Ճեպազրույցի «աստղը», ինչպես միշտ, Գալուստ Սահակյանն էր
Թեպետ խորհրդարանական հերթական նստաշրջանը անցած երկուշաբթի, ըստ էության, տեղի չունեցավ եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այս կապակցությամբ հայտարարեց՝ «Կարծում եմ, այս խորհրդարանը իր կարեւոր առաքելությունը կատարեց եւ իր աշխատանքները ավարտում է արդյունավետ քվեարկություններով», ըստ ամենայնի, խորհրդարանից ոմանք դեռ անելիք ունեին, քանի որ, որքան էլ զարմանալի է, երեկ Ազգային ժողովում խորհրդարանական երեք ուժեր՝ Հանրապետականը, «Արդարությունը»՝ հանձին ՀԺԿ-ի, եւ Դաշնակցությունը, մասնակցեցին ԱԺ ճեպազրույցներին: Ճեպազրույցն էլ, անկեղծ ասած, ճեպազրույցի նման չէր, քանի որ լրատվամիջոցների ներկայացուցիչները եւս դրան չէին մասնակցում. բացառությունը մեր թերթն էր ու եւս 3 լրատվամիջոց: Մյուսները երեւի մտածել էին, որ այս խորհրդարանն այլեւս ասելիք էլ չունի։ Իսկ ասելիք կար, եւ, ինչպես լինում է նման դեպքերում, ամենից յուրօրինակը Գալուստ Սահակյանի միտքն էր: Նա, օրինակ, հայտարարեց, որ «վերջում, երբ պիտի բարիքները հավաքվեն, մնում ենք մենակ, կաթի սերը տանում են բոլորը, մնացած պարունակությունը բաժանում են այս կամ այն կերպ եւ դատարկ կաթսան թողնում են Հանրապետականին»։ Պարոն Սահակյանը նաեւ ավելացրեց. «Մենք այդ դատարկին էլ ենք տեր, տեր ենք, որովհետեւ ժամանակները ցույց տվեցին, որ այն քաղաքական ուղղվածությունը, որը բարենպաստ է ազդել մեր հասարակական կյանքի վրա, հետեւանք է Հանրապետականի քաղաքական ըմբռնումների»: Եվ քանի որ, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, ամեն ինչ բեւեռված է ՀՀԿ-ի վրա, ուրեմն հենց ՀՀԿ-ն էլ դառնում է «մեր ժամանակների ժամապահը»:
«Առավոտին» հետաքրքրում էր՝ արդյոք այն, ինչ վերջին օրերին կատարվում է՝ ԲՀԿ գրասենյակների պայթեցումները, կրակոցները, ընդդիմադիր որոշ գործիչների գնահատմամբ՝ ամենաթողության ակտիվացումը, արդյո՞ւնք չեն այն բանի, որ տարիներ շարունակ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտ, որ իրար հետեւից կատարված եւ կատարվող սպանությունները, մանր ու մեծ հանցագործությունները այդպես էլ չեն բացահայտվում, եւ, փաստորեն, այսօր այդ ամենը բումերանգի նման աշխատում է նույն իշխանությունների դեմ: Գալուստ Սահակյանը կատարվածը որակեց որպես ուղղվածություն իրենց քաղաքական հավատամքին. «Նման երեւույթներ, ինչպիսիք եղել են վերջերս, պիտի չլինեն, եւ յուրաքանչյուր նման երեւույթ՝ խոսքը կրակոցների, կուսակցության շտաբների վրա նման վերաբերմունքի մասին է, մենք համարում ենք բացասական իմաստով ուղղվածություն մեր քաղաքական հավատամքին: Դրա համար՝ մեր քարոզչության օրակարգի ամենագլխավոր խնդիրն է, որ մթնոլորտը այնպիսին պահպանվի, որի հետեւանքով կունենանք այն ընտրությունները, որը ակնկալում է մեր ժողովուրդը»: Գալուստ Սահակյանի կարծիքով, կատարվածի պատասխանատվությունը պետք է վերցնեն բոլորը. «Քաղաքական նման ակտիվ պահին նման երեւույթներ են կատարվում, եւ այստեղ ոչ թե պիտի որոնել, թե ով կատարեց, այլ պիտի գտնել պատճառները»: Նույնիսկ նկատեց, որ չի կարող համոզված ասել, որ ավելի կոշտ ու կոպիտ բաներ տեղի չեն ունենա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը մասամբ համամիտ էր մեզ հետ, որ գրասենյակների պայթեցումը եւ այլ հանցագործությունների չբացահայտումը բումերանգի դեր են խաղում, քանի որ տիրում է անպատժելիության մթնոլորտ. «Ինչ-որ տեղ, այո, մենք ժամանակին առաջարկեցինք լսումներ կազմակերպել ծանր հանցագործությունների բացահայտման հարցով, լսումներ եղան: Ես կատարվածը համարում եմ ծանր հանցագործություն, ճիշտ է՝ մարդկային զոհեր չեն եղել, բայց դա ոտնձգություն էր ժողովրդավարության եւ, հետեւաբար, երկրի հեղինակության նկատմամբ»:
ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը համամիտ էր, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Նա միակն էր, որ երեկ հիշեցրեց 2004-ի ապրիլի 12-ի դեպքերի մասին եւ հատուկ շեշտեց. «Ապրիլյան դեպքերի համար պատժվելու ժամանակը գալու է, եւ այն մարդիկ, ովքեր մեղավոր են այս ամենի համար, արժանի պատիժը կրելու են: Նրանք, ովքեր կազմակերպեցին, ովքեր իրականացրին, եւ նրանք, ովքեր պարգեւատրվեցին, բոլորը պատասխանատվություն են կրելու, որեւէ մեկը թող չկասկածի»: Գրիգոր Հարությունյանը հատուկ շեշտեց, որ «արդար եւ ազատ ընտրությունների դեպքում իշխանությունները հինգ տոկոսը հաղթահարելու լուրջ խնդիր կունենան»: