Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը երկիրը դարձրել է շագրենի կաշի

Ապրիլ 13,2007 00:00

«Եթե սա հանդուրժենք, հանրապետությունից ոչինչ չի մնա»,- երեկ հայտարարեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ
Գեղամ Հարությունյանը:

Հայաստանյան ընդդիմության թերեւս ամենաարմատական ուժը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ իր առաջին հանրահավաքն անցկացրեց Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում: Կուսակցության քարոզարշավը հե՛նց այդ հրապարակից մեկնարկելու իր որոշումը Ա. Սարգսյանն այսպես բացատրեց. «Այս հրապարակում մենք կիսատ գործ ենք թողել: Երեք տարի առաջ էլ դեմոկրատական հեղափոխության հարցն այստեղ բարձրացրինք, եւ այսօր էլ այն քաղաքական օրախնդիր է»:

Կուսակցությունը հավաստիացրեց, թե ընտրությունների է գնում միանշանակորեն հաղթելու պատրաստակամությամբ: Հանրահավաքի բանախոսները շեշտում էին. «Մեր ստացած յուրաքանչյուր ձայնի վրա գրելու ենք «Ռոբերտ, հեռացիր» կարգախոսը»: Իսկ եթե օրինականությունը «քվեատուփերով չհաստատվի՝ ժողովրդական ընդվզում է լինելու»:

«Ես ձեզանից մեկն եմ, ժողովո՛ւրդ: Մեր փոխարեն ո՛չ Արեւելքը, ո՛չ Արեւմուտքը չի անելու, ժողովո՛ւրդ, սա մեր երկիրն է, ժողովո՛ւրդ: Սրա տերը մենք ենք, ժողովո՛ւրդ»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Արամ Սարգսյանը: Նրա մատուցմամբ, այսօրվա իշխանությունների կողմից նորօրյա մեր հերոսներն իրականում հակահերոսներ են, որովհետեւ, երբ «երեխային ասում ես լավ սովորի, նա սկսում է հարցնել՝ բա որ էսօր մեր ամենահարուստ մարդը, որ էսօր բարգավաճում է, լավ է՞ սովորել»:

Կուսակցության ղեկավարները հայտարարեցին, թե իրենց համար պատգամավորի մանդատը «ժողովրդին իշխանությունը վերադարձնելու նպատակ ունի»:

«Ասում են՝ ընդդիմությունը ծրագիր չունի: Սո՛ւտ են ասում»,- իր ելույթում ասաց «Հանրապետության» ղեկավար անդամ, մայրաքաղաքի նախկին ոստիկանապետ եւ քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը եւ հավելեց. «Բայց ծրագրային դրույթները հրապարակ հանելուց առաջ այլ խնդիր ունենք… Ամենապայծառ գաղափարը սեփական երկրին տեր դառնալն է, ինչը կարելի է միայն իրականացնել այս հանցագործ ռեժիմը երկրից հեռացնելով»:

Կուսակցության ներկայացուցիչները նաեւ համոզմունք հայտնեցին, թե Հայաստանում «էվոլյուցիոն զարգացում չի կարող լինել», «Հայաստանում իրավիճակը միայն դեմոկրատական հեղափոխությունը կարող է փոխել»:

Հանրահավաքի իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը հայաստանյան քաղաքական ուժերը բաժանեց երեք խմբի՝ իշխանական, իշխանամերձ (ներառյալ որոշ «սուտ ընդդիմադիրները») եւ իրական ընդդիմադիր: Այս վերջիններս «հինգ տոկոս ստանալով՝ երբեք չեն բավարարվի», չեն ուզի «իշխանական դրախտում մի անկյուն էլ իրենք փախցնեն»: Գ. Հարությունյանը նաեւ սպառնաց, որ եթե նրանք՝ այդ «ընդդիմադիրները» ժողովրդական ընդվզմանը չմասնակցեն, շարունակեն իշխանությանը հաճոյանալու իրենց քաղաքականությունը՝ բոլորի անունները հրապարակելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել