Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵ՞Պ

Ապրիլ 12,2007 00:00

Հարցազրույց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր, կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանի հետ

– ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարում է, որ ակադեմիայի ղեկավարությունը մտադիր չէ որեւէ քննարկում կազմակերպել ԳԱԱ մի շարք անդամների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի միջեւ եղած կոնֆլիկտի կապակցությամբ՝ «Դա մասնավոր խնդիր է՝ որոշ մարդկանց անձնական հարցերի շուրջ» պատճառաբանությամբ…

– Դա մասնավոր խնդիր չէ, մեր մտահոգությունները ոչ թե անձերին, այլ համակարգին են վերաբերում: Իմ եւ «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ-ի անդամների հեղինակած բազմաթիվ հրապարակումներում, սկսած 1991թ., քննադատվում է գիտնականների ներկայիս որակավորման կոռումպածին եւ հակագիտական համակարգը, որով իրականացվում է կոլեկտիվ բարբարոսություն մեր գիտության հանդեպ: Մենք ոչ թե միայն քննադատում, այլ առաջարկում են քաղաքակիրթ լուծումներ, որոնք խիստ կնվազեցնեն բնագավառի կոռուպցիոն «բեռը»: Սակայն լսող չկա եւ մինչ օրս չի հաջողվում այդ հարցերով երկխոսության մեջ մտնել, ՀՀ օրենքի համաձայն, երկրի գիտական փորձագիտությունն իրականացնող ամենաբարձր պետական ատյանի՝ ԳԱԱ նախագահության հետ: Դա չի արվում, որովհետեւ մեր առաջարկությունները ընդունելով՝ խաղից դուրս է հայտնվում ակադեմիկոսների մի հսկա բանակ:

Կոռուպցիոն եւ գիտական շահերի բախումները բացահայտելու նպատակով ստիպված որոշեցի գնալ հակասությունների մասնագիտական սրման՝ կենտրոնանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսաբանության ամբիոնի եւ ԳԱԱ-ի կենսաբանական բաժանմունքի ու նրա կցորդ՝ այդ բնագավառի ԲՈՀ-ի պաշտպանության խորհուրդների միջեւ տիրող հակասությունների վրա: Հիշեցնեմ, որ ԳԱԱ-ի նորաթուխ թղթակից անդամ, ԲՈՀ-ի նախագահ Ա. Թռչունյանի օրինակի ընտրությունը թելադրված էր ավելի շատ նրա կրիմինալ բնույթի պաշտոնավարությամբ, քան չկայացած կենսաֆիզիկոսի կերպարով: Ինձ հաջողվեց նաեւ ինքնաբացահայտման դրդել ԲՈՀ-ական «կերամանից» օգտվող «մաֆիայի» անդամներին, որոնց թվում, ինչպես սպասվում էր, հայտնվեցին ԳԱԱ-ի կենսաբանական բաժանմունքի վեց ակադեմիկոս, հինգ թղթակից անդամ եւ երեք ակադեմիական ինստիտուտի տնօրեն՝ մարդիկ, որոնց զգալի մասը, ունենալով զրոյական գիտական վարկանիշ, ստացել են ակադեմիական տիտղոսներ եւ պաշտոններ…

– Այսօր ակտիվ քննարկվում է երկու տեսակետ՝ գիտության կառավարումը ամբողջությամբ հանձնել ԳԱԱ նախագահությանը կամ դրա համար ստեղծել գիտության կառավարման հատուկ գործակալություն: Դուք ո՞ր տեսակետին եք հարում:

– Հայաստանին անհրաժեշտ է ժամանակակից գիտական սանդղակներով ընտրված գիտնականներից կազմված ակադեմիա, իսկ ԳԱԱ-ն իր ներկայիս կազմով ազգային չարիք է, որից պիտի օր առաջ ազատվել: ԳԱԱ-ն միակ պետական մարմինն է, որի միջոցով գիտնականները կարող են ազդել հանրապետությունում ընթացող գիտական գործընթացների վրա, իսկ ԿԳ նախարարությունը կամ գործակալությունը կարող են կատարել միայն գործադիրի գործառույթ: Այսօրվա մեր գիտության ճգնաժամային վիճակը պայմանավորված է հենց դրանով, որ ԿԳ նախարարությունը հանդես էր գալիս օրենքների եւ կանոնակարգի մշակողի դերում՝ չունենալով դրան համարժեք գիտամասնագիտական ներուժ, իսկ ԳԱԱ-ի նախկին ղեկավարությունն ավելի շատ շահագրգռված էր ԳԱԱ-ի անշարժ գույքի թալանով, քան գիտության ճակատագրով:

– Համեմատելի՞ են մեզանում ընթացող «ակադեմիական» գործընթացները ռուսաստանյան նմանօրինակ գործընթացների հետ:

– Համեմատության ոչ մի եզր չկա: Եթե Ռուսաստանի ԳԱ-ն պայքարում է գիտության եւ ԳԱ-ի շահերը պաշտպանելու համար, ՀՀ ԳԱԱ-ն պայքարում է հանուն կոռուպցիայի եւ խմբակայնության շահերի: Ռուսաստանի նման գիտնականաշատ երկրում 65 տարին լրացած ակտիվ աշխատող ինստիտուտի տնօրենի ազատումը համարվում է անմտություն, իսկ մեզանում, երբ երկիրը համարյա դատարկված է միջին տարիքի առաջատար գիտնականներից, նման քայլի գնալը գիտության ակնհայտ ավերում է նշանակում: Գիտության բնագավառը ներկա ճգնաժամից կարող է հանել միայն ՀՀ նախագահը՝ համապատասխան քաղաքական կամքի եւ սկզբունքայնության շնորհիվ, ինչպես դա արվեց Վրաստանում՝ մեկ տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել