Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նախազգուշացնում է հանգուցյալներին

Ապրիլ 10,2007 00:00

\"\"Մահացածները կնվազե՞ն ընտրությունների ժամանակ

Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ ԱԺ ընտրությունների ընտրացուցակներում հնարավոր անճշտություններին եւ բացթողումներին: Ա. Մահտեսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 2-ից ՀՀ բոլոր ընտրական տեղամասերում պատրաստ են մայիսի 12-ին կայանալիք ընտրությունների նախնական ցուցակները, ինչպես նաեւ գոյություն ունի www.elections.am ինտերնետային կայքը: Նա նաեւ նշեց, որ ճշգրիտ ցուցակներ ունենալու, անճշտություններից եւ բացթողումներից խուսափելու համար բոլոր ընտրողներն ու կազմակերպությունները պետք է նախօրոք ծանոթանան ընտրացուցակներին, որպեսզի անճշտության դեպքում դիմեն ոստիկանության տվյալ տարածքի անձնագրային ծառայությանը կամ համայնքի ղեկավարին: «Անճշտության ամենատարածված տեսակը ընտրացուցակներում մահացած մարդկանց անվան առկայությունն է լինում: Աշխատում ենք նվազեցնել մահացածների թիվը»,- փաստեց ՀՀ փոխոստիկանապետը:

Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ ոստիկանությունում արդեն բացվել է «թեժ գիծ», որպեսզի մինչեւ մայիսի 11-ը՝ բոլոր նրանք, ում ընտրական իրավունքը ինչ-որ ձեւով խախտված լինի՝ զանգահարեն 56-13-46, 53-43-91 հեռախոսահամարներով, իսկ մարզերի գյուղական համայնքների բնակիչները պետք է դիմեն իրենց համայնքի ղեկավարին:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության նախորդ հանրաքվեի ընտրացուցակի համաձայն, ընտրողների թիվը եղել է 2 253 262, իսկ խորհրդարանական ընտրությունների նախնական ցուցակներում արդեն իսկ ներգրավված է 2 328 747 ընտրող:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ա. Զաքարյանը ասաց. «Համոզված եմ, որ նախնական ցուցակների տվյալները դեռ կնվազեն՝ հնարավոր անճշտությունների ուղղումներից հետո: Ցուցակները անընդհատ ճշտվելու են, իսկ վերջնականները ընտրություններից 2 օր առաջ կփակցվեն: Եթե նախնական ընտրացուցակներում հանդիպեք ձեր մահացած ազգականի անվանը, ապա անհապաղ տեղեկացրեք ձեր բնակավայրի համայնքապետին, ոստիկանության անձնագրային տարածքային մարմինների անձնագրային ծառայություններին, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչությանը»: Տիկ. Զաքարյանն ասաց նաեւ, որ ոստիկանության ստեղծած «թեժ գիծը» ինքնանպատակ չի լինի. «Վերահսկվելու է ընտրությունների ընթացքը եւ գրի են առնվելու բոլոր կուսակցությունների, քաղաքական գործիչների ու հասարակության դժգոհությունները»:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին՝ ընտրությանը մասնակցելու նպատակով ծանուցելուն, Ա. Զաքարյանն ասաց. «Քաղաքացիների ծանուցումը ոստիկանության պարտականությունն է: ՀՀ ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Հայփոստ» կազմակերպության հետ: Մենք «Հայփոստին» կտանք ընտրողների ամբողջ ռեգիստրը, ապա յուրաքանչյուր ընտրող անվանական կստանա իր ծանուցագիրը, որում նշված են լինելու ընտրության օրը, ժամը, վայրը»:

Ընտրակաշառք ստանալու դիմաց անձնագրերի հավաքման համար էլ տիկ. Զաքարյանն ասաց. «Ինչպես կարելի է 5000 դրամի դիմաց անձնագիր վստահել մեկ այլ մարդու: Միեւնույն է, անձնագրեր հավաքելով ընտրության ուղին չի փոխվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել