Երեկ ընդդիմադիրներն այսպես էին մեկնաբանում ԲՀԿ երկու նախընտրական շտաբներում եղած պայթյունները
Երեկ գիշեր անհայտ անձի կամ անձանց կողմից դեռեւս չպարզված հանգամանքներում պայթեցվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբները: Դրանցից մեկը գտնվում է Քանաքեռ-Զեյթունում՝ Դավիթ Անհաղթի անունը կրող զբոսայգում, որտեղ տեղակայված է պատգամավորության ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի՝ «Տոնուս Աշոտի» նախընտրական շտաբը: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 03:20-ին:
Նույն գիշեր, ժամը 5:30-ի սահմաններում, պայթեցվել է նաեւ Ավան համայնքի Նարեկացի 39 հասցեում գտնվող ԲՀԿ-ի նախընտրական շտաբը: Վերջինս գտնվում է բարձրահարկ շենքի առաջին հարկում՝ «Փարվանա Ա.Ս.» մթերային խանութի տարածքում, որի հարեւանությամբ նաեւ գործող դեղատուն կա: Այս դեպքում պայթուցիկը տեղադրված է եղել խանութի հարթակի վրա: Երկու դեպքերի առնչությամբ էլ Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք համայնքների ոստիկանության քննչական բաժիններում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ Քր.օր.-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երեկ ե՛ւ Քանաքեռ-Զեյթունի, ե՛ւ Ավանի շտաբների պատասխանատուները հրաժարվեցին դեպքերի առնչությամբ որեւէ մեկնաբանություն անել կամ կրած նյութական վնասների մասին խոսել՝ հորդորելով մեր բոլոր հարցերն ուղղել ԲՀԿ ղեկավարությանը:
Կատարվածին ամենաօպերատիվն արձագանքել էր երկրի նախագահը, ով դատապարտել էր կատարվածն ու հանձնարարականներ տվել իրավապահ մարմիններին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացված պայթյունները բացահայտելու, նաեւ առաջիկայում նման դրսեւորումները կանխելու համար», հանցագործությունը գնահատել էր որպես՝ «իրավիճակը ապակայունացնելու, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու փորձ»: Համանման մի հայտարարությամբ էլ հանդես էր եկել նաեւ ՀՀ ԿԸՀ-ն՝ արձանագրելով, որ ԲՀԿ-ի գրասենյակների նկատմամբ կատարված ոտնձգությունը ընտրությունների ընթացքում անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու փորձ է: Հատկանշականն այն է, որ ԿԸՀ-ն ոչ միայն նույն օպերատիվությամբ, այլեւ ընդհանրապես չէր արձագանքել ու չէր դատապարտել օրեր առաջ Էջմիածնում պատգամավորության երկու թեկնածուների դեմ կիրառված բռնարարքը:
Ինքը՝ ԲՀԿ-ն, հայտարարությամբ հանդես եկավ ավելի ուշ՝ արձանագրելով, որ իր գնահատմամբ, այդ ոճրագործությունն ուղղված է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլեւ ամբողջ երկրի դեմ, եւ շեշտելով, որ «… ընտրությունների քարոզարշավի օրերին սա մի փորձ է ապակայունացնելու իրավիճակը, տեղափոխելու քաղաքական պայքարը այլ հարթություն: Մենք դիմում ենք երկրի իրավապահ մարմիններին՝ պահանջելով անել հնարավորը հանցագործներին հայտնաբերելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար»: ԲՀԿ-ն նաեւ հայտարարել էր, թե՝ «կուսակցությանն իր ընտրած ճանապարհից շեղելու, շարքերում վախ սերմանելու բոլոր, այդ թվում՝ նման ծայրահեղական փորձերը դատապարտված են ձախողման»:
Կատարվածին արձագանքել են նաեւ իշխանական մյուս երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, որը դատապարտելով կատարվածը՝ այն համարել էր «ստոր քայլ՝ ուղղված հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի, մեր երկրի ու մեր ժողովրդի ապագայի դեմ», իսկ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հավելել է, որ կատարվածն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ: «Մենք կոչ ենք անում երկրի քաղաքական ուժերին՝ չենթարկվել թափթփուկների ու քրեական խմբերի սադրանքներին, օգտագործել համագործակցության ամեն մի հնարավորություն՝ հանուն առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը եւ իրավապահներից պահանջել ավելի զգոն լինել «երկրի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում»:
Երեկ ընդդիմադիր ու իշխանական կուսակցությունները կատարվածը փորձում էին բարդել միմյանց վրա: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ պայթյունները ներիշխանական պայքարի արդյունք են, իսկ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները, օրինակ՝ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանն ակնարկելով ընդդիմությանը՝ հայտարարում էր, թե համաձայն չէ որոշ ընդդիմադիր գործիչների պնդումների հետ, որ պայթյունները իշխանությունների ձեռքի գործն են: Ըստ նրա՝ երկրում իրադրության ապակայունացումը, դրա սրումը ձեռնտու է այն ուժերին, որոնք ընտրություններից հետո կհայտարարեն դրանց կեղծման եւ անօրինականության մասին. «Հենց Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս նման ուժերը բավական շատ են»:
Ի դեպ, «դրսի ուժերի» շահագրգռության մասին մեզ հետ զրույցում ակնարկեց նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, ով նախ՝ հիշեցրեց իր մի կանխատեսումը, թե ընտրությունների ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակներն անխուսափելի են լինելու: Նա միաժամանակ կատարվածի երեք հնարավոր վարկածներ մատնանշեց. «Կատարվածում մի քանի շահագրգիռ կողմեր կան. կարող են ներքին, ներիշխանական որոշ ուժեր եւ թեւեր լինել, որոնք կուզեին, որ ընտրությունները կայացած չլինեն, բայց դա ոչ մի կերպ ընդդիմադիր դաշտի ուժերին չի վերաբերում: Կարող է նաեւ, որ իշխանության մի թեւին արդեն զզվեցրած լինի ԲՀԿ-ի քայլերը, եւ դրանով փորձեն կասեցնել այդ կուսակցության առաջխաղացումը: Երրորդ վարկած. կարող է լինել արտաքին որոշ ուժերի շահագրգռվածությունը, որոնց նպատակն է զարգացումները Հայաստանում տանել այլ հունով: Այսինքն՝ ՀՀ-ում ընտրությունները չեղյալ հայտարարել դեռ մինչեւ մայիսի 12-ը»: Նա անտրամաբանական համարեց այն վարկածը, թե կատարվածը ԲՀԿ-ն ինքն է կազմակերպել սեփական վարկանիշը բարձրացնելու համար. «Սա այն դեպքը չէ, որ կարող էր ԲՀԿ-ի վարկանիշը բարձրացնել: Հակառակը՝ ցրում է նրանց ամենահզորն ու ամենակարողը լինելու պատրանքը»:
Իսկ նման վարկածներ երեկ շրջանառվում էին, որոնց ի պատասխան՝ ԲՀԿ մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանն ասել էր, թե նման բան մտածողները հոգեկան հիվանդներ են:
Կատարվածը մեր խնդրանքով մեկնաբանեցին, նաեւ դատապարտեցին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնց մեծ մասը եւս անտրամաբանական համարեց տեղի ունեցած պայթյունները ԲՀԿ կողմից կազմակերպված լինելու հնարավորությունը: Միաժամանակ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե դա ներիշխանական ու ավանդույթ դարձող կռիվ է: «Շատ հստակ կարող եմ ասել, որ դա ընդամենը ուժի եւ մեծ իշխանություն ունենալու արդյունք է»:
Միայն ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էր, որ չբացառեց այդ տարբերակը: Հիմք ընդունելով ԲՀԿ-ի հայտարարությունը, որտեղ հնարավոր մեղավորների անուններ մատնանշված չեն՝ նա ասաց. «Այդ դեպքում, ցավոք, կարելի է կասկածել, որ դա «PR»-ի միջոց է»: Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե կոնկրետ ու հավանական մեղավորների մատնացույց անելու դեպքում ԲՀԿ-ն խախտած կլիներ անմեղության կանխավարկածը՝ ՆԺԿ նախագահը նկատեց. «Հայաստանում ընդդիմությունը որեւէ բան պայթեցնել չի կարող, որովհետեւ նրա շուրջն այնքան ագենտներ կան, որ ուզենա էլ՝ չի կարող անել: Մնում է եզրակացնել, որ դա արել է կա՛մ կրիմինալը, կա՛մ իշխանությունը, իսկ ինձ համար կրիմինալն ու իշխանական վերնախավը նույնացված են»: Ա. Կարապետյանը նաեւ հավաստիացրեց, որ այդ հանցագործությունն էլ չի բացահայտվի, չնայած՝ «եթե ոստիկանությանը թույլ տային բացահայտել՝ կբացահայտեր, բայց քանի որ կատարվածը քաղաքական ու իշխանական պատվեր է՝ ոչինչ էլ չի բացահայտվի»: Նման կարծիք հայտնեցին մեր զրուցակից բոլոր ընդդիմադիրները: