Գարուն է: Գարուն, որը ջերմացնում է, գարուն, որը ծաղիկներ է բերում եւ տալիս այն, ինչը չի կարող տալ տարվա որեւէ եղանակ:
Այո, գեղեցիկ է հայաստանյան գարունը, սակայն այս ամենից զատ բարձրացնելով գլուխդ, հանդիպում ես իրական եւ ոչ հաճելի մի փաստի՝ ընտրություններ:
Ընտրություններ, որոնք կատաղի պայքար են խոստանում քաղաքական օղակներում: Լուրջ պայքար է լինելու նաեւ թիվ 5 ընտրատարածքում, որտեղ իրենց թեկնածություններն են առաջադրել Համլետ Հովսեփյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թաթուլ Մանասերյանը, Լեւոն Սարգսյանը եւ Հայկ Բաբուխանյանը:
Թիվ 5 ընտրատարածքը բավականին մեծ տարածք է եւ ունի մոտ 58000 ընտրող, այսինքն՝ նույնքան էլ խնդիրներ, եւ միայն համայնքների հետ համագործակցելու շնորհիվ կարելի է հասնել խնդիրների նվազեցմանը:
Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ժողովուրդը վերապրում է այս նույն օրերը. լսելով բազմաթիվ խոստումներ, բազմակետանոց ծրագրեր, որոնք հօդս են ցնդում ընտրվելուց հետո:
– Իսկ հիմա պետք չեն դատարկ խոսքեր, գեղեցիկ ու գունեղ բառեր. այդ ամենից բոլորն արդեն հոգնել են, այժմ աշխատելու ժամանակն է:
Համլետ Բալաբեկի Հովսեփյանը ծնվել ու հասակ է առել այս տարածքում՝ Դավիթաշեն համայնքում: Ծառայել է խորհրդային բանակում, որից հետո ընդունվել եւ գերազանց ավարտել է Խարկովի իրավաբանական ինստիտուտը՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:
1979թ. աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի դատախազ:
1982թ. ընտրվել է Օրջոնիկիձեի ժողդատավոր:
1990թ. հիմնել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպությունը եւ իր կազմի տղաների հետ մասնակցել է Երասխավանի մարտերին:
1990թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, այնուհետեւ ղեկավարել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորականների խումբը:
1997-99թթ. աշխատել է ՀՀ դատախազության քննչական վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
2000թ. հիմնել է Ազատամարտի Վետերանների Միությունը (ԱՎՄ), որն էլ ղեկավարում է մինչ օրս:
2003թ. նշանակվել է Շիրակի մարզի գլխավոր դատախազ, այնուհետեւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի գլխավոր դատախազ:
ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հրամանագրերով պարգեւատրվել է «Արիության» եւ մի շարք այլ մեդալներով ու պատվոգրերով:
Նա միշտ օգնել ու աջակցել է այն կարիքավոր մարդկանց, որոնք տարբեր հարցերով դիմել են իրեն:
Կարծում եմ, նման լուրջ ճանապարհ անցած մարդը միայն կարող է իր մեծ դերն ունենալ քաղաքացիական հասարակարգ ձեւավորելու հարցում:
Ուղղորդվելով այն կարգախոսով, որը որդեգրել է պրն Հովսեփյանը՝ «Անարդարության դեմ պայքարենք միասին», նա ակնկալում է ժողովրդի միասնությունն ու վստահությունը, քանզի միայն բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների եւ քաղաքական այլ ուժերի համախմբման շնորհիվ կարող ենք պայքարել անարդարության ու կեղծիքների դեմ:
– Համոզված եմ,- ասում է պրն Հովսեփյանը,- որ բարոյական ու հոգեւոր արժեքային համակարգի առկայության դեպքում կարելի է հասնել մեր առջեւ դրված նպատակներին:
Ուրեմն վստահենք, լինենք միասին, եւ արդյունքը երկար սպասել չի տա:
Գարուն է:
Գեղեցիկ ու մեղմ գարուն, թող այս գարունը լինի նոր սկիզբը այն բարեկեցիկ ապագայի, որը լինելու է բոլորինս: