Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԹՈԶ ՓՉՈՑԻ»

Ապրիլ 12,2007 00:00

\"\"Ընդդիմադիրներն այսպես որակեցին Աղվան Հովսեփյանի հերթական նախաձեռնությունը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ԱԺ առաջիկա ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներն օպերատիվ կերպով քննարկելու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր: Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, նախաձեռնության նպատակն է համակարգել ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումներն ու ԶԼՄ-ների հրապարակած նյութերը՝ «քննարկման ընդունելու առավել բարդ եւ հասարակական մեծ հնչեղություն ունեցող ընտրական իրավունքի խախտումների հետ կապված հաղորդումները, ապահովել գործնական աջակցություն՝ ընտրական իրավունքի խախտումների փաստերով մարզերի, Երեւան քաղաքի եւ համայնքների դատախազություններում դիմումների քննարկմանը, նյութերի նախապատրաստությանն ու քրեական գործերի քննությանը»:

Մինչ այս հանձնարարականի մասին քաղաքական ուժերի մեկնաբանությունները ներկայացնելը՝ հիշեցնենք, որ համանման մի նախաձեռնությամբ Գլխավոր դատախազությունը հանդես էր եկել նաեւ 2005թ. սահմանադրական հանրաքվեից հետո՝ այդ միջոցառման ժամանակ ԶԼՄ-ների եւ կուսակցությունների՝ իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներին անդրադառնալու եւ պատասխանատուներին պատժելու նպատակով: Արդյունքում՝ թեեւ ե՛ւ ԶԼՄ-ներում էին մատնանշվել բազմաթիվ օրինախախտման կոնկրետ դեպքեր, ե՛ւ կուսակցություններն էին ահազանգել կատարված կեղծիքների մասին, այդուհանդերձ, որեւէ պետպաշտոնյա այդպես էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց: Այնպես որ, ինչպես նախորդ, այս անգամ եւս քաղաքական՝ հիմնականում ընդդիմադիր ուժերը բացարձակապես որեւէ հույս չեն կապում Գլխավոր դատախազության այս նախաձեռնության հետ:

Սմբատ Այվազյան, «Հանրապետություն» կուսակցություն. «Ընտրություններին վերաբերող բոլոր օրինախախտումները կոծկողը հե՛նց դատախազությունն է, ուստի՝ այդ կառույցի հետ որեւէ հույս կապելն անիմաստ եմ համարում: Ըստ ամենայնի, իշխանություններն ուզում են այս անգամ էլ շոու կազմակերպել՝ «դրսի» աչքին թոզ փչելու համար:

2003թ.-ին էլ օրինախախտումները համատարած բնույթ էին կրում, այս անգամ էլ նախընտրական շրջանում արդեն ձեւավորված մթնոլորտն ինքնին արդեն քրեական տարրեր է պարունակում, եթե Գլխավոր դատախազությունը օրինախախտումների բացահայտմանը հետամուտ լիներ՝ կարող էր այդ անել առանց հատուկ խմբեր ստեղծելու»:

Պետրոս Մակեյան, «Իմպիչմենթ» դաշինք. «ՀՀ իշխանական համակարգը, այդ թվում՝ դատախազությունը, մշտապես եւ ակտիվորեն ներգրավված է եղել ընտրակեղծիքների կատարման եւ դրանց քողարկման մեջ: Հիմա էդ ի՞նչ հրաշք կատարվեց, որ որոշել են հետամուտ լինել դրանց: Նրանք իրենք կեղծիքի մեջ թաթախված են, օրինախախտում ամեն օր է տեղի ունենում: Ռուբեն Թորոսյանն այդ նույն դատախազությանը, դատարաններին հարյուրավոր դիմումներ է ներկայացրել՝ թող մեկին ընթացք տային: Դա, իբր, ազատ ու արդար ընտրություններին հետամուտ լինելու իշխանությունների հերթական իմիտացիան է: Որեւէ հույս կամ ակնկալիք այս վարչախմբից, այդ թվում՝ դատախազությունից, չունենք: Դա թատերական ներկայացում է»:

Վահագն Հայոցյան, ՀՀՇ. «Ես այդ նախաձեռնության հետ հույսեր չեմ կապում, որովհետեւ եթե իշխանությունները որոշեն օրինական ընտրություններ կազմակերպել՝ հազիվ 15-20 տոկոս ձայն կհավաքեն, իսկ դա նրանք չեն ուզում: Թե ինչքանով դա նրանց կհաջողվի՝ կերեւա մայիսի 13-ին»:

Արամ Կարապետյան, ՆԺԿ. «Ի՞նչ օրինականությանը հետամուտ լինելու մասին է խոսքը, եթե նախկին ընտրություններում տեղի ունեցած ապօրինությունների համար որեւէ անգամ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ու ընդհանրապես՝ եթե ժամանակին մի 10-15 հոգի նստացրած լինեին, այսօր «աշխատանքային խմբերի» ձեւավորման անհրաժեշտությունը չէր լինի: Մթամ ուզում են օրինականություն ապահովեն, հա՞: Թող գնան Էջմիածնում ապահովեն օրինականությունը, կամ թող գան՝ տեսնեն, թե ինչ է անում ԿԸՀ-ն, ո՞ւմ է գրանցում որպես պատգամավորի թեկնածու, ի՞նչ է կատարվում ընտրատարածքներում»:

Վարդան Խաչատրյան, «Ժառանգություն». «Արդեն այսօր օրինախախտումներ կան կոնկրետ մեկ-երկու ընտրատարածքների հետ կապված եւ նաեւ այլ բնույթի, որոնք մենք կարող ենք փաստացի ներկայացնել, եւ եթե գործուն որեւէ քայլ չձեռնարկվեց՝ ուրեմն դա հերթական ձեւական քայլն է՝ մարդկանց աչքերին թոզ փչելու համար»:

Շավարշ Քոչարյան, ԱԺԿ. «Շատ հետաքրքիր իրադարձություններ են կատարվում: Պետական շատ պաշտոնյաներ են հայտարարում, թե իրենք հակված են արդար ընտրությունների կազմակերպմանն ու անձամբ են հետեւելու դրա ընթացքին: Խոսքն այս դեպքում վերաբերում է նաեւ դատախազությանը: 2003-ին էլ օրինախախտումներ եղան, բայց դրանք մնացին անհետեւանք: Այս անգամ՝ տեսնենք, թե ինչպես կլինի: Համենայնդեպս, Գլխավոր դատախազությունն է, որ երկրում օրինականությունը պետք է վերահսկի, եթե դա այս անգամ արեց՝ ես միայն կողջունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել