Երեկ Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «12-ամյա կրթության շրջանակներում նոր դասագրքեր եւ ուսումնական ծրագրեր» թեմայով մամուլի ասուլիսը: 2007 թվականի սեպտեմբերից դպրոց կմտնի մեկ տասնյակից ավելի դասագիրք: 12-ամյա կրթության համար նախատեսված դասագրքերն ունեն այլընտրանքային տարբերակներ, բացի հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն առարկաների գրքերից: 2006-2007 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում ներդրվել են տարրական եւ միջին դպրոցի հայոց լեզվի, գրականության, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի նոր չափորոշիչներ, ծրագրեր ու դասագրքեր: 2007-2008 ուսումնական տարում գործածվելու են 6-րդ դասարանի մայրենի, մաթեմատիկա, 7-րդի՝ ինֆորմատիկա եւ 8-րդ դասարանի՝ հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն, գրականություն առարկաների նոր դասագրքերը, որոնց համար մրցույթն անցկացվել էր նախորդ տարի: Այս տարվանից ներդրվելու են նաեւ բնագիտական եւ հասարակագիտական առարկաների նոր չափորոշիչներն ու դասագրքերը: 2008-2009 ուսումնական տարում կմշակվեն արվեստի բնագավառի, օտար լեզու, տեխնոլոգիա, նախնական զինվորական պատրաստվածություն առարկաների նոր ծրագրերն ու դասագրքերը: «Ներկայիս դպրոցական դասագրքերը եւ ուսումնական ծրագրերը տեսական բնույթ ունեն: Նոր դասագրքերում հիմնական ուշադրությունը նյութի կիրառական կողմի վրա է»,- հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Դասագրքերի կազմման մրցույթի փուլն անցած հեղինակային խմբերում ընդգրկված են ուսուցիչներ, նաեւ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ: Ըստ պրն Ղուկասյանի, «դասագիրքը նախ պետք է դպրոցում օգտագործվի, որ իմանաս՝ լա՞վն է, թե՞ վատը»: