Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն այրում է վերջին կամուրջները

Ապրիլ 11,2007 00:00

Իրանի ղեկավարությունը, կարծես միտումնավոր, անում է ամեն ինչ ԱՄՆ-ի ռազմական ներխուժումն այդ երկիր առավել հավանական դարձնելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ընդունված երկրորդ՝ ավելի խիստ բանաձեւի թանաքը դեռ չչորացած՝ Իրանի նախագահը հանդես է գալիս աննախադեպ գրգռիչ հայտարարությամբ՝ իր երկրի հանրությանն աչքալուսանք տալով առ այն, որ Իրանն այլեւս ի վիճակի է սկսել միջուկային վառելիքի զանգվածային արտադրությունը: Ավելին, Ահմադինեջադը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից իր երկրի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման, քանի որ «Իրանը պատրաստ է պաշտպանվել»:

Իսկ Իրանն իսկապես պատրաստվում է հնարավոր հարձակումներին: Նախօրեին Լոնդոնում լույս տեսնող արաբական Al-Hayat թերթը տեղեկացրել է, որ իրանական բանակը բերվել է ռազմական թիվ մեկ պատրաստականության: Զուգահեռաբար, իրանցի պաշտոնատարներն ինչպես իրենց երկրի, այնպես էլ միջազգային հանրությանը պարբերաբար իրազեկում են միջուկային ոլորտում արձանագրած իրենց նոր հաջողությունների մասին: Իրանի ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ռեզա Աղազադեն երեկ հայտարարել է, որ իրանցի մասնագետները մտադիր են 50 հազար ցենտրիֆուգ տեղադրել Նաթանցի միջուկային կենտրոնում: Ցենտրիֆուգը հատուկ սարքավորում է, որի օգնությամբ հնարավոր է զատել խառնուրդների բաղադրիչ նյութերը: Տվյալ դեպքում խոսքը հարստացված ուրանի մասին է: Ընդամենը մի քանի կիլոգրամ «մաքուր ուրանը» բավական է միջուկային ռումբ ստեղծելու համար, սակայն այդ նյութը ստանալու համար պահանջվում է տասնյակ հազարավոր ցենտրիֆուգների աշխատանքը: Այս ամենով հանդերձ, պաշտոնական Թեհրանը շարունակում է հավաստիացնել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ է եւ զենքի ստեղծում չի նախատեսում: Թեհրանի այս նոր դեմարշի կապակցությամբ չի ուշացել նաեւ ԱՄՆ-ի արձագանքը: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմակը հայտարարել է, որ ո՛չ Վաշինգթոնը, ո՛չ ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ ո՛չ էլ ՄԱԳԱՏԵ-ն չեն հավատում Իրանի միջուկային ծրագրերի խաղաղ բնույթին:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած միջազգային ճգնաժամն այլեւս անհնար է կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այն, որ պաշտոնական Թեհրանը մտադիր չէ դույզն-ինչ նահանջել իր դիրքերից, արդեն ոչ մեկի մեջ կասկած չի առաջացնում: Միանշանակ է նաեւ, որ միջուկային տերություն դառնալու՝ Իրանի նկրտումների հետ Վաշինգթոնը երբեք չի հաշտվի: Ուստի պարզ չէ, թե սրանից հետո հատկապես ինչի շուրջ պետք է ընթանան բանակցությունները: Իսկ դա նշանակում է, որ առկա լարվածությունը, ուշ թե շուտ, կհանգեցնի ռազմական բախման: Եթե, իհարկե, մինչ այդ ինչ-որ դիվանագիտական հրաշք տեղի չունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել