Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻՉ՝ ՁԱՅՆԻ ԴԻՄԱՑ

Ապրիլ 12,2007 00:00

\"\"Վարդենիսում թեկնածուները չեն երեւում, փոխարենը նրանց ենթակաները, որպես ընտրակաշառք, փող, ծաղիկներ ու օծանելիք են բաժանում:

Արդեն քանի օր է՝ պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, սակայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու նրան հարակից գյուղերում դեռեւս քարոզչության շունչը չի զգացվում: Պատգամավորության դեռեւս ոչ մի թեկնածու գյուղեր չի այցելել: Միայն կուսակցական տարածքային գրասենյակների ներկայացուցիչներն են գյուղացիների շրջանում քարոզում եւ հուսադրում, որ իրենց ընտրելու դեպքում կլուծվեն վարդենիսցիների բոլոր խնդիրները: Այս օրերին էլ գրասենյակները «մարդաորսությամբ» են զբաղված եւ միմյանց հետ մրցում են, թե ով որքան համակիր հավաքագրեց:

«Իմ կուսակցական փորձն ու հասարակության սոցիալական վիճակը ցույց են տալիս, որ շտապողականությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ կուսակցության համար»,- «Առավոտի» հետ զրույցում իրենց պասիվությունն այսպես բացատրեց ՀՀԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը: Վարդենիսում ՀՀԿ-ի գրասենյակը, որպես նախընտրական շտաբ, ծառայում է նաեւ ՀՀԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրված երկու պատգամավորության թեկնածուների՝ թիվ 23 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանին եւ թիվ 24-ում առաջադրված Մելիք Գասպարյանին: Ս. Խաչատրյանը համոզված էր, որ գյուղերում հանրապետականների շարքերը համալրում են զուտ կուսակցության գաղափարախոսությունն ընդունող մարդիկ: Նրա կարծիքով, միայն մի տոկոսն է, որ ՀՀԿ է մտնում ձեւի համար:

Մեր այն հարցին, թե քարոզչություն իրականացնելիս ինչ խոչընդոտներ ունեն, Ս. Խաչատրյանը նշեց, որ իրենց խնդիրը միայն տեխնիկական է. «Մեր երթուղին ձգվում է 36 կմ անանցանելի ճանապարհներով, մենք այդքան մեքենա չունենք, որ գյուղերով շրջենք»: Նրա ներկայացմամբ, այսօր ՀՀԿ-ի դիրքերը համեմատաբար թույլ են Նորաբակում, Փոքր Մասրիկում եւ Գեղամասարում:

Վարդենիսում իր գաղափարախոսությունը տարածելուց բացի, ԲՀԿ-ն նաեւ նվերներ է բաժանում: Կանանց միամսյա տոների կապակցությամբ «Բարգավաճը» վարսահարդարիչներ է բաժանել Ակունք, Լուսակունք եւ այլ գյուղերի բազմազավակ մայրերին: «Իսկ ինչո՞ւ հենց այս տարի հիշեցին, որ կանայք տոն ունեն, պարզ չէ՞, որ դրանով են ուզում մեզ խաբել, մենք էլ որոշել ենք տվածը վերցնել, սակայն ընտրել մեր ուզած կուսակցությանը»,- նշում են գյուղացիները: Գյուղերում այս օրերին լուրեր են տարածվել, որ քարոզարշավի ընթացքում կուսակցությունը պատրաստվում է շուկայականից 1300 դրամ էժան՝ պարկը 3500 դրամով, գյուղացիներին պարարտանյութ վաճառել: Մեզ հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության տարածքային կազմակերպության նախագահ Սամվել Խլոյանը վստահեցրեց, որ «այս օրերին «Բարգավաճը», Հանրապետականը եւ ՄԱԿ-ը ժողովրդին գումարներ են բաժանում: ԲՀԿ-ին ձայն տալու համար բաժանում են 15 հազար դրամ, 100 դոլար էլ տալիս են մեծամասնական թեկնածուների համար, վերջերս էլ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում ԲՀԿ-ն 4000 դոլար է ծախսել եւ կանանց ծաղիկներ ու օծանելիք է բաժանել»:

Մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ նաեւ ԲՀԿ-ի տարածքային կառույցից: Գրասենյակից պատճառաբանեցին, որ գրասենյակի ղեկավարը տեղում չէ, իսկ իրենք էլ իրավասու չեն տեղեկատվություն տրամադրել: Ս. Խլոյանի ներկայացմամբ, Վարդենիսում ՆԺԿ-ն ունի 500 անդամ, սակայն նրանցից շատերն արդեն հուսահատվել են. «Վարդենիսում մեծամասնությունն ընդդիմադիր է, բայց իշխանություններն էն օյինն են հանել ժողովրդի գլխին, որ էլ ոչ հավատ ունեն, ոչ էլ վստահություն, նրանք ասում են՝ ավելի լավ է մի պարկ ալյուր վերցնեմ, քան գնամ դատարկ գաղափարախոսությունների ետեւից: Այս օրերին ՀՀԿ անդամները մտնում են մարդկանց տներն ու նրանց վախեցնում են, Սամվել Խաչատրյանը քաղաքում բոլորին սպառնում եւ ահաբեկում է, նույնիսկ իմ ընկերներն են վախենում ինձ հետ փողոցում կանգնել»: Ըստ նրա, բոլոր գյուղերն ու դպրոցները հերթով հանրապետականացնում են. «Նույնիսկ Վարդենիսի քաղաքապետը, որն իր կյանքը չէր խնայում ՕԵԿ-ի համար, այսօր նույն եռանդով կյանքը չի խնայում ՀՀԿ-ի համար, այսօր մեր իսկ քաղաքում ստրուկից էլ վատ վիճակում ենք գտնվում»: «Ընդդիմադիր ուժերի» կոորդինատոր Ալբերտ Պետրոսյանի խոսքերով էլ. «Վարդենիսը, որ հայտնի էր իշխանությունների հանդեպ իր ըմբոստությամբ, այսօր ամբողջովին կոտրվել է»: Ի տարբերություն իշխանական կուսակցությունների, որոնք հարմար տեղակայվել են քաղաքի բանուկ մասերում, ընդդիմադիր կուսակցությունները նախկին գործկոմի խարխուլ շենքում են տեղավորվել: Այդտեղ են գործում «Հանրապետություն», ՀԺԿ, «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԺԱԿ-ը: Մեր այցելության պահին ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներից շատերը կողպված էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել