Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) եւ Հայրենադարձություն եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կազմակերպել էին Սերգեյ Մինասյանի «Վրաստանի էթնիկական փոքրամասնությունները» գրքի հայերեն եւ ռուսերեն, ինչպես նաեւ անգլերեն եւ վրացերեն համառոտ տարբերակների շնորհանդեսը: Կազմակերպվեց քննարկում՝ Վրաստանի էթնիկական փոքրամասնությունների հիմնախնդիրների, Սամցխե-Ջավախքի իրավիճակի եւ հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների շուրջ: ԼԿԻ-ի տնօրեն, գրքի գիտական խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Ջավախքի խնդրում առավել ակնհայտ կերպով արտացոլվել են ժամանակակից Վրաստանին բնորոշ բազմաթիվ գծեր: Ցավոք, այդ թեմայով իսկական գիտական գրականություն չկա, եւ քննարկումները գնում են բացառապես թերթերի էջերում ու քաղաքականացված բանավեճերի շրջանակներում: Իսկ գրքի հեղինակը ձգտել է ամբողջովին փոխել քննարկման համատեքստը: Որպես սկիզբ, նա փորձում է համակարգել փոքրամասնությունների վիճակը կարգավորող Վրաստանի իրավական նորմերը, ուրվագծել Ջավախքի առավել կենսական խնդիրների շրջանակը եւ որոշել, թե այդ խնդիրները ինչպես կարող են լուծվել Վրաստանում գոյություն ունեցող կամ ձեւավորվող իրավական դաշտի շրջանակներում»: Ա. Իսկանդարյանը չբացառեց, որ գիրքը վիճաբանությունների առիթ կարող է դառնալ. «Չնայած կարծում եմ՝ բանավեճերը կարող են կարեւորագույն դեր խաղալ Ջավախեթի-Ջավախքի վերաբերյալ հայկական եւ վրացական բանավեճերի աստիճանական միավորման գործում, որտեղ էլ այն տարվի»:Վրաց փորձագետ եւ քաղաքագետ Պաատա Զաքարիշվիլին էլ ասաց. «Գիրքը ստիպում է մտածել, հետո միայն կարող ես քեզ թույլ տալ դատողություններ անել»: