«Կարծում եմ, որ ժողովուրդն իրոք նոր մարդ է ուզում»
«Թիվ 1-ը քվեաթերթիկում, թիվ 1-ը յուրաքանչյուր վստահված գործում». այս կարգախոսով է ընտրարշավն անցկացնում թիվ 4 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը: Նոր մարդ՝ քաղաքական դաշտում, նոր շունչ, նոր մոտեցումներ: Ցանկացած գործում առաջինը լինելու վստահությամբ՝ փորձառու քաղաքական գործիչների հետ պայքարի դուրս եկած Զոհրաբ Զոհրաբյանի հետ է ներկայացվող զրույցը:
– Պարոն Զոհրաբյան, Դուք առաջադրվել եք մի ընտրատարածքում, որտեղ շատ թեժ ընտրապայքար է կանխատեսվում: Ձեր եւ Ձեր մրցակիցների հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:
– Իրոք, մենք պայքարելու ենք շատ բարդ ընտրատարածքում: Խոսքս թե ընտրատարածքի սահմանների մասին է (այն ընդգրկում է Արաբկիրը), թե մարդկային գործոնի: Այստեղ հիմնականում առաջադրվել են փորձառու քաղաքական գործիչներ: Չեմ ուզում ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել որեւէ մեկի ուժերը: Բոլորն էլ պայքարելու են առաջինը լինելու համար: Եվ ես նույնպես շատ վճռական եմ տրամադրված: Այնպես որ՝ բավականին դժվար է կանխատեսումներ անել: Պարզապես, ընտրարշավի ընթացքում պետք է ձգտենք մեր պայքարը տանել օրենքի սահմաններում, մարդկանց ապացուցենք՝ ով ենք մենք, ինչ ենք արել մինչեւ այժմ եւ ինչ ենք անելու:
– Դուք նշեցիք, որ Ձեզ ընտրապայքար է սպասվում բավականին փորձառու քաղաքական գործիչների հետ: Զոհրաբ Զոհրաբյանը նոր մարդ է քաղաքականության մեջ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս դաշտում նոր ուժերի ու նոր գործիչների պահանջ չի զգացվում:
– Անշուշտ, կարծում եմ, որ ժողովուրդն իրոք նոր մարդ է ուզում: Դա են ապացուցում նաեւ բնակչության հետ մեր ամենօրյա շփումները: Նրանք հոգնել են ստեղծված միապաղաղ վիճակից: Նորություն են ուզում թե՛ խորհրդարանում, թե՛ իշխանական շրջանակներում, թե՛ մեր կյանքում ընդհանրապես: Ի վերջո, մեր ընտրողն այսօր ուզում է տեսնել լավ կյանք, լավ ապագա, լավ ապրող երեխաներ, լավ ժամանակներ, լավ աշխատանք, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված է «լավ» բառի հետ: Ամեն մեկն ունի իր հոգսերն ու խնդիրները, եւ առկա է դրանք մի օր լուծված տեսնելու ցանկությունը: Եվ այս խնդիրների լուծման գործում մեծ դեր կարող է ունենալ մեծամասնական կարգով ընտրված պատգամավորը: Ինձ թվում է, որ մենք կարող ենք միասնական ջանքերով այդ «լավին» հասնել:
– Չե՞ք կարծում, որ ընդհանրապես քաղաքական դաշտի սերնդափոխության անհրաժեշտություն է հասունացել:
– Սերնդափոխությունը ոչ թե անհրաժեշտ է, այլ պարտադիր: Այսօր կյանքն առաջ է ընթանում, նոր տեխնոլոգիաների դարաշրջան է: Եվ, հավատացեք, այն, ինչ կարող է անել երիտասարդը, շատ դեպքերում որոշ, այսպես կոչված, «փորձված» մարդկանց ուժերից վեր է: Երիտասարդներն ավելի ճկուն են, շատ ավելի լավ են պատկերացնում, թե այս երկրին, ապագա սերնդին ինչ է անհրաժեշտ: Եվ նրանց առաջադրած լուծումներն էլ ավելի արդիական են, ժամանակին համահունչ: Բայց չմոռանանք նաեւ, որ այդ անցումը՝ քաղաքական դաշտի սերնդափոխությունը, պետք է սահուն ընթանա, քանի որ ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է նաեւ իր անցանկալի երանգներն ու հետեւանքներն ունենալ:
– Ձեր նախընտրական քարոզարշավի մեխն այն է, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ոչ միայն պետք է զբաղվեն օրենսդիր աշխատանքով, այլ տվյալ ընտրատարածքի բնակիչների սոցիալական եւ կենցաղային հիմնախնդիրներով: Կոնկրետ այդ նպատակով ի՞նչ եք պատրաստվում անել:
– Ինքս արաբկիրցի եմ, այստեղ ծնվել, սովորել եւ աշխատում եմ՝ գլխավորելով Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցը: Ես այսօր էլ Արաբկիրի տարածքում ունեմ գործող գրասենյակներ, որոնք զբաղվում են բարեգործությամբ: Շուրջ երկու տարի գործում է իմ հիմնադրած «Նոր Արաբկիր» բարեգործական հիմնադրամը, եւ այդ տարիների ընթացքում մենք փորձել ենք ոչ միայն անձնական օգնություն ցուցաբերել կամ առանձին հարցեր լուծել, այլեւ խնդիրներին տալ համակարգային լուծումներ: Այսօր անհատական խնդիրներով զբաղվելը շատ սահմանափակ մարդկանց կարող է օգտակար լինել: Եվ եթե Աստծո կամոք մարդիկ իրենց վստահության քվեն ինձ տան, եւ ես ընտրվեմ պատգամավոր, նույնը կանեմ օրենսդիր դաշտում: Իսկ ամենօրյա շփումներն իմ ընտրողների հետ կիրականացվեն իմ ընտրատարածքում մշտապես գործող պատգամավորական գրասենյակների միջոցով: Անհրաժեշտության դեպքում օժանդակություն կցուցաբերվի նաեւ «Նոր Արաբկիր» հիմնադրամի միջոցներով:
– Պարոն Զոհրաբյան, իսկ եթե չընտրվեք…
– Եթե չընտրվեմ, ուրեմն դա ժողովրդի կամքն է։ Ես շարունակելու եմ իմ գործունեությունը: Հիմա էլ՝ ո՛չ պատգամավոր եմ, ո՛չ գործադիր իշխանության մեջ եմ ընդգրկված։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի գործեմ հանուն արաբկիրցիների: Ես երեկ արել եմ իմ գործը, այսօր անում եմ, մայիսի 13-ից հետո էլ եմ անելու, հաստատ ու ավելի մեծ մասշտաբներով: Կընտրվեմ, թե չեմ ընտրվի՝ դա բացարձակապես կապ չունի իմ ապրած կյանքի, իմ ապագա ծրագրերի հետ: