Սեփականատիրոջը սպառնում են՝ «տարածքը չես ստանա»
Երեւանի Արամի փողոցի 28 տան սեփականատեր Իրինա Ռոմանովան 3 օր առաջ նամակ է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին:
Ռոմանովայի տան եւ հարակից տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 547,2 քմ: Այդ տարածքի համար հաշվարկվել են պետական տուրքերը, որոնք քաղաքացին մուծել է տասնյակ տարիներ՝ ժամանակին եւ բարեխղճորեն: Անշարժ գույքի պետական կադաստրի «Կենտրոն» մասնաճյուղը տվել է սեփականության վկայական, որտեղ, ըստ քաղաքացու, առանց հիմնավորման վերոնշյալ տարածքը դարձել է 457,2 քմ: Վերոնշյալ խնդրով Իրինա Ռոմանովան դիմել է կադաստրի Կենտրոնի մասնաճյուղ, որպեսզի նրանք գան եւ տեղում չափագրում կատարեն: Սակայն կադաստրը իր սխալը չուղղեց: Բնականաբար, Ռոմանովան դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ուր մերժել են նրա հայցը: Նա բողոքարկել է ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան: Անցյալ տարվա մայիսի 31-ին դատարանը՝ չստանալով կադաստրի կողմից տարածքի մակերեսի պակասեցման վերաբերյալ հիմնավորումներ, բավարարել է Ռոմանովայի բողոքը: Կադաստրը չի բողոքարկել վճիռը, հետեւաբար, այն մտել է ուժի մեջ:
«Սակայն հարցը, ավաղ, ստացավ այլ շարունակություն,- պատմում է Իրինա Ռոմանովան:- Անշարժ գույքի պետական կադաստրի Կենտրոնի ստորաբաժանումը հրաժարվում է կատարել դատարանի վճիռը: Իսկ Դատական ակտերի հարկադիր ծառայությունն էլ պատասխանել է, թե հարցին ընթացք կտրվի, երբ այն քննարկվի Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման գրասենյակում՝ ԾԻԳ-ում»: Սակայն անհասկանալի է, թե ինչու է կադաստրը ԾԻԳ-ի վրա գցում վճռի կատարումը եւ ի՞նչ կապ կա նոր «հասցեատիրոջ» հետ: Կադաստրն է պակասեցրել սեփականություն հանդիսացող տան մակերեսը, նա էլ պատասխան է տվել դատարանում: Վերաքննիչ, ինչպես նաեւ նախորդ առաջին ատյանի դատարանում այլ պատասխանող չի եղել, ԾԻԳ-Ը «գործով չի անցել»: «Զավեշտալի կարող էր լինել, եթե Հռոմի պապի ներկայացուցչին էլ հրավիրեին»,- նշում է տիկ. Ռոմանովան: Հայտնի է, որ Վերաքննիչ դատարանում կադաստրը չի կարողացել ներկայացնել սեփականության օտարման գոնե մեկ փաստաթուղթ:
«Դիմել եմ գլխավոր դատախազին: Խնդրել եմ պաշտոնյային ենթարկել պատասխանատվության, քանի որ չի կատարվում դատարանի վճիռը: Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ինձ խորհուրդ է տվել դիմել ԴԱՀԿ-ին»,- շարունակում է «Առավոտի» զրուցակիցը: Քաղաքացին համոզված է, որ դատախազության այդ պատասխանի տակ «Գլխավոր դատախազը իր ստորագրությունը չէր դնի»:
Քաղաքացու տրամաբանությամբ, պետության շահն իրենց շահն է. «Եվ ոչ թե մի քանի հաստաքսակ թալանչիների, որոնք ցանկացած փոքրիշատե ծանր պահի կարող են հեշտությամբ լքել երկիրը»:
Ըստ Ի. Ռոմանովայի, իր հերթական բողոքը կադաստր ներկայացնելիս տեղի ներկայացուցիչը սպառնացել է՝ «Դու այդ տարածքը չես ստանա»: «Ես վստահաբար պնդում եմ, որ օրենքով ինձ պատկանող տարածքի ոչ մի թիզը որեւէ անօրենի չեմ զիջի»,- եզրափակում է սեփականատերը: