Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԳ ԳՐԵԼՆ Է»

Ապրիլ 11,2007 00:00

Ասում է Ռուբեն Հախվերդյանը

– Դաշնակցության նախընտրական երգի երաժշտության հեղինակը դուք եք, կատարումը եւս ձերն է, ինչո՞ւ եք դարձյալ ընտրել Դաշնակցությանը:

– Եթե հիշում եք, դեռ ՀՀՇ-ի ժամանակներից միշտ պաշտպանում էի Դաշնակցության դատը եւ պայքարել եմ կարողացածիս չափ այն անարդարության դեմ, ինչը կոչվում էր ՀՀՇ-ի դիկտատուրա, որովհետեւ ուղղակի փակել էին այս կուսակցությունը: Ես ինքս շատ հարգում եմ այս կուսակցությունը, որովհետեւ նախ եւ առաջ նրանք սոցիալիստներ են, եւ բացի ամեն ինչից, այն նախարարներին, որոնց առաջադրել է Դաշնակցությունը, ես շատ լավ եմ ճանաչում եւ գիտեմ՝ նրանք պարկեշտ մարդիկ են, համենայնդեպս՝ գռփողներ չեն եւ չեն եկել մեր ժողովրդից մի բան փախցնելու, տանելու, այլ եկել են մեր ժողովրդի համար մի բան անելու, եկել են ինչ-որ բանով օգտակար լինելու իրենց ազգին: Իսկ ես դա կարող եմ վստահաբար ասել, որովհետեւ իրենք ուղղակի իմ ընկերներն են եւ, բնականաբար, գաղափարակիցներ:

– Այսօր 24 կուսակցություն է հայտ ներկայացրել խորհրդարան մտնելու, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, երբ կուսակցությունները շատ-շատ են:

– Ես կոնկրետ հիմա անուններ կտամ, որոնց շատ հարգում եմ եւ իրենց էլ երախտապարտ եմ իրենց ճշմարտախոսության եւ պահվածքի համար, ասենք՝ Մանուկ Գասպարյան, Շավարշ Քոչարյան եւ այլք: Սրանք շատ կարգին մարդիկ են: Ես կարծում եմ, որ այդ փոքր կուսակցությունները պետք է հարեն Դաշնակցությանը կամ՝ ոչ թե մտնեն այդ կուսակցության մեջ, այլ՝ միանան այս կուսակցությանը, որովհետեւ սկզբունքներով իրենք էլ են սոցիալիստներ, գիտեմ, որ իրենք էլ անկեղծ եւ կարգին մարդիկ են, այսինքն՝ միայն Դաշնակցության մեջ չի, որ կան կարգին մարդիկ, շատ կարգին մարդիկ ունենք մենք հենց խորհրդարանում, որոնք պետք է հավաքվեն Դաշնակցության շուրջ:

– Բայց Դաշնակցության մասին ոչ բոլորն են այդ կարծիքին, ոմանք ասում են, որ Դաշնակցությունն այնքան էլ անմեղ կուսակցություն չէ, եւ ոմանք նույնիսկ պնդում են, որ վտանգավոր բաներ ունի իր մեջ:

– Բացառիկ մաքուր լինել, երբ դու արտաքնոցում ես եւ շուրջբոլորդ կեղտով է լցված՝ չես կարող, էսպես թե էնպես՝ քսվում ես ինչ-որ բաների, եւ եթե որոշ բաներ կուսակցությունը չի կարողանում կատարել, դա նրանից է, որ ուղղակի ի զորու չէ կատարելու իր ցանկությունները: Միշտ չէ, որ մեր ցանկությունները եւ մեր կարողացածը իրար հետ համընկնում են:

– Դուք միշտ էլ ինչ-որ չափերով մասնակցում եք քաղաքական գործընթացներին:

– Որպես քաղաքացի՝ ընդամենը:

– Այո, եւ, անշուշտ, ձեր կարծիքն ունեք այսօրվա ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություններ հարաբերությունները, ըստ որոշ գնահատականների՝ 2007-ի ընտրությունները շատ ավելի լարված են լինելու, քան եղել են երբեւէ, դուք ե՞ւս այդպես եք կարծում:

– Ես չեմ ուզենա շատ արյուն թափվի:

– Կարծում եք, արյո՞ւն կթափվի:

– Ես էն ժամանակ էլ ասել եմ. ներկա շատ մեծահարուստներ կլինեն, որ «Կնքահայրի» առաջին սերիան տեսել են, վերջինը չեն տեսել: Ես դեմ եմ էդ կլանային բաներին, էդ մաֆիոզ հարաբերություններին, եւ դրանք ամենից շատ խանգարող են պետականացմանը, ամենախանգարիչ հանգամանքները դրանք են, եւ դրանց պատճառով մեր պետականությունը չի կայանում մինչեւ հիմա: Մեկը մեկի քավորն է, մեկը էն մյուսի սանիկն է եւ այլն: Էս ամեն ինչը պետք է մի կողմ դնենք եւ բոլորս հասկանանք, որ մենք մի ազգ ենք, մի ամբողջություն, այսինքն՝ անենք էն, ինչ, ի վերջո, ուզում է Դաշնակցությունը:

– Դաշնակցությունը որպես կուսակցություն ունի նաեւ չսիրողներ:

– Որեւէ սկզբունքային մարդ, որը չոր է իր տեսակետների մեջ, շատ սիրողներ չի կարող ունենալ, եւ ես կարծում եմ, որ Դաշնակցության մասին էլ կարելի է ասել նույնը, ինչ որ հայտնի պատմիչն ասել է՝ «մենք փոքր ենք ածու», բայց մենք էլ ունենք արած գործեր: Դաշնակցությունը ունեցել է իր սխալները, դա պետք չի մոռանալ, բայց էդ սխալները մեր ազգի սխալներն են եղել, քանի որ Դաշնակցությունը մեր ազգի, մեր ժողովրդի մի մասն է կազմում: Ուղղակի մենք գաղափարներով ենք կողմ Դաշնակցությանը՝ քննադատաբար լինելով հանդերձ:

– Դուք կուսակցության անդա՞մ եք:

– Ոչ, իմ կուսակցությունը երգ գրելն է, բայց ես, որպես Հայաստանի քաղաքացի, իրավունք ունեմ, չէ՞, մի կուսակցության նկատմամբ համակրանք ունենալ, եւ այդ կուսակցությունը մեր հին ընկերն է՝ Դաշնակցությունը:

– Դուք հավատո՞ւմ եք, որ ընտրությունները կանցնեն արդար:

– Ոչ, հարյուր տոկոսով չի լինի, իհարկե, բայց ես կուզենամ գոնե մի 70 տոկոսով մաքուր լինեն ընտրությունները:

– Ի՞նչը կամ ո՞վ կխանգարի, որ մաքուր լինեն:

– Շատ ենք տարածվում: Անձնական շահերը կխանգարեն, եւ համակարգը, որ ստեղծված է՝ դժվար թե թույլ տա, որ 100 տոկոսով մաքուր ընտրություններ լինեն: Դաշնակցությունը, կարծեմ, առաջ է քաշում համակարգային փոփոխություններ, դա կարեւոր է:

– Մեր երկրի եւ մեր հասարակության համար ձեր ո՞ր երգն է ավելի սազում:

– Ես իմ երգերը հազիվ եմ հիշում, չեմ կարող ասել:

– Այնուամենայնիվ:

– Երեւի սա՝ «Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր, որ սարերը մեր չմնան անտեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել