Հասմիկ Պողոսյանին ձեռնտու է մշակույթի հետ կապ չունեցող աշխատակազմի ղեկավար ունենալը
Մարտի 27-ին կայացավ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մարտի 30-ին արդյունքներն արդեն հրապարակվել են: Օրենքով կառավարությունը 7-օրյա ժամկետում պետք է նշանակի այն թեկնածուին, ում կներկայացնի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս ուշացումով՝ անցյալ երեքշաբթի է հաղթողի մասին համապատասխան եզրակացություն ներկայացրել կառավարություն:
Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Նառա Եղիազարյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մշակույթի նախարարությունը աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար կառավարության հաստատմանն է ներկայացրել Վարդան Բարսեղյանի թեկնածությունը. «որովհետեւ նա անկուսակցական է եւ դա իր առավելությունն է»: Պրն Բարսեղյանը ավարտել է Պոլիտեխնիկ ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը եւ բավական հետաքրքիր անցյալ ունի. աշխատել է այնպիսի կառույցներում, որոնք մշակույթի հետ ամենեւին կապ չունեն՝ ՀՀ առեւտրի, տրանսպորտի եւ կապի նախարարություններ, Հայլեռտեխհսկողության վարչություն եւ այլն: Վ. Բարսեղյանի վերջին աշխատատեղը Հայջրտնտպետկոմիտեն է:
Մշակույթի նախարարի մամուլի քարտուղարը նաեւ հայտնեց, որ ժամկետների առումով նախարարությունը խախտումներ թույլ չի տվել:
Նշենք, որ մրցույթում բավարար միավորներ էին հավաքել Միավորված աշխատանքային կուսակցությունում փորձագետ աշխատող Կարեն Արիստակեսյանը, մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սուրեն Հովհաննիսյանը եւ Կոտայքի մարզպետարանի մշակույթի վարչության մի աշխատակից:
Այժմ մշակույթի նախարարությունում լարված վիճակ է տիրում՝ աշխատակիցները մտահոգված են, որ նախարարը հավանություն է տվել ոչ թե մշակույթի հետ քիչ թե շատ կապ ունեցող այս թեկնածուներից որեւէ մեկին, այլ Վ. Բարսեղյանին: Նրանք գտնում են, որ մրցույթի թեստերից 100 տոկոս հավաքելը դեռ բավարար չէ աշխատակազմի ղեկավար աշխատելու համար: Ըստ նախարարության որոշ աշխատակիցների, որոնց անունները բնականաբար չենք նշում, Վ. Բարսեղյանը չի կարող կառավարել զուտ կառավարման տեսանկյունից, ինչպես մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանը չէր կարողանա ղեկավարել նախարարությունը, եթե ոլորտը լավ չպատկերացներ: Նրանց համոզմամբ, Հ. Պողոսյանին ուղղակի ձեռնտու է թույլ աշխատակազմի ղեկավար ունենալը, որովհետեւ այդ պարագայում նախարարությունում «հարցեր կլուծեն» ու գումարների ելումուտին տեղյակ կլինեն միայն նախարարն ու իր բարեկամ ու գլխավոր խորհրդական, ՄԱԿ անդամ Արեգ Հայրապետյանը: Իսկ Կ. Արիստակեսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնը խոստանալն ու «քաշելը», ըստ մեր տեղեկությունների, ուղղակի խաղ էր, այնպիսին, ինչպիսին պատահեց, օրինակ, Չարենցավանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ. ՄԱԿ կուսակցության ղեկավար Գ. Արսենյանը հայտարարել էր, թե իր կուսակցությունը պատրաստ է դիմակայել մարզպետ Կ. Շահգալդյանի որդուն՝ Հակոբին, սակայն ընտրություններից օրեր առաջ, առանց համոզիչ հիմնավորումների, ՄԱԿ-ը հանեց իր ներկայացուցչի թեկնածությունը: Սա էլ վիրավորել է նաեւ «միսսերի» գծով փորձագետ Արիստակեսյանին, որը, բնականաբար, չի ցանկանա, որ իրեն ինչ-ինչ հաշիվներից ելնելով «փչացնեն»:
Երեկ Կարեն Արիստակեսյանի բջջայինն անընդհատ անջատված էր, միայն երեկոյան հաջողվեց կապվել նրա հետ: Պրն Արիստակեսյանն ասաց, որ առայժմ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու իրեն չնշանակեցին նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, երբ երկար ժամանակ, որպես ամենահավանական հավակնորդ, իր անունն էր շրջանառվում: Իսկ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանից չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, որովհետեւ նա չպատասխանեց մեր զանգերին: