Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուն թանկացնողներին տուգանեցին

Ապրիլ 12,2007 00:00

«Արզնի», «Լուսակերտի» եւ «Երեւանի թռչնաբուծական» ֆաբրիկաները հակամրցակցային համաձայնության էին եկել:

Ամեն տարի Զատկի տոներից մի քանի օր առաջ հավի ձուն 5-10 դրամով թանկանում էր: Անցյալ տարի, օրինակ, 40 դրամանոց ձուն տոնական օրերին վաճառվում էր 50-55 դրամով: Սակայն այս տարի ձվի գները զարմանալիորեն չբարձրացան: Ավելին՝ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» (ԵԹՖ) արտադրած ձվի գները մոտ 5 դրամով դեռ մի բան էլ իջել են: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ այս տարի բացառություն եղավ՝ ԵԹՖ-ի վաճառքի գծով տնօրեն Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Այս տարի էլ ըտենց ուզեցինք»:

Նկատենք, որ խնդիրը արտադրողների ուզել-չուզելու մեջ չէ: Պարզապես, ձու արտադրող ընկերություններն արդեն սկսել են զգուշավոր գնային քաղաքականություն վարել՝ հանձնաժողովի տույժ-տուգանքներից խուսափելու համար: Այնուամենայնիվ, երեկ այդ եւ շուկայում գործող եւս 2 ընկերություն տուգանվեցին՝ նախորդ տարվա շրջանառության 1 տոկոսի չափով, որը մասնագետների հաշվարկներով՝ մոտ 23 մլն դրամ է:

Հանձնաժողովի գնահատմամբ՝ Հայաստանի ձվի շուկայում, այսպես ասած, «եղանակ են ստեղծում» 3 խոշոր ընկերություններ՝ ԵԹՖ-ն, «Արզնի» եւ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկաները, որոնք գրավում են շուկայի գերակշիռ մասը: Հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ Ամանորից առաջ այս 3 ընկերությունները միասին հակամրցակցային համաձայնության են եկել եւ գներն արհեստականորեն նույնքան չափով՝ 20 դրամով բարձրացրել: Հավի ձվի ինքնարժեքի 66 տոկոսը կազմում է հավի կերի գինը: Այդ ընթացքում հավի կերը չի թանկացել, բայց 3 արտադրողներն էլ 28-40 դրամ ինքնարժեք ունեցող ձվի գինը բարձրացրել են՝ հասցնելով 60-80 դրամի, որից գերշահույթներ են ստացել: Եթե 2006-ի ապրիլին ձվի արտադրության շահութաբերությունը եղել է մոտ 11 տոկոս, ապա դեկտեմբերին այն հասել է ավելի քան 57 տոկոսի, այսինքն՝ շահույթը մի քանի անգամ ավելացել է: Նիստին ներկա թռչնաբուծական ֆաբրիկաների ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենք մի բան էլ վնասով են աշխատել, որ ձվի շուկայում, բացի նշված 3 ընկերություններից, եւս 8 տնտեսավարողներ կան եւ որ միայն 3 ընկերություն չէր կարող շուկայի վրա այդքան ազդեցություն թողնել: Մինչդեռ հարկային դաշտում գործող 20 խոշոր խանութներում կատարված հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաճառվում է միայն ԵԹՖ-ի, «Արզնի» եւ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկաների ձվերը, եթե նույնիսկ կան այլ արտադրողներ, ապա դրանց արտադրանքի քանակն ու գինը շուկայում դեր չեն խաղում:

Երեկ հանձնաժողովը չհիմնավորված գին կիրառելու համար զգուշացրեց բենզինի շուկայում գործող «Ֆլեշ» ընկերությանը եւ սխալ տեղեկություններ տրամադրելու համար 500 հազար դրամով տուգանեց «Քաղպետրոլսերվիսին»: Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի ծախսերը նվազել են, բայց «Ֆլեշը» բենզինի գինն այդ ընթացքում 3.8 տոկոսով բարձրացրել է: Սա այն դեպքում, երբ բենզինը ներկրվող ապրանք է, եւ քանի որ դոլարի կուրսը իջել է՝ բենզինը պետք է էժանանար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել