Երեկ Դրեզդենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 8-րդ անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին պայքարը: Մնացած չորս տուրերը խոստանում են լինել ավելի հետաքրքիր, քանի որ ամեն մի աննշան վրիպում կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուր մասնակցի համար:
Եթե կանանց մրցաշարում գրեթե ոչ ոք չի կասկածում կայացած բոլոր յոթ տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւայի հաղթանակին, արծաթե եւ բրոնզե մեդալների ճակատագիրը դեռ անհայտ է: Դրանց համար պայքարում էր 5,5-ական միավոր վաստակած յոթ շախմատիստուհի, որոնց մեջ է նաեւ հայաստանցի գրոսմայստեր, Եվրոպայի ակումբային չեմպիոն Էլինա Դանիելյանը: Սակայն պայքարին միջամտել կարող էր եւս տասը շախմատիստուհի, ովքեր իրենց անվան դիմաց գրանցել են 5,0-ական միավոր:
Երեկ կայացած ութերորդ տուրում Էլինան սեւերով խաղալու էր Թուրքիայի ներկայացուցիչ Եկատերինա Աթալիկի հետ: Մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելու համար պայքարում են նաեւ մեր հանրապետության մյուս երկու շախմատիստուհիները՝ գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, ում մրցակիցը գերմանուհի Վերա Յուրգենսն էր, եւ Հայաստանի չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանը (նա սպիտակներով խաղալու էր ռումինացի Սաբինա-Ֆրանսիսկա Ֆուազորի հետ):
Ավելի համառ պայքար է ընթանում տղամարդկանց մրցաշարում: Այստեղ միանձնյա առաջատարը ռուսաստանցի Անդրեյ Վոլոկիտինն է՝ 6,0 միավորով: Սակայն նրանից ընդամենը կես միավոր պակաս ունի միանգամից չորս գրոսմայստեր: Ավաղ, նրանց մեջ բացակայում են Հայաստանի պատվիրակները: Յոթերորդ տուրից հետո մեր տղաներից լավագույն ցուցանիշն ուներ Արտաշես Մինասյանը: Նա 4,5 միավորով 54-րդն էր: Երեկ հայաստանցի շախմատիստները կազմել էին հետեւյալ զույգերը. Մեելիս Կանեպ (Էստոնիա)-Արտաշես Մինասյան, Բորկի Պրեդոժեւիչ (Բոսնիա եւ Հերցեգովինա)-Արման Փաշիկյան, Զորան Ջովանովիչ (Խորվաթիա)-Տիգրան Լ. Պետրոսյան, Գաբրիել Սարգսյան-Դմիտրի Ֆլորիանով (Ռուսաստան), Քրիստիան Բաուեր (Ֆրանսիա)-Զավեն Անդրիասյան, Սեբաստիան Մազե (Ֆրանսիա)-Ռաֆայել Վահանյան, Կարեն Ասրյան-Մաթիաս Վոմաչկա (Գերմանիա), Իվան Սարիչ (Խորվաթիա)-Տիգրան Քոթանջյան, Իոաննիս Գեորգիդիս (Հունաստան)-Աշոտ Անաստասյան:
Դրեզդենում տարբեր երկրների դրոշների ներքո նույնպես հանդես են գալիս հայազգի շախմատիստներ: Մասնավորապես՝ Վրաստանը ներկայացնում է Դավիթ Հարությունյանը, ով յոթ տուրից հետո 5,0 միավորով եզրափակում էր առաջատարների տասնյակը: Սերգեյ Մովսիսյանը՝ Սլովակիայից, եւ Սերգեյ Գրիգորյանցը՝ Ռուսաստանից, 4,5-ական միավորով ընթանում էին, համապատասխանաբար, 58-րդ եւ 90-րդ հորիզոնականներում:
Ըստ առաջնության ինտերնետային պաշտոնական կայքի, կանանց մրցաշարում Անգլիան ներկայացնում է Մերի-Լեյլի Գրիգորյանը: Նա ծնվել է 1977 թվականին, անհատական գործակիցը 2061 է: Ցավոք, կայքում հայուհու մասին այլեւս ոչ մի տեղեկություն չկար տեղադրված: