Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական ոչ մի արժեք չունի»

Ապրիլ 12,2007 00:00

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, իսկապես, Ադրբեջանի համար բավականին խիստ բանաձեւի նախագիծ է կազմվել, թեպետ ադրբեջանական պատվիրակությունը փորձում է բոլորովին այլ լույսի ներքո ներկայացնել իրականությունը:

Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը ներկայացվել է մոնիթորինգի հանձնաժողովի նիստում, մարտի 28-ին, այն օրը, երբ Հայաստանում տեղի էր ունենում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը, եւ, հասկանալի պատճառներով, մեր պատվիրակությունը չէր մասնակցել նիստին: Տիգրան Թորոսյանն ասաց, որ «ադրբեջանցիները փորձել են իրենց համար ինչ-որ արդարացուցիչ արտահայտություն մտցնել բանաձեւի նախագծի մեջ, չնայած ես համոզված եմ, որ դա որեւէ ձեւով չի կարող մեղմացնել այդ բանաձեւը: Իրենք փորձելու են հերթական անգամ խաբել իրենց ժողովրդին, բայց դա իրենց գործն է: Մենք իրենց պարտավորությունների հետ կապված զեկույցների քննարկման ժամանակ չեզոք դիրքորոշում ենք որդեգրել, եւ կարծում եմ՝ պարկեշտ կլիներ, որ իրենք այդ արտահայտությունը չմտցնեին նախագծի մեջ: Նրանում, հղում անելով 14/16 բանաձեւին, ասվում է, որ պետք է աջակցել խաղաղություն եւ ներդաշնակություն ստեղծելուն՝ ԼՂ «երկու համայնքների» միջեւ, Լեռնային Ղարաբաղի բառերի կողքին իրենք ավելացրել են՝ «Ադրբեջանի Հանրապետության» բառերը: Իրավական առումով սա բացարձակապես որեւէ արժեք չունի, որովհետեւ ԵԽԽՎ-ն ունեցել է հատուկ զեկույց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, որտեղ սեւով սպիտակի վրա պարզորոշ գրված է, որ տարածքը կարող է անջատվել պետությունից ժողովրդավարական մեթոդներով եւ այդ տարածքի ժողովրդի աջակցության հիման վրա: Այսինքն՝ այնտեղ արձանագրված է ե՛ւ լուծման հնարավոր տարբերակը, ե՛ւ ոչ հնարավորը, որը վերաբերում էր ԼՂ-ն Հայաստանին չմիացնելուն»:

Տիգրան Թորոսյանն ասաց նաեւ. «Վստահ եմ, եթե հանձնաժողովի նիստը նման ողբերգական օր չլիներ, հնարավոր կլիներ մարդկանց բացատրել եւ անգամ իրավական որեւէ արժեք չունեցող այս արտահայտությունը այստեղ տեղ չէր գտնի, այդուհանդերձ, ես խոսել եմ արդեն մեր պատվիրակության մի շարք անդամների հետ, կարծում եմ, մենք կմասնակցենք նիստին, կփորձենք մի շարք առաջարկություններ ներկայացնել»: Սակայն կլինեն որոշ զուտ տեխնիկական դժվարություններ, որովհետեւ հանձնաժողովի անդամների մի մասն արդեն քվեարկել է այս արտահայտության օգտին եւ հոգեբանորեն մի քիչ դժվար կլինի հակառակը քվեարկել, մանավանդ՝ Ադրբեջանի մասին զեկույցը լսվելու է ապրիլի 16-ին, ժամը 15-ին, իսկ փոփոխությունները պետք է ներկայացնել մինչեւ նույն օրվա առաջին կեսը: Տիգրան Թորոսյանը լավատես է, որ կհաջողվի փոփոխություն մտցնել, սակայն եթե չհաջողվի էլ, շեշտեց, որ «սա որեւէ իրավական ուժ չունի 14/16 բանաձեւի ձեւակերպումների պարագայում»:

Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Տ. Թորոսյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել