ԵՄԱ-ն իր անցկացրած մոնիթորինգով «չափել» է ԶԼՄ-ների աշխատանքը
Երեկ «Ուրբաթ» ակումբում ամփոփվեց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) կողմից անցկացվող հաշվետվությունն այն մասին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախորդող պաշտոնական քարոզարշավից առաջ ընկած ժամանակահատվածում՝ մարտ ամսում, մի շարք հեռուստաընկերություններ ինչպե՞ս են արձագանքել թեկնածուներն առաջադրած 28 կուսակցությունների ու դաշինքների գործունեությանը, եւ ընտրազանգվածին հրամցվող լրատվությունը համապատասխանո՞ւմ է օբյեկտիվությունն ապահովող օրենսդրական դրույթներին: Ըստ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի, որքան մոտենում են ընտրությունները, հեռուստաեթերում քաղաքական ուժերին անդրադարձը կանոնավորվում է, որին նպաստում է նաեւ միջազգային դիտորդների առկայությունը: Դիտարկվել են 7 հեռուստաալիքի («Հ1», «Արմենիա», «ԱԼՄ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «հ2», «Շանթ») հիմնականում երեկոյան ժամերին հեռարձակված (ժամը 18- 24-ը) քաղաքական ու լրատվական լուսաբանումները: Մարտ ամսին նախընտրական «կրքերը» բավականին ակտիվորեն լուսաբանել են «Երկիր Մեդիան» եւ «Կենտրոնը», մինչդեռ «ԱԼՄ»-ն, ի դեմս հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանի, իր քաղաքական եթերը ողողել է «Ժողովրդական կուսակցությանը» նվիրված լուսաբանումներով: Ավելին՝ ընդհանուր եթերաժամանակի հաշվարկով առաջատար է Տիգրան Կարապետյանի գլխավորած ԺԿ-ն՝ դարձյալ շնորհիվ «ԱԼՄ»-ի: Ընդհանուր եթերաժամանակի հաշվարկով՝ «Հ1», «Արմենիա», «հ2», «Շանթ» հեռուստաընկերություններում առաջատար է Հանրապետական կուսակցությունը, «Կենտրոնում»՝ «Բարգավաճ Հայաստանը», «Երկիր Մեդիայում»՝ Հայ Հեղափոխական դաշնակցությունը: Բ. Նավասարդյանի մատուցմամբ՝ մարտ ամսին ՀՀԿ-ին եթերում մեծ ուշադրության արժանացնելը քարոզչական ենթատեքստ չունի, այլ բացառապես կապված է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվամբ:
Նշյալ կուսակցություններին հաջորդում են ընդդիմադիր մի շարք կուսակցություններ, որոնցից համեմատաբար շատ է լուսաբանման արժանացել Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): Իսկ ահա «Հ1»-ում Մարքսիստական կուսակցությունը ներկայացվել է համեմատաբար շատ՝ շնորհիվ կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի մասնակցության «Երկու աստղ» հեռուստահաղորդաշարին: Վճարովի եթերից էլ օգտվել են Միավորված աշխատանքային կուսակցությունը եւ «Դաշինքը»:
Ըստ արդյունքների, մոնիթորինգում ընդգրկված «Արմենիան» մարտ ամսում քաղաքական ծրագրերի լուսաբանմանը տուրք չի տվել: Սույն հանգամանքը պայմանավորված է հիմնականում նրանով, որ այդ հեռուստաընկերության քաղաքական ծրագրերը հեռարձակվում են «Թիվի-5»-ով: Ուստի, ըստ Բ. Նավասարդյանի, այս ամսվա 8-ից սկսված մոնիթորինգում ընդգրկվելու է նաեւ «Թիվի-5»-ը: Մոնիթորինգի են ենթարկվելու նաեւ Հանրային ռադիոն եւ 4 տպագիր լրատվամիջոց («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա»):
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ԵՄԱ-ի փորձագետներն ինչպես են տարորոշում, թե տվյալ հաղորդումը, տեղեկատվությունը չեզո՞ք է, թե՞ PR: Հնչած հարցերից մեկում, թե «Սերժ Սարգսյանը գնաց Մոնակո, չեզո՞ք է, թե՞ ոչ», ԵՄԱ-ի փորձագետներն ասացին. «Չեզոք է: Բայց եթե լիներ՝ ճի՞շտ է արել, որ գնացել է Մոնակո, կամ սխալ է անում, որ գնում է, արդեն չեզոք չէր լինի»: