Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ ԿՔՎԵԱՐԿԻ

Ապրիլ 11,2007 00:00

\"\"Նախարար Անդրանիկ Մանուկյանը հավաստիացնում է, որ առանց մեր երկրի համաձայնության՝ ՏՐԱՍԵԿԱ-ի հիմնադրամի միջոցները «Կարս-Ախալքալաքի» շինարարությանը չեն ուղղվի:

Օրերս Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի նախագծի (ՏՐԱՍԵԿԱ) մշտական միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը «Նովոստի Ազերբայջանին» տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիայի Անկարա քաղաքում ՏՐԱՍԵԿԱ-ի ազգային քարտուղարները նիստ են հրավիրել ու քննարկել ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցը: Մուստաֆաեւը նշել էր, որ այդ հիմնադրամի ստեղծման նպատակն այն է, որ անդամ երկրներում խոշոր տարածաշրջանային նախագծերի, այդ թվում՝ «Կարս-Թբիլիսի-Բաքու» երկաթուղու շինարարության համար ֆինանսներ ներդրվեն:

Մուստաֆաեւի այդ հայտարարությունը Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների եւ դժգոհությունների տեղիք է տվել, որովհետեւ Հայաստանը նույնպես ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ երկիր է եւ շատերի կարծիքով՝ մեր երկիրը տարեկան անդամավճար է մուծում՝ Ադրբեջանի ծրագրերի, մասնավորապես՝ «Կարս-Թբիլիսի-Բաքու» երկաթուղու կառուցման համար: Մինչդեռ իրականում դա ընդամենը Մուստաֆաեւի բարի ցանկությունն է, ոչ ավելին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ «Այո, Անթալիայում իսկապես տեղի է ունեցել ՏՐԱՍԵԿԱ-ի ազգային քարտուղարների աշխատանքային նիստ: Այս նիստում քննարկվող հարցերից մեկը եղել է այն, որ ստեղծվի հիմնադրամ, որի միջոցները հավաքվում են ինչպես անդամ երկրների վճարած անդամավճարներից, այնպես էլ դոնորների ներդրումներից: Հայաստանն էլ է կողմ, որ նման հիմնադրամ ստեղծվի, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է փող դնենք, որ «Կարս-Ախալքալաքը» կառուցվի, ո՞վ ասաց, որ մենք պետք է կողմ քվեարկենք այդ նախագծին: Եթե անդամներից որեւէ մեկն իր համաձայնությունը չտա՝ նախագիծը չի ընդունվի՝ անկախ այդ երկրի չափերից, դիրքից ու հնարավորություններից: Բնականաբար, ամեն երկիր պետք է շահագրգռված լինի, որ այդ գումարներն իր երկրին ծառայեցնի: Մուստաֆաեւը կարող է առաջարկել, որ հավաքված ամբողջ գումարն էլ տանք «Կարս-Ախալքալաք» երկաթուղու կառուցման համար, բայց մենք էլ կարող ենք առաջարկ անել Երասխից մինչեւ Իրան երկաթուղի կառուցել»:

Ըստ նախարարի, բարեբախտաբար, ՏՐԱՍԵԿԱ-ն այն եզակի նախագծերից է, որտեղ Հայաստանն ամենաակտիվ անդամներից է: Այդ ակտիվությունը դրսեւորվեց այն ժամանակ, երբ որոշվեց, որ ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ երկրների վճարած 10 մլն եվրոյից միայն 2 մլն-ը բերել Հայաստան: Սա այն դեպքում, երբ տարեկան ՏՐԱՍԵԿԱ-ի անդամները վճարում են 50 հազար եվրո եւ հավաքված գումարը հավասարապես բոլոր անդամների միջեւ բաշխելու դեպքում պետք է յուրաքանչյուրին տրամադրվեր ընդամենը 700-800 հազար եվրո:

Պարոն Մանուկյանը վստահեցրեց, որ ՏՐԱՍԵԿԱ-ի ներդրումային հիմնադրամի միջոցներով «Կարս-Թբիլիսի-Բաքու» երկաթուղին չի կառուցվի. «Քանի դեռ ես նախարար եմ՝ դեմ կլինեմ այդ նախագծին ու այն պարզապես չի իրականանա, բայց եթե նույնիսկ այդ երկաթուղին կառուցելու համար համաձայնությունն էլ լինի՝ նախ դա մի քանի օրում չի լինի, քանի որ կառուցման համար 5-6 տարի կպահանջվի, բացի այդ, «Կարս-Թբիլիսի-Բաքու» երկաթուղու կառուցմանը կարելի է մեկ այլ տեսանկյունից էլ նայել. Ախալքալաքում էլ մեր Ջավախքն է, այնտեղ էլի մեր հայությունն է, եւ այդ շինարարությունից առաջին հերթին ջավախահայությունն է օգտվելու, պետք չէ դրանից այդքան մեծ աղմուկ բարձրացնել»:

Նկատենք, որ Ջավախքում գործող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ջավախահայության անունից գրեթե ամեն օր հայտարարություններ են տարածում, թե Ջավախքի հայերը դեմ են «Կարս-Ախալքալաքի» կառուցման թուրք-ադրբեջանական նախագծին, քանի որ, ըստ նրանց, թուրքական յաթաղանը նորից ներհոսելու է Ջավախք, նորից ջավախահայերին ստիպելու են խոսել թուրքերեն, լսել թուրքական երաժշտություն, այնպես, ինչպես այսօր ջավախեցիներին պարտադրում են վրացերենը, վաղը կպարտադրեն թուրքերենը: Այսպիսի դիտարկումները փոքր-ինչ ծայրահեղական են, քանի որ առայժմ վաղ է ենթադրություններ անել, թե ինչ կլինի 10-15 տարի հետո, բայց տնտեսական տեսանկյունից Ջավախքը կզարգանա: Ներկայումս այն «մեռյալ» գոտի է, Ջավախքի հայերը գործազուրկ են եւ օրվա հացն անգամ դժվարանում են վաստակել: Երկաթուղու կառուցումից հետո ապրանքաշրջանառությունը կմեծանա եւ այս տեսանկյունից է, որ նախարար Անդրանիկ Մանուկյանն այնքան էլ չի սարսափում այն մտքից, որ երբեւէ հնարավոր է թուրք-ադրբեջանական երկաթգծային նախագիծն իրականանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել