Այսպես արտահայտվեց Սերգեյ Իվանովը իր եւ ՀՀ վարչապետի մտերմության մասին
ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը երեկ կառավարության դահլիճում պատասխանելով լրագրողի հարցին՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա ինչպե՞ս կազդի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, կտա՞ այն նոր ազդակ երկկողմ հարաբերություններին, ասաց. «Սերժ Ազատիչ Սարգսյանի հետ մենք ծանոթ ենք բավական վաղուց, եթե ավելի կոնկրետ՝ դեռ անցած դարից: Եվ ծանոթ ենք տարբեր հարթություններում՝ ե՛ւ որպես ազգային անվտանգության քարտուղարներ, ե՛ւ որպես պաշտպանության նախարարներ, իսկ հիմա՝ որպես քաղաքացիական անձինք, եւ, իհարկե, այս ընթացքում մեր միջեւ հաստատվել են ոչ միայն աշխատանքային, այլեւ անձնական հարաբերություններ: Սա լիովին բնական է, նորմալ, մենք վաղուց ենք իրար ճանաչում եւ հանդիպում ենք տարվա մեջ առնվազն մի քանի անգամ: Այդ պատճառով այս այցը, որպես առաջին քաղաքացիական այց, ամենեւին ոչ մի խնդիր չի առաջացնում, ընդհակառակը՝ այն մարդկային կապիտալը, որը վաստակել ենք անցած տարիների ընթացքում, շատ օգտակար է եւ թույլ է տալիս շատ հարցեր քննարկել ուղիղ, անկեղծ, առանց հատուկ դիվանագիտական շեղումների: Վստահ եմ, որ նաեւ քաղաքացիական աշխատանքում մեր հարաբերությունները կընթանան նույնքան լավ, որքան եղել է մեր նախկին կյանքում»:
Ռուսաստանում եւ Հայաստանում առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ, լրագրողներին հետաքրքրում էր՝ դրանք կազդե՞ն երկկողմ հարաբերությունների վրա: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասաց, որ ընտրությունները, իհարկե, քաղաքական ուժերից մեծ ջանքեր եւ ժամանակ են պահանջում. «Այս առումով կարելի է համարել, որ ընտրությունները մի տեսակ խոչընդոտում են գործադիր մարմնի աշխատանքներին, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանաք, որ քաղաքական ուժերի համար ընտրությունները գործունեության գագաթնակետն են, եւ քաղաքական ուժերը, անշուշտ, պետք է ջանք գործադրեն, որպեսզի կարողանան կազմել հաջորդ կառավարությունը: Բայց պիտի ասեմ, որ ընտրությունները նաեւ օգնում են աշխատանքին»:
Հայ լրագրողներին նաեւ հետաքրքրում էր, թե ռուսական կողմի համար, ի վերջո, Հայաստանը ֆորպո՞ստ է, թե՞ ռազմավարական գործընկեր: Սերգեյ Իվանովն այս դեպքում գերադասեց իր անձնական կարծիքը հայտնել. «Եթե դուք հարցնում եք իմ անձնական կարծիքը, ես կարող եմ պատասխանել, մանավանդ՝ ես շատ լավ գիտեմ այդ հարցերը, վերջին վեց-յոթ տարիներին ամեն տարի եղել եմ Հայաստանում եւ մեծ մասամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ: Ես կարծում եմ, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ դա չի չափվում միայն ռազմական-քաղաքական հետաքրքրություններով, չի կարելի այդպես մտածել, հազարամյակներով, հարյուրամյակներով մեզ կապում է ընդհանուր մշակույթը, պատմական արմատները եւս շատ բաներում ընդհանուր են, դրանից բացի, եթե վերադառնանք զուտ ռազմական թեմային, այո, այստեղ կա ռուսական ռազմաբազա, որն իրեն այստեղ հարմարավետ է զգում, ապահովում է ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմերի շահերը, այն չունի ագրեսիվ բնութագիր եւ ուղղված չէ այլ պետությունների դեմ, բայց արդյունավետ ապահովում է մեր ընդհանուր անվտանգությունը: Բազայի առկայությունը ռազմավարական գործընկերության էլեմենտ է, բայց դա ամբողջը չէ, կան նաեւ տնտեսությունը, մշակույթը, ռուսաց լեզուն»:
Սերժ Սարգսյանի պատասխանը. «Կարծում եմ, որ այն դեպքը, որի ժամանակ ասվել է այդ միտքը, ուղղակի չհասկացվածության արդյունք էր, ուղղակի մեկին պետք էր շահարկել այդ թեման: Վստահ եմ, որ մարդը, ով ասել է այդ բանը, ցանկացել է լավ բան ասել, լեզվին դա է եկել, ամբողջ մեղավորությունը դա է»: Հիշեցնենք, որ այդ միտքը առաջին անգամ ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը: