Վարչապետին ՀՀ ոստիկանապետի հնարավոր հրաժարականի մասին հարց տալու համար լրագրողին ցանկանում էին տանել ոստիկանություն:
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Առիթն ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ ոստիկանությանը «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի միջոցով ընտրացուցակների գրանցման համակարգի, ինչպես նաեւ՝ ընտրությունների կառավարման բարելավման նպատակով տեխնիկական աջակցության տրամադրումն էր: Ընդհանուր առմամբ, այս աջակցության շրջանակներում տրամադրվելու է 45 համակարգիչ՝ ընտրողների ռեգիստրի թարմացման ու վարման աշխատանքները միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու համար:
Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, թե չափազանց կարեւոր է այս աջակցությունը. «Համարում եմ, որ լավ օրենքի, քաղաքական կամքի հետ միասին՝ կարեւոր տեղ ունի ընտրությունների տեխնիկական ապահովումը: Եվ այսօրվա միջոցառումը հենց ուղղված է դրան: Ես ուրախ եմ, որ նախատեսվում է այսպիսի միջոցառումների երկար շարք, որը հնարավորություն կտա բարելավել ընտրությունների տեխնիկական բազան»:
Այս պահից արդեն՝ նրան ուղղված մնացած բոլոր հարցերը վերաբերում էին քարոզարշավին: Պատասխանելով հարցին, թե արդյոք տարօրինա՞կ չէ, որ ՀՀԿ առաջնորդն ակտիվորեն ներգրավված չէ քարոզարշավում՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ո՛չ, տարօրինակ չեմ համարում: Եվ կարծում եմ, կհամոզվեք, որ շարունակվելու է այսպիսի աշխատաոճը: Ես դասական իմաստով քարոզչությանն ակտիվ մասնակցություն չեմ ունենալու (մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե ՀՀԿ քարոզարշավի ընթացքում ամենամեծ դերակատարությունը ստանձնելու է վարչապետ Սերժ Սարգսյանը.- Ա. Ի.) եւ այս 1 ամսում աշխատելու եմ առավելագույնս ծանոթանալ մեր հանրապետության ու քաղաքացիների խնդիրներին՝ լինելով շրջաններում, գյուղերում: Սա ինձ համար նոր բնագավառ է, եւ կարծում եմ, այս ամսվա ընթացքում ես պաշտպանության նախարարի ակնոցները պիտի փոխարինեմ վարչապետի ակնոցներով: Չեմ ուզում գլուխ գովել, բայց ես հանրապետությունը շատ լավ գիտեմ: Բայց գիտեմ այլ տեսանկյունից: Եվ իմ մոտեցումներով, աշխատանքի նկատմամբ իմ վերաբերմունքով կփորձեմ մասնակցել քարոզչությանը»:
Հարցին ի պատասխան, թե ո՞րն է լինելու ՀՀԿ-ի հիմնական նախընտրական ռազմավարությունը՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Մեր կուսակցությունը, որ արդեն 7 տարի է՝ իշխանության մեջ է ու կառավարություն է կազմել, չպիտի ունենա առանձնահատուկ նախընտրական ռազմավարություն: ՀՀԿ-ն պիտի ունենա մի ռազմավարություն՝ հաշվետվություն տա իր կատարածի մասին եւ ներկայացնի իր տեսակետները խնդիրները լուծելու վերաբերյալ: Եվ մենք այդպես էլ վարվելու ենք»:
«Առավոտի» հարցին՝ «Քարոզարշավի առաջին շաբաթը նշանավորվեց հրկիզումներով, գնդակոծումներով ու պայթեցումներով: Այս ամենը շարունակվելո՞ւ է, թե՞ իշխանությունները ի վերջո ունեն միջոցներ՝ կանխելու նման երեւույթները», վարչապետը պատասխանեց. «Այդպիսի գնահատական չեմ տա, կամ եթե տալու լինեմ՝ որոշակի վերապահումներ պիտի ունենամ: Քանի որ գնդակոծումները, որոնց մասին ասում եք՝ անպայման կապված չեն նախընտրական գործընթացի հետ, որովհետեւ դեռեւս որեւէ մեկը չի ապացուցել: Մեր իրավապահ մարմինները, իշխանություններն ունեն բավականաչափ ռեսուրս, որպեսզի տեղիք չտան ապակայունացման: Ցանկացած երկրում ու հասարակությունում կան հանցագործներ, տեղի են ունենում հանցագործություններ: Կարեւորն այդ հանցագործությունների բացահայտումն է, մեղավորներին պատժելը»:
«Լրագրի» թղթակիցը նկատեց, թե ցանկացած երկրում նման դեպքերին սովորաբար հետեւում են հրաժարականներ, եւ հարցրեց՝ հնարավո՞ր է, որ ոստիկանությունում լինեն կադրային փոփոխություններ: «Ես չեմ ողջունում հրաժարականները,- պատասխանեց վարչապետը:- Կարծում եմ, որ հրաժարականը քաղաքական կատեգորիա է, եւ ոստիկանները երբեք քաղաքականությամբ չպիտի զբաղվեն… Եթե ոստիկանության վերադաս մարմինները համարում են, թե ստորադաս մարմինները ճիշտ չեն կատարում իրենց պարտականությունները՝ ուղղակի նրանց աշխատանքից ազատում են կամ տեղափոխում այլ աշխատանքի»: Նկատենք, որ այս հարցին պատասխանելու պահին Սերժ Սարգսյանի հետեւում կանգնած էր ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Նրա թիկնապահները հետո, առանց որեւէ բացատրության, «Լրագրի» թղթակցից պահանջել են փաստաթղթեր, որոնք նա ներկայացրել է: Դրանից հետո ոստիկանապետի թիկնապահներից մեկը ոստիկանության Արաբկիրի բաժնի մի աշխատակցի հրահանգել է՝ «Տարեք վերեւ, պարզեք»: Սակայն միջամտել է մեկ այլ թիկնապահ. «Կներեք: Հետո»:
Հ. Գ. Վարչապետը երեկ խոստացավ ապրիլի 24-ին բացահայտել պաշտպանության նախարարի անունը. «Ապրիլի 24-ի երեկոյան բոլորդ կիմանաք: Եթե ուզում եք՝ 24-ի կեսօրին կդիմեք, կասեմ»: Նշենք, որ հենց այդ օրն է լրանում Սահմանադրությամբ սահմանված 20-օրյա ժամկետը վարչապետի նշանակումից հետո կառավարություն ձեւավորելու համար: