անցկացնել ամեն շաբաթ, այլ քաղաքական ուժերը նշում էին, թե մեր առաջարկածը շատ լավն է, բայց այս խորհրդարանի համար չէ: Այսինքն՝ այսպիսով իրենք արդեն իսկ գնահատականը տվել են այս ԱԺ-ի: Ուստի ուզում ենք, որ նոր խորհրդարանում լինեն այնպիսի մարդիկ, որոնց դեպքում կհամարվի, թե մեր նախաձեռնած կանոնակարգը հենց այդ ԱԺ-ի համար է: Այսինքն՝ լինեն այնպիսի պատգամավորներ, որոնք կաշխատեն ամեն օր եւ կմշակեն օրենքներ ոչ թե անհատի կամ մի խումբ մարդկանց, այլ ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

Ես իմ ելույթում էլ նշեցի, թե շատերն ուզում են բարեգործի կեցվածք ընդունել, բայց պետք չեն անհատական բարեգործությունները՝ դրանք մեզ պատիվ չեն բերում: Բարեգործություն կլինի այն, որ բարեխղճորեն գնանք ԱԺ եւ ընդունենք այնպիսի օրենքներ, որոնք նպատակաուղղված կլինեն բոլորին: Եվ ոչ թե սրան-նրան մի բան տանք ու ասենք, թե մենք լավն ենք:

– Այնուամենայնիվ, ընտրողներն այժմ առավել կարծես հենց նման ակնկալիքներ ունեն, որ իրենց մի բան տան, ու նաեւ, որ պատգամավորը զբաղվի հենց ասֆալտի ու կոմունալ հարցերով: Օրենսդրական ծրագրերը երրորդական պլանո՞ւմ չեն սրանց համեմատ:

– Ճիշտ է, եւ մենք էլ ենք սա արձանագրել: Սրա պատճառն այն է, որ խզված է հասարակություն-իշխանություն կապը: Գուցե սա մի քիչ սուր է ասված, բայց որ կա վստահության պակաս՝ միանշանակ է: Այդ վստահության պակասի պատճառով է, որ մարդիկ ակնկալում են ընտրությունների ընթացքում մի որեւէ բան կորզել իրենց համար, քանի որ վստահ չեն, թե երբ գնում են քվեարկության՝ այն, ինչ քվեատուփում է, հենց այդ արդյունքն էլ կհայտարարվի: Մենք մեր տեսակով եկել, ապացուցել եւ ուզում ենք շատանալ ու ասել, թե այսպիսի՛ն պիտի լինեն ընտրությունները եւ նմա՛ն կեցվածքով մարդիկ պիտի ներկայացված լինեն ԱԺ-ում: Այլապես այս երեւույթը, հիվանդության պես, գնալով կխորանա հասարակության մեջ, եւ ինքներս էլ կհիվանդանանք դրանով: Պիտի փորձենք դնել դրա վերջակետն ու ասել՝ ո՛չ, սիրելիներս, ԱԺ պիտի գործուղվեն լավագույնները, ու նրանք պիտի միշտ հաշվետու լինեն հասարակությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել