Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մոտ օրերս մեկնում են Ստրասբուրգ (Ֆրանսիա)՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Անցած տարվա գրանցված հաջողությունները կրկնելու կամ զարգացնելու հույսեր կա՞ն: Այդ մասին երեկ «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
– Եվրոպայի առաջնությունը մրցաշրջան 2007-ի առաջին պաշտոնական պատասխանատու մրցումն է: Հայաստանի ծանրորդները երբվանի՞ց եւ ինչպե՞ս են նախապատրաստվել դրան:
– Մեր առջեւ դրված գլխավոր առաջադրանքը ոչ միայն 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում հնարավորինս շատ մասնակիցներ ունենալն է, այլեւ մեդալների համար պայքարելը: Իսկ այս տարի կայանալիք Եվրոպայի ու աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններն այդ ճանապարհի կարեւորագույն փուլերն են: Հավաքականները դրանց նախապատրաստվել սկսել են դեռեւս հունվարից: Ընդհանուր առմամբ՝ կազմակերպվել է յոթ ուսումնամարզական հավաք: Իմ կարգախոսն է. «Ծանրամարտի հավաքականների համար «չկա» եւ «ոչ» բառերը չպետք է լինեն»: Հավաքականների թեկնածուներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ սկսած մարզումային լիարժեք պայմաններից, մարզագույքից, վերջացրած բնական բարձրակարգ սննդով: Վերջերս ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը գնեց նոր ծանրաձողեր, որոնք լինելու են վարկանիշային համարվող աշխարհի առաջնությունում եւ օլիմպիական խաղերում, իսկ Եվրոպա մեկնող հավաքականներին ապահովեց «Adidas» ֆիրմայի արտադրության ամբողջական համազգեստով:
– Դուք խոսեցիք բնական բարձր կալորիականություն ունեցող սննդի մասին, առանց որի մարզիկի ուժերը չեն վերականգնվի: Դա նշանակո՞ւմ է, որ արգելված խթանիչների օգտագործումն այս տարի էլ բացառված է:
– Միանշանակ: Ես մոտ մեկուկես տարի է, ինչ ստանձնել եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ու այդ օրվանից սկզբունքային պայքար եմ սկսել դոպինգի դեմ: Բոլոր մարզիչներն ու ծանրորդները քաջ գիտեն, որ դրված կարգը խախտելու դեպքում ոչ մի ներում չի լինելու: Շատերը մտածում են, թե առանց դոպինգի անհնար է բարձր արդյունք ցույց տալ: Բայց մենք անցած տարի ապացուցեցինք, որ կարելի է նաեւ հաղթել, անգամ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալներ էլ նվաճել:
Մոտ 10 օր առաջ այստեղ էին հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՎԱԴԱ) մասնագետները: Նրանք վերցրին մարզիկների մեզի նմուշները: Կասկած չունեմ, որ բոլորն էլ «մաքուր» են:
– Ստրասբուրգում բոլոր քաշային կարգերում մասնակից ունենալո՞ւ ենք:
– Աղջիկներից մրցահարթակ կմտնի, հավանաբար, չորս հոգի: Տղաներից միայն գերծանր քաշում մասնակից չենք ունենա:
– Եվրոպայի առաջնությունում քանի՞ մեդալ եք պլանավորել նվաճել:
– Մեդալներ կլինեն, բայց եկեք թվեր չասենք: Կարծում եմ, որ մարզասերները բավարարված կզգան, եթե ասեմ, որ նպատակը թիմային հաշվարկում մրցանակային տեղ գրավելն է, այնպես վերադառնալը, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանում ծանրորդներին դիմավորողների մեծ բանակ հավաքվի: