Այսպես է կարծում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը
– ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ավելի ու ավելի են լարվում եւ ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ է խլելու ոչ թե ընդդիմությունից, ինչպես որ ենթադրվում էր, այլ՝ Հանրապետականից:
– Կարծում եմ, այս «կանխատեսումները» մեկ նպատակ ունեն՝ լարվածություններ ստեղծել Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, հուսով եմ՝ սա չի հաջողվի: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ ընտրությունները իսկապես անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան. սա երկրի համար ունի բացառիկ նշանակություն: Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում ստանալիք տեղերին, ապա համոզված եմ, որ ինչպես նախորդ երկու ընտրություններից հետո, այս անգամ եւս խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա առավել թվով պատգամավորներ:
– Դուք ամեն առիթով շեշտում եք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կարեւորությունը, նույնը ասում են իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, սակայն նախքան ընտրությունները՝ արդեն մթնոլորտը լարված է, եւ նման լարվածություն երեւի չի եղել, նկատի ունեմ ե՛ւ թիվ 19 ընտրատարածքում կատարվածը, ե՛ւ Արմավիրի ընտրությունները, ե՛ւ էլի մի շարք հայտնի եւ անհայտ միջադեպեր:
– Ճիշտն ասած, ես հակառակ կարծիքն ունեմ, ինչքան էլ դա տարօրինակ թվա: Գուցե շատերը հիմա չեն հիշում 2003-ի ընտրությունները, այնուամենայնիվ, ես ավելի քան համոզված եմ, որ լարվածությունը այն ժամանակ ավելի շատ էր, քան այժմ: Ինչ վերաբերում է Արմավիրի քաղաքապետի ընտրությանը, ապա հենց այդ ընտրությունը ցույց տվեց, որ կա վճռականություն լավ ընտրություն անցկացնելու համար: Իսկ 19-րդ ընտրատարածքում իսկապես անցանկալի դեպքեր եղան, սակայն հուսով եմ, որ մյուսներում նման բան չի լինի, իսկ դրա համար շատ կարեւոր է, որ իրավապահ մարմինները շատ արագ պարզեն այդ մի քանի միջադեպերի պատճառները եւ մեղավորներին:
– Դիտորդական առաքելությունների մի մասն արդեն սկսել է նախընտրական իրավիճակի մոնիթորինգը, եւ արդեն որոշ գնահատականներ տրվել են, դուք՝ որպես ԱԺ նախագահ, հանդիպե՞լ եք իրենց, եւ եթե այո, հատկապես ինչի՞ վրա են իրենք ուշադրություն հրավիրել:
– Իրենց հետ հանդիպումները նախատեսված են այսօր երեկոյան, մյուս օրը եւս մի քանի հանդիպում կլինի, հուսով եմ՝ բոլոր մտահոգիչ երեւույթները, եթե դրանք կան եւ իրենք արձանագրել են, անպայման կներկայացվեն: Միջազգային դիտորդների հետ կար պայմանավորվածություն՝ ԱԺ-ում ստեղծել աշխատանքային խումբ, որը պիտի ակտիվ կապի մեջ լինի դիտորդական առաքելության հետ: Առաջիկայում մեխանիզմների մասին հստակ պայմանավորվածություն կլինի, եւ երկուշաբթի օրվանից արդեն կսկսվի ակտիվ աշխատանքը: Մի քիչ տարօրինակ կլինի, եթե որեւէ մեկը մտածի, որ ընտրությունները կարող են ընթանալ առանց ինչ-ինչ թերությունների, խնդիրը մեկն է՝ պետք է արագորեն պարզել այդ թերությունների առկայությունը եւ արագորեն դրանք շտկել, որ գործընթացի վրա դրանք ազդեցություն չունենան, եւ սա միանգամայն հնարավոր է:
– Սերժ Սարգսյան՝ ՀՀԿ խորհրդի նախագահ, կուսակցության նախագահի պաշտոնակատար, ՀՀ վարչապետ, նաեւ 2008 թվականին ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու. դուք ինչպե՞ս եք նայում այս իրավիճակին:
– Քայլերը, որոնք վերջին շրջանում արվել են, միանգամայն բնական են. Սերժ Սարգսյանը մեր նորանկախ պետության գրեթե ամբողջ պատմության ընթացքում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել երկրի կառավարման համակարգում, մասնավորապես՝ կառավարությունում, եւ կարծում եմ, միանգամայն բնական էր, որ հենց նրա թեկնածությունը պետք է առաջարկվեր Հանրապետական կուսակցության կողմից երկրի վարչապետի պաշտոնի համար: Ավելին, հաշվի առնելով այն ավանդույթները, որ գործում են Հայաստանում 99-ից սկսած, այսինքն՝ ըստ էության, վերջնականորեն հստակեցվեց, որ կառավարության անդամների պաշտոնները քաղաքական պաշտոններ են եւ քաղաքական ուժերն են առաջարկություններ ներկայացնում: Հաշվի առնելով ե՛ւ փորձառությունը, ե՛ւ անցած ճանապարհը, ե՛ւ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նախագահն է, իսկ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո՝ նաեւ մեր կուսակցության նախագահի պաշտոնակատարը, կուսակցության կանոնադրության համաձայն, միանգամայն տրամաբանական էր, որ ՀՀԿ-ն հենց Սերժ Սարգսյանին առաջադրեց վարչապետի պաշտոնում:
– Իսկ հարցիս հաջորդ մասը՝ ՀՀԿ-ն կառաջադրի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2008-ի նախագահական ընտրություններին:
– Պարոն Սարգսյանը մի քանի առիթով ասել է, թե ճիշտ է համարում, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ խոսակցությունները սկսվեն խորհրդարանական ընտրություններից հետո, ես լիովին կիսում եմ այս տեսակետը: Իհարկե, մեկ տարի էլ չի մնալու մինչեւ նախագահական ընտրություններ, եւ քաղաքական այս ստուգատեսի արդյունքները քաղաքական ուժերի եւ նրանց թեկնածուների համար կարեւոր փորձություն են լինելու: Բայց մյուս կողմից կարեւոր է, որ խորհրդարանական ընտրությունները դիտարկվեն որպես երկրի համար եւս կարեւոր իրադարձություն, որովհետեւ նախ՝ սահմանադրական փոփոխություններից հետո առաջին խորհրդարանական ընտրություններն են, որից հետո ձեւավորված ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանը ունենալու են ավելի կարեւոր դերակատարություն, քան ունեցել են մինչ այժմ:
Հ.Գ. Հարցազրույցը պատրաստվել էր չորեքշաբթի օրը, երբ դեռ չէին պայթեցվել ԲՀԿ գրասենյակները: