Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհամաձայնություն

Ապրիլ 11,2007 00:00

«Այլընտրանքն» ու քաղաքապետարանը համաձայնության են եկել Ազատության հրապարակում հանրահավաքներն անցկացնելու շուրջ:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն արդեն ծանուցել է, որ իր առաջիկա հանրահավաքները՝ ապրիլի 13-ին եւ 20-ին, անցկացվելու են Ազատության հրապարակում: Դրանք, ի տարբերություն նախաձեռնության վերջին՝ մարտի 23-ի հանրահավաքի, «արտոնվել են» Երեւանի քաղաքապետարանի կողմից: Մինչ այդ քաղաքապետարանը նախաձեռնության հանրահավաքներն Ազատության հրապարակում անցկացնելու դիմումները նախանձելի համառությամբ մերժում էր: Դա, թերեւս, այնքան սկզբունքային հարց էր քաղաքապետարանի համար, որ վերջինս «Այլընտրանքի» հանրահավաքները խոչընդոտելու համար նույնիսկ հայտնվեց դատական ատյանում ու կեղծված փաստաթղթերով փորձեց հիմնավորել իր մերժման որոշումը: Զարմանալի էր, որ այս անգամ քաղաքապետարանը հոժար կամքով համաձայնել է «Գարուն-2007» համերգային ծրագիրը «զոհել» հանուն «Այլընտրանքի»: Բայց, ինչպես պարզվեց նախաձեռնության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ զրույցից, քաղաքապետարանի համաձայնությունն իրականում այնքան էլ հեշտ չէր ստացվել: Դեռ ապրիլի 2-ից երկար՝ բանավոր, ապա նաեւ գրավոր բանակցություններ էին ընթացել քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի եւ նախաձեռնության անդամների միջեւ:

«Այլընտրանքն» ի սկզբանե դիմել էր հանրահավաքները ժամը 17:00-ից մինչեւ 19:00-ը անցկացնելու համար, բայց քաղաքապետն արգելել էր՝ այդ որոշումը հիմնավորելով նույն ժամանակահատվածում «Գարուն-2007» փառատոնի շրջանակներում հրապարակում համերգների անցկացմամբ: «Մեզ առաջարկվեց միջոցառումներն անցկացնել ցերեկային ժամերին՝ 14:00-16:00-ը, բայց, ի վերջո, երբ մենք պահանջեցինք գրավոր հիմնավորել մերժումը՝ քաղաքապետարանը տեղի տվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները, ովքեր ՀՀ-ում էին գտնվում դեռ մարտի վերջերից, ապրիլի 5-ին հրապարակված իրենց առաջին միջանկյալ զեկույցում անդրադարձել էին նախընտրական փուլում հավաքների ազատության սահմանափակման փաստին՝ արձանագրելով Երեւանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման արգելքի հանգամանքը: Առաքելությունը նաեւ շեշտել էր, թե շահագրգիռ է քաղաքապետարանի՝ հանրահավաքներն արգելելու հետ կապված դատարան հասած գործի պաշտոնական փաստաթղթերի ձեռքբերմամբ եւ ուսումնասիրմամբ: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հարցրինք պարոն Խաչատրյանին, թե որքանո՞վ է քաղաքապետարանի կողմից «Այլընտրանքի» նկատմամբ ավելի բարյացակամ դարձած վերաբերմունքը պայմանավորված դիտորդների այդ հայտարարությամբ: Վ. Խաչատրյանը նախ ասաց, թե իրենք հանդիպել են դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ եւ նաեւ փոխանցել են նրանց հետաքրքրող փաստաթղթերը: Նախկին քաղաքապետի դիտարկմամբ՝ «դիտորդները չէին էլ սպասում, որ մենք պատրաստ կլինենք դրան»:

Ինչ վերաբերում է դիտորդների դերակատարությանն առաջիկա հանրահավաքների «արտոնման» հարցում, ապա Վ. Խաչատրյանի մատուցմամբ, գուցե նաեւ նրանք են որոշակի դեր խաղացել, բայց գլխավորն այն է եղել, որ «Այլընտրանքի» նախաձեռնողները հետեւողական են եղել իրենց իրավունքների պաշտպանության հարցում եւ առաջնորդվել են միայն օրենքով՝ քաղաքապետարանին ստիպելով գրավոր կերպով եւ օրենքի վկայակոչմամբ հիմնավորել մերժման որոշումները:

Իհարկե, առաջիկա երկու հանրահավաքներն «արտոնելուց» հետո էլ դժվար է վստահաբար ասել, թե քաղաքապետարանը հետայսու չի արգելի «Այլընտրանքին» հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում: Ինչպես Վ. Խաչատրյանն ասաց՝ հանրահավաք կլինի նաեւ ապրիլի 27-ին, բայց չշտապեց կանխատեսել, թե արդյոք այն ե՞ւս «արտոնված» կլինի. «Դա երեւի անընդհատ բանակցությունների գործընթաց է լինելու մեզ համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել