Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի մասին օրենքը մնաց գալիք խորհրդարանականներին

Ապրիլ 10,2007 00:00

Իսկ ՊՈԱԿ օրենքը պատուհաս է դարձել թատրոնի մարդկանց գլխին

2003թ. ի վեր չարչրկվում է «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, սակայն մինչ օրս ԱԺ-ն ու կառավարությունը ոչ մի քայլ չեն ձեռնարկել այն օրենք դարձնելու համար: Արդյունքում՝ թատրոնները մնացել են ՊՈԱԿ-ի (պետական ոչ առեւտրային կազմակերպության) մասին օրենքի «հույսին», որը, թատրոնի մարդկանց բնորոշմամբ, լի է բազմաթիվ կիքսերով:

Մեզ հետ զրուցած թատերարվեստի ներկայացուցիչները նշում են, թե 2005թ. մշակվել է հայեցակարգ, որը ինչ-որ առումով լրացնում էր ՊՈԱԿ օրենքը, կանոնակարգում թատրոնների կառավարումը՝ լուծելով տնօրեն- գեղարվեստական ղեկավար «հակամարտությունը»: Սակայն դա բավարար չէ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի խոսքերով՝ «Այն, որ մինչ օրս Թատրոնի մասին օրենքը չի քննարկվել՝ շատ վատ է: Նախկին ԱԺ նիստերում տպավորություն է ստեղծվել, թե մեր պատգամավորներին քիչ են հուզում մշակութային հարցերը: Ինձ հույս է ներշնչում միայն տիկին Հրանուշ Հակոբյանի գոյությունը ԱԺ-ում, թեեւ այս դեպքում էլ ասացվածք կա՝ «Մի ծաղկով գարուն չի գա»:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով էլ, թատրոնի մասին օրենքը պետք է տեղավորել ՊՈԱԿ-ի մեջ. «Թատրոնները, միեւնույն է, մնում են ՊՈԱԿ: Թատրոնի մասին օրենքի նախագիծը պրակտիկորեն թատրոնի զարգացում չի ենթադրում, որովհետեւ իր մեջ չի պարունակում դրա մեխանիզմները: Ես կողմ եմ, որ այդ օրենքով կիրառվեն թատրոնի ինքնուրույն զարգացումը խթանող մեխանիզմներ: Խոսքս վերաբերում է հատկապես հարկային արտոնություններին, մեկենասությանը եւ այլն: Օրինակ, պետպատվերի շրջանակում այն գումարը, որ հատկացվում է հիվանդանոցին, տրվում է որոշ հիվանդների բուժմանը: Առաջարկում եմ նույնը կիրառել թատրոնների դեպքում: Մի խոսքով, կարեւորը ճիշտ սկզբունքներ ընտրելն է, ինչը պիտի հստակ երեւա օրենքում»:

Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ ասաց. «Գտնում եմ, որ օրենք կարող է եւ չլինել: Փոխարենը ՊՈԱԿ-ի մասին օրենքում լրացումներ կամ ճշգրտումներ կատարվեն: Օրինակ՝ գեղարվեստական ղեկավարի անձեռնմխելիության մասին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր թատրոն իր օրենքով պետք է աշխատի, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Իսկ օրենքը ազատություն պետք է տա գեղարվեստական ղեկավարին: Մի հարցում էլ, վստահ եմ, որ իմ կոլեգաներն ինձ հետ կհամաձայնեն՝ պետք է վերացվի ավելացված արժեքի հարկը»:

Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն էլ է կողմ թատրոններից ԱԱՀ-ի վերացմանը. «Թատրոններից գանձվող տոմսերի արժեքի 20%-ը եղանակ չի ստեղծում պետբյուջեի վրա, բայց զգալի գումար է թատրոնների համար»:

Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը վստահեցնում է, որ եթե ԱԺ-ն ընդունի թերի նախագիծ, ապա այն ավելի կդժվարացնի թատրոնների աշխատանքը. «Ի վերջո, ցանկացած օրենք քարացած մի բան չէ, այն կարելի է փոփոխել: Նախ պետք է ճշտել՝ ինչ բան է ընդհանրապես ՊՈԱԿ-ը, հետո նոր մտածել թատրոնի օրենք ունենալու մասին»:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը հայտնեց հետեւյալը. «Ես այն մարդկանցից եմ, ով մասնակցել է Թատրոնի մասին օրենքի քննարկումներին: Չենք ուզում, որ հապճեպ օրենք ընդունվի: ՊՈԱԿ-ի մասին օրենքը միանշանակ թերի է»:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանն էլ ծիծաղելի եւ անբարո է համարում ՀԴՄ-ների «ներմուծումը» թատերարվեստ: Նա գտնում է, որ 1-2 հոգով օրենք չեն գրում:

Մեզ հետ զրուցած թատերարվեստի գործիչներն ապագա խորհրդարանականներից ակնկալում են Թատրոնի մասին կատարյալ օրենքի ընդունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել