Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրաինտեգրումն էլ չի փրկում

Ապրիլ 11,2007 00:00

Չնայած կրթական բարեփոխումներին՝ Գյումրիի բուհերի շրջանավարտներից շատերն այն կարծիքին են, որ դիպլոմը, օժիտի բաղկացուցիչ մաս լինելուց բացի, փող աշխատելու հարցում իրենց գրեթե չի օգնում:

Կրթական բարեփոխումները բավական արագ տեմպերով են ընթանում: Վերջերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով մանկավարժական բուհերից ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի անդամները պարտավորվում են «տեղը տեղին» ուսումնասիրել կրեդիտային համակարգի «հայկականացման» տարբերակներն ու ապահովել «մոդայիկ» ուսումնական ծրագրեր: Այս ամենը կատարելու համար բուհերի ռեկտորների վրա ժամանակ է դրված մինչեւ 2010թ.-ն, չնայած որոշ ղեկավարներ, օրինակ՝ Գյումրիի մանակավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը կարծում է, որ պետք է անչափ զգույշ լինել՝ զերծ մնալով հեղափոխական մոտեցումներից: «Միգուցե ես պահպանողական եմ, բայց իրականությունն այն է, որ խորհրդային կրթական համակարգը հզոր է, ուստիեւ չպետք է ոչնչացնել ժառանգածը, ու բարեփոխումներ իրականացնել նախորդը քայքայելու հաշվին: Չեմ ասում, թե քարացած մնանք, աշխարհից դուրս ապրենք: Ցանկությունս այն է, որ հանկարծ հինը չքարկոծենք ու դատարկության վրա փորձենք ինչ- որ բան կառուցել»,- ասում է Վ. Գիրգորյանը: Արդյո՞ք եվրաինտեգրումը գյումրեցիներին պետք է կամ Եվրոպայում կրթվելուց ու Գյումրի վերադառնալուց հետո հնարավոր կլինի՞ աշխատանք գտնել: Այս հարցերի պատասխանները հաճախակի հնչող դժգոհություններն են այն մասին, որ Գյումրիում քիչ թե շատ նորմալ աշխատանքի անցնելու համար լուրջ կրթություն ստանալ ամենեւին էլ պարտադիր չէ: Հաճախ գյումրեցի ուսանողները օրինակ են բերում տեղական իշխանավորներին, օրինակ՝ մարզպետ Ռոմիկ Մանուկյանին, որը բարձրագույն կրթություն չունի, բայց ՏԻՄ ղեկավար է:

Գյումրիի ամենաշատ շրջանավարտ ունեցող բուհի ղեկավար Վարդեւան Գրիգորյանը նշեց. «Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի պես մեծ երկրում էլ բոլոր շրջանավարտները աշխատանքի են տեղավորվում: Մեզ մոտ աշխատանքի տեղավորվելը ավելի բարդ է, հարյուրավոր ուսուցիչներ են օպտիմալացման արդյունքում դուրս մնում, բայց էլի ծնողներն ամեն ինչ անում են, որ իրենց երեխան կրթություն ստանա: Մենք էլ հո ձեռքերս ծալած չե՞նք նստի, բուհում շուկայի պահանջարկով նոր բաժիններ են բացել, օրինակ՝ փրկարարական գործ, սոցիալական աշխատանք եւ այլն, որոնք գյումրեցիներին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»: Պարզ է, որ այս դեպքում մանկավարժական բուհը ստիպված է պատրաստել ոչ մանկավարժական կադրեր: Ու իրականում որեւէ կերպ չի լուծվում մանկավարժ շրջանավարտների խնդիրը, նրանք չեն հիշում գոնե մի դեպք, որ մարզպետարանի կրթության վարչությունը օրերից մի օր հանդես գար գործատուի դերում, թեկուզեւ մրցույթ անցկացներ ու փորձեր իրենց անհրաժեշտ մի լավ կադր ընտրել: «Մանկավարժական չէ, ուզում ես Հարվարդ ու Օքսֆորդ ավարտի, մեկ է՝ դպրոցների տնօրեններին միայն իրենց «հախն» է հետաքրքրում»,- վստահեցնում են շրջանավարտներից շատերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30