Երեկ հայտարարվեց «Այլընտրանքի» հանրահավաքում
Երեկ Ազատության հրապարակում «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքը նկատելիորեն բազմամարդ էր նախորդ մի քանի հանրահավաքներից: Ավելի քան մեկ ժամ տեւած ելույթները, որպես կանոն, ընդմիջվում կամ ավարտվում էին գործող իշխանություններին «միասին իմպիչմենթի» ենթարկելու կոչ-պահանջով: Հանրահավաքում խոսվեց ե՛ւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների, ե՛ւ Հայաստանի՝ տարածաշրջանային գործընթացներից մեկուսացման, ե՛ւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան-«Ճոյտի» անցած ճանապարհի ու հետագա ճակատագրի, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբներում հնչած պայթյունների մասին:
Հանրահավաքը վարող նախկին քաղաքապետ ու ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն իր խոսքում նկատեց, թե այսօր իշխանությունն ինքն էլ իր ներսում չգիտի, թե ինչ է կատարվում. «Մեկը մեկին պայթեցնում է, մեկը մեկի վրա կրակում է, նստացնում է: Մենք նրանց հետ կապ չունենք, ժողովո՛ւրդ: Մենք հանցագործներ չենք, հանցագործները գտնվում են մեզնից ավելի վերեւ, որը կոչվում է իշխանություն»: Նա նաեւ անդրադարձավ «Ճոյտին». «Տեսեք՝ ինչ են անում էդ Հակոբ Հակոբյանի հետ: Հիմա նա ասում է, թե էս երկրում չի ուզում ապրել, որ ընտանիքին ուզում է Հայաստանից դուրս բերել: Մինչ այդ ինքն օգտվում էր էս նույն համակարգից, 1998-ին, 2003-ին կեղծում էր ընտրությունները հանուն այս իշխանությունների: Հիմա նրա հետ խոսում է Աղվան Հովսեփյանը: «Ճոյտի» ճակատագիրը պարզ է: Դա դաս է այն բոլոր մարդկանց, ովքեր հույս ունեն, որ այս իշխանության հետ «եղբայրանալ-բարեկամանալ-քավորանալով» հաջողություն կունենան: Չի՛ լինելու: Մի օր նրանք ընկնելու են «Ճոյտի» օրը: Այն մարդիկ, ովքեր փորձում են Քոչարյան-Սարգսյան զույգի արանքը մտնել՝ վերջում հայտնվում են ուրիշ տեղ, նրանց ապագան Աղվան Հովսեփյանի հետ հարցազրույցն է: Ես չգիտեմ՝ Ա. Հովսեփյանի ապագան որտեղ է, բայց մնացածներինը գիտեմ»: Ն. Փաշինյանն էլ սրան հավելեց, թե «Ճոյտն» այսօր իշխանությունների կողմից մերժվածի կարգավիճակում է, որովհետեւ իրեն թույլ է տվել սեփական բիզնեսը կամովին Քոչարյանի զավակին չզիջել:
Ելույթ ունեցած Միքայել Հայրապետյանն ասաց, թե ինքը չի ուզում, որ Քոչարյանը հեռանա. «Ես նրան չեմ ուզում զիջել իմ իրավունքը: Այդ մե՛նք, միասի՛ն պետք է նրան հեռացնենք»: Նա պնդեց, որ Ռ. Քոչարյանն ու նրան սպասարկող ուժերը պետք է կանգնեն դատարանի եւ արդարադատության առաջ, եւ որ նրանց չպետք է թույլ տալ անպատիժ հեռանալ:
Ազատության հրապարակի հարթակի բանախոսներից մեկն էլ Նորայր Նորայրյանն էր, ով հայտարարեց, թե՝ «Քոչարյանի ռեժիմի օրոք Հայաստանը դարձել է կորպորատիվ պետություն, որտեղ ամեն ինչ որոշվում է փողով եւ ավտոմատով: Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի կառավարման ղեկին հայտնվել են մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի, մեր ազգային մշակույթի հետ: Քոչարյանի կառավարած Հայաստանում բոլորիս աչքի առաջ գնդակահարվել են 30-ից ավելի քաղաքական գործիչներ, եւ այդ հանցագործությունների մեծ մասը չի բացահայտվել: Այս անպատժելիության մթնոլորտի պատճառով սափրագլուխը դարձել է անկառավարելի: Վերջին տարիներին ավտոմատներով հարցեր լուծելու ձեւը դարձել է անպատժելի բանդաների անբաժան ուղեկիցը: Հայաստանը դարձել է կրիմինալ ռազբորկաների թատերաբեմ: ԱԺ են ներթափանցել մի քանի տասնյակ թաղային ջոջեր, որոնք օրենսդրական գործունեությունից հեռու են այնքան, որքան Քոչարյանի իշխանությունը՝ օրինականությունից»: Ն. Նորայրյանը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ձայն են տալու «Բարգավաճին», իրականում ձայն են տալու Ռ. Քոչարյանին, իսկ նրանք, ովքեր քվե կտան ՀՀԿ-ին, իրականում քվեարկելու են Ս. Սարգսյանի օգտին: «Մենք ասում ենք՝ վերջ այս երկուսի իշխանությանը, վերջ կրիմինալ թայֆային, վերջ սափրագլուխ խուժանին, վերջ ռոմանտիկ ավտոմատավորներին»,- հայտարարեց բանախոսն ու հավելեց, թե մեր իշխանությունները վախկոտ են ու ինքնասիրահարված: «Ու հիմա այդ ինքնասիրահարվածներին մենք ասում ենք՝ անելու ենք ամեն հնարավորը, որ այս երկրում իշխանության բռնազավթում այլեւս չլինի, եւ «2004-ի ապրիլի 12»-ներ» չլինեն»,- վստահեցրեց նա:
Հանրահավաքից հետո «Այլընտրանքը» ոստիկանների ուղեկցությամբ երթ նախաձեռնեց դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ 2004թ. ապրիլի 12-ի գիշերը ոստիկանությունը դաժանորեն ճնշել էր խաղաղ ցուցարարներին, ապա նաեւ ազատազրկման դատապարտել դատարկ պլաստմասսայե շշով ոստիկանին հարվածած Էդգար Առաքելյանին: Ի նշանավորումն այդ միջադեպի՝ երեկ հանրահավաքի կազմակերպիչները հրապարակ էին բերել «Հեռացնենք միասին. իմպիչմենթ» մակագրությամբ դատարկ պլաստմասսայե մի քանի հարյուր շշեր, որոնք երթի վերջում ամրացրին Բաղրամյան պողոտայի ծառերին ու ԱԺ դարպասներին: Հարկ է, թերեւս, շեշտել, որ երեկվա երթն անցավ առանց միջադեպերի: Իրավապահները չմիջամտեցին անգամ այն ժամանակ, երբ ցուցարարները շշերն ամրացնում էին դարպասների վրա: Ոստիկանները միայն հորդորում էին դրանք ԱԺ դարպասներից ներս չնետել: