Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՑՑԵ՛ ՄԵՐ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՐԱՆԸ»

Ապրիլ 11,2007 00:00

\"\"Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանը երեկ երեկոյան անվավեր ճանաչեց թիվ 19 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանի եւ Սուսաննա Հարությունյանի գրանցումը:

ԱԺ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ «Քաղաքացիական անհնազանդություն» նախաձեռնության խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանի թեկնածությունը գրանցելու վերաբերյալ թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան էր դիմել նրանց մրցակիցը՝ Արաբկիրի համայնքապետի օգնական Հակոբ Հակոբյանը: Եվ դատարանն ապացուցված համարեց, որ այդ երկու թեկնածուների առաջադրումը պաշտպանող ստորագրությունների թվում կան մի դեպքում՝ 3, մյուս դեպքում 2 կեղծված ստորագրություններ: Դատարանում Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչը պնդել էր, թե ունեն նախաձեռնող խմբի անդամ վկաներ, որ ստորագրությունները կեղծված չեն՝ մարդիկ իրոք ստորագրել են: Սակայն Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Հրաչ Սարգսյանը մերժեց այդ վկաներին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու միջնորդությունը: Իսկ դատաձեռագրաբանները, կատարելով փորձաքննություն, եզրակացրել էին, թե ստորագրությունները կեղծված են: Դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման: Քարոզարշավը կշարունակեն միայն երեւանցի Հակոբ Հակոբյանը եւ գեներալ Սեյրան Սարոյանը:

Դատական նիստին հետեւում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները: Երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Տայո Օկեն եւ Թրուդի Հյուսը երեկ հանդիպում ունեցան Հակոբ Հակոբյանի հետ: Վերջինս փոխանցեց, որ դիտորդներին պատմել է, թե ինչ «անօրինականություններ են իր նկատմամբ անում Արմավիրի մարզպետը եւ ոստիկանապետը: Ասել եմ, որ միլիցիան՝ մարզպետի գլխավորությամբ, միջամտում է, մարդկանց տանում է, ծեծում, ահաբեկում»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության խոսնակը տեղեկացրել է, թե պատգամավորի հետ կատարվածը կընդգրկեն իրենց վերջնական զեկույցում:

Երեկ զրուցեցինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, որը մասնակցում էր Արմավիրի քաղաքապետի երդման արարողությանը: Մեր հարցին, թե արդյոք այն, որ առայժմ Արմավիրի մարզն է ընտրությունների ամենաթեժ կետը՝ հնչած կրակոցներով, հրկիզումներով եւ այլն, չի՞ վկայում, որ տեղական իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը՝ մարզպետը պատասխանեց. «Այն կարծիքին եմ, որ տեղական իշխանությունները, ինչպես նաեւ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: Եվ կարծում եմ, որ վերջին մի քանի օրերի իրավիճակից երեւում է, թե պատգամավորության որոշ թեկնածուներ ուղղակի իրենց սեւ գործն են անում: Եթե օրենքը նախատեսում է, որ 50 հոգի պետք է լինեն նախաձեռնող խմբում, եւ ստորագրությունների մեջ հայտնաբերվել են կեղծիքներ՝ չեմ հասկանում, թե այդ մարդիկ չե՞ն հասկանում, որ դա օրենքի խախտում է: Թող իրենք իրենց նախաձեռնող խմբի անդամներին պահանջներ ներկայացնեն, թե ինչո՞ւ են նրանք խախտումներ արել»: Նշենք, որ մենք զրուցում էինք ժամը 16-ին, դատարանի որոշումը հրապարակվեց դրանից միայն 2 ժամ անց: Աշոտ Ղահրամանյանը մեր դիտարկմանը, թե ի պաշտպանություն Հակոբ Հակոբյանի ցույցը վկայում է, որ նա 50 ստորագրության խնդիր չունի՝ այսպես արձագանքեց, թե այնուամենայնիվ՝ խախտվել է օրենքի պահանջը. «Որքանով տեղյակ եմ, անցած ընտրություններում իր մրցակիցներից մեկը 1 կեղծիք էր թույլ տվել, եւ նրան չէին գրանցել: Կրկնում եմ, թող գնա իր նախաձեռնող խմբից պահանջի բացատրություններ, թե ինչու են իրեն խաբել»: Հակոբ Հակոբյանը, սակայն, մարզպետին է մեղադրում՝ նշելով, թե Աշոտ Ղահրամանյանը, որը ոստիկանության համակարգի նախկին աշխատակից է՝ այժմ ուժային մեթոդներով դուրս է մղում իրեն ընտրարշավից: «Ես ընդհանրապես որեւէ կապ չունեմ այդ խնդրի հետ: Մենք պարտավոր ենք ապահովել թափանցիկ եւ արդար ընտրություններ,- ասաց Արմավիրի մարզպետը:- Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի ասածներին… բարդ բան է, երբ մարդն իր ասածների համար պատասխանատվություն չի կրում»:

Այնուամենայնիվ եւս մի մեջբերում արեցինք Հակոբ Հակոբյանից. «Արմավիրը գյուղատնտեսական մարզ է, եւ գարնան այս բեղուն շրջանում մարզպետի միակ հոգսը գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը պետք է լիներ, բայց քանի որ ինքը գյուղատնտեսությունից բացարձակապես ոչինչ չի հասկանում, փորձում է այս բացը լրացնել նախընտրական գործընթացներին իր ակտիվ միջամտությամբ»: Ի պատասխան՝ պրն Ղահրամանյանն ասաց. «Կարծում եմ, մարզի գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիները կասեն, թե մարզպետն ինչպես է առավոտից գիշեր զբաղվում ոռոգման ջրից մինչեւ պարարտանյութերի հարցերով»:

Ի դեպ, թեեւ Հակոբ Հակոբյանն ինքն էլ հազիվ 10 ամիս է, ինչ հանրապետական է, մարզպետի մասին ասել էր, թե մի քանի օրական հանրապետականներին չի համարում կուսակցական: «Ես ընդհանրապե՛ս ՀՀԿ անդամ չեմ»,- պարզաբանումով մեզ զարմացրեց մարզպետը:

Իսկ Հակոբ Հակոբյանին դատարանի որոշումից հետո դարձյալ հարցրինք՝ շարունակելո՞ւ է մնալ ՀՀԿ անդամ. «Այո՛, մնում եմ ՀՀԿ անդամ՝ մինչեւ երկրից հեռանալս: Ես մտադիր եմ գնալ երկրից: Նախ՝ ընտանիքիս անդամներին կուղարկեմ դուրս: Եվ չեմ զբաղվի այստեղ որեւէ գործունեությամբ: Դեռ ունեմ դատական գործընթացներ՝ դրանք կավարտվեն, ու կթողնեմ, կգնամ այստեղից»:

Արմավիրի 1-ին ատյանի դատարանի որոշումը գնահատեց հեգնանքով. «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության արդար դատարանը»: Հակոբ Հակոբյանը հավելեց, թե իր նկատմամբ իրականացվում են հալածանքներ. «Երեւի մեզնից ինչ-որ բան ներկայացնում ենք, որ իշխանություններն այսպիսի համառությամբ փորձում են մեզ դուրս մղել քաղաքական դաշտից»:

Սուսաննա Հարությունյանը մեր հարցին, թե ի՞նչ է մտադիր անել դատարանի որոշումից հետո՝ այսպես պատասխանեց. «Ես չեմ դադարեցնելու իմ պայքարը: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի մեր Հայաստանն ուժի երկրից դառնա ժողովրդավարական պետություն, որտեղ կհարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: Եվ ամեն օր, ամեն ժամ պայքարելու եմ դրա համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել