Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարները խուսափեցին հրապարակային «առերեսումից»

Ապրիլ 13,2007 00:00

\"\"Մարդկանց վտարել են՝ առանց պայմանագրերի

Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի հերթական ակցիան էին կազմակերպել «Պետական կարիքների զոհեր», «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպությունների անդամները, Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանց միացան նաեւ ՀՀ քաղավիացիայի աշխատակիցները, որոնք «Առավոտին» փոխանցեցին, որ 39 ստորագրությունով նամակ են փոխանցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին:

Կառավարության նիստի շտապող նախարարները ուղիղ գծով մտնում էին շենք, խուսափելով որեւէ քաղաքացու հետ հրապարակային «առերեսումից»: 100-ից ավելի ֆիրդուսցիներն էին, նույնքան՝ Հյուսիսային պողոտայից քշվածները, Բուզանդի, Արամի փողոցների նախկին սեփականատերերը: «Պետական կարիքների զոհեր» եւ «Սեփական իրավունքի պաշտպանություն» հ/կ-ների նախագահներ Վաչագան Հակոբյանը եւ Սեդրակ Բաղդասարյանը շնորհավորել էին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակումը, ապա խնդրել նրանից՝ ընդունել իրենց կողմից լիազորված ներկայացուցիչներին, կապված կենտրոնի բնակիչների իրավունքների խախտման, կառավարության եւ քաղաքապետարանի հակասահմանադրական (վկայակոչել էին 2006թ. ապրիլի 18-ի Սահմանադրական դատարանի 630 որոշումը) որոշումների արդյունքում սեփականությունից իրենց ապօրինաբար զրկելու հետ: Նրանց մոտեցավ կառավարության ներկայացուցիչը՝ տարածքային կառավարման վարչության մասնագետ Ալեքսան Ղազարյանը, որը խոստացավ նախկին «հյուսիսաբնակների» հարցին դրական լուծում տալ: Կենտրոնի նախկին բնակիչներից Ա. Մեսրոպյանը «Առավոտին» ասաց, որ դատարաններն իրենց օգտին որեւէ հարց դրական չեն լուծել: Պայմանագիր կնքողներից մեկն էլ բերեց Լալայանց 24 հասցեում ԴԱՀԿ-ի եւ քաղաքապետարանի աշխատակիցների վայրագության այն օրինակը, երբ ռետինե մահակով հարվածել էին 10-ամյա երեխայի գլխին եւ երեխայի ոտքերն այսօր էլ անզգայացած են:

Ֆիրդուսի թաղամասի բնակիչները խնդրում էին Ս. Սարգսյանից՝ Կոնդի, Կոզեռնի տարածքների «նախադեպով» իրենց թաղամասի բնակիչներին հնարավորություն տալ սեփականացնելու 80 եւ ավելի տարիներ տիրապետվող անշարժ գույքը՝ բնակարանները, կից տարածքները, հողամասերը, ավտոտնակներն ու օժանդակ շինությունները: Իրենց բնորոշմամբ՝ Ֆիրդուսի թաղամասը այսօր պատրաստ չէ իրացման գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել