Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Ապրիլ 10,2007 00:00

\"\"Սակայն որոշ առարկաների հարցատոմսերը դպրոցներին չեն տրամադրվել

Հայաստանյան հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի ավարտական քննությունների թիվն այս տարի ավելացել է 2-ով: Ուսումնական տարվա ավարտին 8-րդցիները կհանձնեն 6 քննություն՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, օտար լեզու, հայոց պատմություն եւ բնագիտական որեւէ առարկա (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն կամ աշխարհագրություն): Վերջին երկու քննությունները սահմանվել են կառավարության՝ 2005թ. արձանագրային որոշման համաձայն: Ժամանակին, երբ քննարկում էին այս նորամուծությունը, մասնագետներից ոմանք կասկածի տակ էին դնում այն հանգամանքը, թե արժե՞, որ, օրինակ՝ հայոց պատմության եւ բնագիտական առարկաների համար հատուկ հարցաշարեր կազմվեն: Այնուամենայնիվ, ԿԳ նախարարությունը որոշեց ինչ-որ կերպ հստակեցնել, թե բանավոր անցկացվելիք այս քննությունների ժամանակ ի՞նչ է պահանջվելու աշակերտներից:

«Դպրոցներին՝ քննությանը վերաբերող որեւէ հարցաշար կամ հարցերի հատուկ խումբ ընդհանրապես չտրամադրելը ճիշտ չեմ համարում: Թե հետագայում դրանք ինչ հերթականությամբ եւ մոտեցմամբ կդասավորվեն տոմսերում, թե քննությունն ինչ կարգով կանցկացվի, երկրորդական հարցեր են: Կարեւորն այն է, որ տոմսերում դպրոցական ծրագրից դուրս հարցեր չեն ընդգրկվելու»,- վստահեցրեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Ստեփանյանը:

Մինչեւ այսօր քննության հարցերը դեռ չեն տրամադրվել դպրոցներին: Վերջիններս մտահոգված են՝ եթե տոմսերը մոտ օրերս չունենան, չեն հասցնի մինչեւ քննություն աշակերտներին գոնե որոշ չափով ծանոթացնել հարցերին: «Այժմ դասերի ժամանակ աշակերտները ուսուցիչների օգնությամբ կրկնում են 5-8-րդ դասարաններում անցած բոլոր թեմաները: Եթե տոմսերը մի քիչ շուտ մեզ տրամադրեին, ավելի արդյունավետ կլիներ մեր աշխատանքը»,- նկատեց թիվ 104 դպրոցի տնօրեն Հենրիկ Մինասյանը:

Տեղեկացնենք, որ հայոց պատմության եւ բնագիտական առարկաների հարցատոմսերը կազմվել են Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական խմբի աշխատանքների շնորհիվ: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակելու է երեք հարց: Օրինակ՝ հայոց պատմության հարցատոմսում հարցերից մեկը 5-6-րդ դասարանների ծրագրից է, մյուսը՝ 7-րդի, երրորդը՝ 8-րդ դասարանի առարկայական ծրագրին համապատասխան: «Քննական ծրագիրը բովանդակային ընդգրկվածության առումով զիջում է առարկայականին: Սակայն ընդգրկել ենք նաեւ այնպիսի հարցեր, որոնք բնույթով տրամաբանական են, որոշ հարցերի միջոցով էլ կփորձենք տեսնել՝ ինչպես են երեխաները գնահատում պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձությունները»,- նշեց Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական եւ սոցիալ-մշակութային առարկաների գծով բաժնի վարիչ Արամ Նազարյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց ինստիտուտ էլ են ծնողներն ու ուսուցիչները անընդհատ զանգահարում, դժգոհում, թե ե՞րբ են, ի վերջո, տոմսերը տրամադրվելու դպրոցներին: Եվ տեղեկացրեց, որ քննական հարցատոմսերն իրենք առայժմ ուղարկել են ԿԳ նախարարություն, որպեսզի նախարարը ծանոթանա դրանց: Մասնագետները վստահեցրին, որ առաջիկայում թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչներն ու աշակերտները հնարավորություն կունենան ձեռք բերել քննական հարցատոմսերը: Դրանք կտպագրվեն «Կրթություն» թերթում կամ լույս կտեսնեն առանձին բրոշյուրի տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել