Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՃԱՆԱՊԱՐՀԻ ՏԵՐՆ Ո՞Վ Է»

Ապրիլ 11,2007 00:00

\"\"Հարցնում է «Առավոտի» հետ ճանապարհատրանսպորտային անվտանգությանը հետեւող վարորդը

Երեկ «Առավոտը» առաջարկ ստացավ վարորդ Արմեն Սահակյանից՝ շրջել քաղաքով, որի ժամանակ խոստացավ կոնկրետ օրինակներ բերելով խոսել այն հարցերի մասին, որոնք հաշվի չեն առնվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների ժամանակ:

Մեր երթուղին սկսվեց Արշակունյաց պողոտայով, շարունակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ավարտվեց «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին:

Ա. Սահակյանը ուշադրություն հրավիրեց ճանապարհին առկա լուսացույցներին. Սեբաստիայի փողոցում, մասնավորապես, չէին աշխատում լուսացույցները: Ընդհանրապես, վարորդի կարծիքով. «կանաչ լույսը դեղինի փոխվելուց առաջ պետք է 2-3 անգամ թարթի կամ կանաչը դեղինի հետ վառվի, ապա փոխվի կարմիրի»: Այլապես 40-60կմ/ժ ընթացող վարորդը կտրուկ արգելակման դեպքում կարող է բախվել մեքենայի, կարող են իր ետեւից խփել, հայտնվել խաչմերուկում՝ կարմիր լույսի տակ, կամ էլ հայտնվել հոծ գծի վրա, հետիոտնի անցման գծի վրա, որը կհամարվի խախտում եւ կհանգեցնի աստղաբաշխական տուգանքների: ԱՄՆ դեսպանատան մոտ լուսացույցի նախազգուշական թարթման «տարբերակը» գործում է: Մենք ընթացանք Փարաքարի ճեպընթաց ճանապարհով, ականատես եղանք մի ավտովթարի: «Պարզ չէ, թե ի՞նչ արագություն է թույլատրվում այդ ճանապարհի վրա»,- նշեց վարորդը: Նախկին «ԳԱԻ պոստում» տեղադրվել էին արագաչափիչներ, ինչը, մեր ուղեկցի կարծիքով, արդարացված չէ, «քանի որ ճանապարհը փակ է բետոնե սալիկներով, հետիոտն էլ անելիք չունի այդ ճանապարհին, ինչո՞ւ 80կմ/ժ արագությունը թույլատրելի չէ»:

Ճանապարհային երթեւեկության նշանները Խորհրդային միությունից մնացածներն էին: Երեխաներն ըստ այդ նշանների «էլի անցնում են», ավտոմեքենաներն էլ՝ 50կմ/ժ-ով «ընթանում»: Արագաչափիչների հետ կապված՝ վարորդը հարցրեց. «Եթե կոնկրետ արագությունը դրված է առավելագույն թույլատրելի 60կմ/ժ արագության վրա, ապա հաշվի առնվե՞լ է թույլատրելի անճշտությունը»:

Ինչ վերաբերում է հետիոտնի եւ վարորդի կողմից երթեւեկության կանոնների խախտմանը, ըստ որի՝ հետիոտնին պատժում են 3000 դրամ տուգանքով, իսկ վարորդին նվազագույնը՝ 5000-ով, եւ այդ անհավասարությունը վրդովեցրեց մեր ուղեկցին. «Չգիտես ինչու, կոպտորեն խախտել են վարորդների անմեղության կանխավարկածը: Եթե վարորդը մեքենա է վարում, ուրեմն ունեւոր խավի՞ց է: Ես 2 երթուղային պետք է փոխեի, որպեսզի Արարատյան զանգվածից հասնեի Աբովյան փողոց, ետ գնալս էլ կազմելու էր 400 դրամ, մեքենան, որը հիմա վարում եմ, ամեն օր նույն գումարն է ծախսում, ուրեմն տուգանքներն ինչո՞ւ են այդքան տարբեր»:

Ողջ ճանապարհին չտեսանք որեւէ կայանատեղի, ճանապարհները հատում էինք փոսերի միջով, իսկ փոսերում հայտնված մեքենաների վնասները որեւէ կերպ չեն հատուցվում. «Ո՞վ է ճանապարհի տերը, վնասի փոխհատուցման հարց երբեւէ քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ, իրավաբանական ո՞ր կազմակերպությունն է, որը կարձագանքի նման թեժ դեպքերին: Առհասարակ սահմանվա՞ծ է, թե որն է կոչվում վթարային ճանապարհ: Մարդիկ ոչ ասֆալտ են արել, ոչ ճանապարհ սարքել: Եղած կայանատեղիներում էլ 100 դրամ են վերցնում: Այդ հավաքած գումարները ուր են գնում, Երեւանում քանի շերտ ասֆալտ կարվեր: Պետությունը թող իր աշխատակցին դնի այդտեղ, կտրոն տան վարորդներին, իսկ հավաքած գումարներն էլ գնա բյուջե»: Վարորդը անդրադարձավ նաեւ ԱԺ-ի կողմից հաստատված վերոնշյալ օրենքի փոփոխություններին, ըստ որի՝ սպառնում էին վարորդներին, եթե տուգանքը երկու ամսում չմուծվի, այն հնգապատիկ ավելանալու է. «17 տարի մարդկանց ավանդ չեն տալիս, հնգապատիկը ինչո՞ւ չեք կիրառում, կողմ քվեարկողները քաղաքում չե՞ն շրջում, ինչո՞ւ ԱԺ-ի, կառավարության, դատական համակարգի մեքենաների համարները տարբերվում եմ: Եթե օրենքը բոլորի համար է, ինչո՞ւ են խտրականություն դնում: Տեսախցիկներից վաղը սեփականներին են ուղարկելու այդ տույժերը, իսկ պետականներն էլի պատժից կխուսափեն: Իմաստը ո՞րն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել