Թենիսի Հայաստանի ֆեդերացիան եւ «Master Class» ակումբն այս տարի բավականին աշխուժացրել են մարզաձեւը հանրապետությունում մասսայականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Նրանք մրցաշրջանը բացեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացներով, որի ավարտին լրագրողները միմյանց միջեւ որոշեցին կորտում լավագույններին: Հիմա «Master Class» ակումբին միացել է նաեւ «Fila» մարզական խանութների ցանցը: Նրանք ֆեդերացիայի աջակցությամբ հանդես են եկել նոր նախաձեռնությամբ: Մայիսի 1-5-ը «Master Class» ակումբի կորտերում կազմակերպվում է «Babolat Cup» անունը կրող սիրողական մրցաշար, որին մասնակցելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող սկսնակները: «Master Class» ակումբի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը ԶԼՄ-ներին տարածած հաղորդագրությունում տեղեկացնում է, որ կազմակերպիչները 1-ին տեղը գրավողի համար սահմանել են $1000-ին համարժեք դրամի մրցանակ: 2-րդ տեղը զբաղեցնողը կստանա «Babolat» ապրանքանիշի թենիսի ռակետ, իսկ 3-րդ մրցանակակիրը՝ «Fila» ապրանքանիշի մարզահագուստ: