Վստահեցնում է ընտրությունների օրինականությունը վերահսկող ՀՀԿ շտաբի պատասխանատու, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
– Շուրջ մեկ շաբաթ առաջ Դուք ազդարարեցիք, թե ՀՀԿ-ն պատրաստվում է ստեղծել շտաբ, որ կարողանա շատ արագ արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին: Արդեն իսկ արձանագրվել են խախտումներ: Շտաբն ինչպե՞ս է արձագանքել դրանց:
– Յուրաքանչյուր դեպք, որ մեզ հայտնի է դառնում՝ ենթակա է լինում ստուգման: Եվ եթե տեսնում ենք մտահոգվելու առիթ կամ համարում ենք, որ իսկապես տեղի են ունեցել խախտումներ, ապա անմիջապես կուսակցական գծով հանձնարարականներ են իջեցվում համապատասխան անձանց:
Բացի դրանից՝ նաեւ կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկում, հրահանգներ են ՀՀԿ-ի կողմից իջեցվում տեղերին, որ բացառենք խախտումները:
– Որոշակիացրեք՝ ի՞նչ փաստերի եք արձագանքել:
– «Ընտրական օրենսգիրքն» ունի ոչ հստակ որոշ նորմեր, որոնք հանգեցնում են տարաբնույթ մեկնաբանությունների: Մասնավորապես, համայնքապետի պաշտոնը չի համարվում քաղաքական կամ հայեցողական: Այնուամենայնիվ՝ ժողովուրդը նրանց ընկալում է իբրեւ քաղաքական պաշտոն զբաղեցնողների:
«ԸՕ»-ն որոշակի սահմանափակումներ է նախատեսում քաղաքական պաշտոնների համար: Ու թեեւ զուտ իրավական առումով դրանք չեն տարածվում համայնքապետերի վրա, քայլեր ենք ձեռնարկել, որ նրանք զերծ մնան նման գործողություններից (թերեւս խոսքը քարոզչությանը մասնակցելու մասին է.- Ա. Ի.), որ հասարակական ընկալումը լինի ավելի պատշաճ:
– Իսկ «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակների պայթեցումների փաստերը քննելո՞ւ է ընտրությունների օրինականությունը վերահսկող ՀՀԿ շտաբը:
– Ո՛չ, սա բացառապես իրավապահների գործն է: Այլ խնդիր է, որ մենք քաղաքական գնահատական ունենք տալու: Մենք համարում ենք, որ սա որեւէ մի կուսակցության դեմ ուղղված քայլ չէ՝ սա հարված է մեր պետականությանը, քանի որ ընտրական գործընթացը հույժ կարեւոր է, եւ դրա պատշաճ իրականացումն իսկապես պետության խնդիրն է:
– Խախտումների մեծամասնությունը կապվում է հենց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ: Եվ մի քիչ արտառոց չի՞ լինի, եթե անձնագրեր հավաքելու կամ այլ ապօրինությունների կապակցությամբ որեւէ մեկը բողոքի հենց ՀՀԿ-ին:
– Շատ բնական կլինի, քանի որ անձնագրերի հավաքումը մենք համարում ենք անընդունելի երեւույթ: Ավելին՝ դա ՀՀԿ դիրքորոշումն է: Եվ չենք բացառում, որ որոշ անձինք տեղերում կարող են իսկապես հանկարծ որոշել մատուցել «արջի ծառայություն»: Սա «արջի ծառայություն» է, որը գնահատական է ստանալու կուսակցական գծով, եւ եթե պարունակի տարրեր, որոնք ենթադրում են այլ ներգործության միջոցներ, ապա ՀՀԿ-ն այդ առումով բաց է եւ պահանջելու է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ անձանց նկատմամբ:
– Դուք նաեւ նշել էիք, թե շաբաթն առնվազն 2 անգամ հանդիպելու եք ընտրությունների ընթացքին հետեւող դիտորդների հետ՝ արձանագրելու գրանցված խախտումները: Արդեն եղե՞լ են նման հանդիպումներ:
– Եղել են եւ շարունակվելու են: Ասենք, ապրիլի 13-ին ընդունելու ենք ԵԱՀԿ ԽՎ դիտարկման առաքելությանը եւ ԵԽԽՎ Հայաստանում ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակությանը: Նաեւ դիմել ենք դիտորդներին, որ եթե հանդիպում են խախտումների կամ անգամ կասկածներ ունեն, թե առկա են խախտումներ՝ անհապաղ մեզ տեղեկացնեն, որ կարողանանք արձագանքել: Ամենամեծ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում անգամ հնարավոր չէ բացառել, թե կլինեն խախտումներ, բայց շատ կարեւոր է, որ դրանք ժամանակին արձագանք ստանան:
– Գլխավոր դատախազի հրամանով ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներն օպերատիվ քննարկելու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր: Արդյոք դրանց առկայության դեպքում այն շտաբը, որ ստեղծել է ՀՀԿ-ն, արդեն չի՞ դառնում ավելորդ:
– Մեր հիմնական խնդիրը կանխարգելումն է, բացատրական աշխատանքը եւ զուտ կուսակցական հրահանգները: Իսկ դատախազությունն իրավապահ գործունեություն է իրականացնում եւ արձագանքում խախտումներին: Բայց դա չի նշանակում, թե մենք այսուհետ չենք արձագանքելու խախտումներին, քանի որ կան խախտումներ, որոնք չեն ենթադրում իրավապահ մարմինների միջամտություն, բայց այնուամենայնիվ՝ ենթադրում են որոշակի միջամտություն: Դա էլ հենց կլինի կուսակցական միջամտությունը:
– Ձեր նախկին պարզաբանումներից չէր հետեւում, թե սահմանափակվելու եք զուտ կուսակցական միջամտությամբ: Նշել էիք, թե կառավարությունից պահանջելու եք քայլեր ձեռնարկել այդ խախտումների ուղղությամբ:
– Խոսքն այն խնդիրների մասին է, որոնք դատախազության ոլորտում չեն: Օրինակ՝ պետք է հատկացվեն տարածքներ պաստառներ փակցնելու համար, եւ եթե Երեւանում կամ որեւէ մարզում չեն հատկացվել համապատասխան տարածքներ, սա բացարձակապես գործադիրի խնդիրն է: Մենք, որպես կուսակցություն, այդ կապակցությամբ խնդիր ենք դնում մեր իսկ կողմից ձեւավորված՝ կոալիցիոն կառավարության առջեւ: Եվ կառավարությունն օգտագործում է արդեն գործադիր լծակները, որ կարգավորի իրավիճակը:
Հ. Գ. Պաստառներ փակցնելու համար տարածքներ չտրամադրելու կապակցությամբ բողոքով «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին: Թերեւս գլխի չեն ընկել, որ ավելի արդյունավետ կլիներ ՀՀԿ-ին դիմելը: