«Օրինաց երկիր» կուսակցությունն առայժմ կարծես միակն է, որ իրականացնում է դասական քարոզարշավ՝ հանդիպումների ընթացքում հանգամանալից ներկայացնում է իր նախընտրական ծրագրի դրույթները:
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ժողովուրդն արձագանքում նման քարոզարշավին, քանի որ կարծիք կա, թե մարդիկ հոգնել են գաղափարախոսություններից եւ ծրագրերից ու առավել առաջնորդվում են որոշակի ակնկալիքներով: «Ամեն մի կիսատ գործ, ամեն մի իրական հնարավորություն փոխելու մարդկանց կյանքը՝ հետաքրքրում է մեր ժողովրդին: Եվ ես այն կարծիքին չեմ, որ մարդկանց ծրագրերը չեն հետաքրքրում: Շա՛տ են հետաքրքրում: Եվ ասեմ, որ մարդիկ լավ էլ ուշադիր լսում են, քանի որ մենք առաջարկում ենք բարեփոխումներ կոնկրետ ոլորտներում,- պատասխանեց «Օրինաց երկրի» նախագահը:- Բնականաբար, չենք կարող մտածել, թե գաղափարական ուժեղ պայքար կա: Գաղափարների եւ ծրագրերի միջեւ չէ պայքարը: Դրա համար էլ ասում ենք, որ պետք է ընտրություն լինի ոչ թե փողի եւ պարտադրանքի, այլ տեսակետների եւ ծրագրերի միջեւ»:
Արթուր Բաղդասարյանը երեկ պնդեց, որ ՕԵԿ-ի առջեւ խոչընդոտներ են հարուցվում նախընտրական հանդիպումների կազմակերպման ու քարոզչական պաստառների տեղադրման ընթացքում: Որպես օրինակ՝ մասնավորապես նշեց. Սպիտակի քաղաքապետը 100 հազար դրամ է պահանջել մի փոքր դահլիճ տրամադրելու համար, բացի այդ՝ կուսակցությունն արտաքին գովազդի համար դիմել է գրեթե բոլոր թաղապետարաններին ու քաղաքապետարաններին, բայց պատասխանել են շատ քչերը: ՕԵԿ-ը գրավոր բողոք է ներկայացրել ԿԸՀ՝ հավասար հնարավորություններ ապահովելու քայլեր ձեռնարկելու խնդրանքով:
Արթուր Բաղդասարյանը նաեւ հայտնեց. «Պաշտոնապես 2 նամակ ենք ուղարկել ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ ընտրացուցակներում մեր հայտնաբերած մեծաքանակ թերությունների մասին, որոշակի հասցեներով»: Հավելեց՝ «Մշտապե՛ս, պարբերաբա՛ր ուղարկելու ենք նման նամակներ, որ հանվեն անճշտությունները, քանի որ մեծ թվով մահացած մարդիկ կան ցուցակներում, կրկնվող անուններ ու հասցեներ»: