Վարդան Այվազյանը Հայաստանի ոսկու հանքերի լիցենզիաները, իր բարեկամներից բացի, ձեւակերպել է իր կնոջ ընկերուհու եւ աշխատակիցների կանանց անուններով:
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ինչպես արդեն ներկայացրել ենք նախորդ հրապարակումներից մեկում (տես՝ «Առավոտ», 30.03.2007), իրեն պատկանող հանքավայրերի զգալի մասը ձեւակերպել է իր աշխատակիցների կամ նրանց հարազատների անուններով: «Հեմատիտ» եւ «Գրեյդ Ռեդմետ» ընկերություններում, որպես նման անձ, հանդես է եկել Հասմիկ Հարությունյանը: Նա բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական (չափագրումների կատարման) վերահսկողության բաժնի պետ Երվանդ Հովհաննիսյանի կինն է: «Հեմատիտ» ՍՊԸ-ն գրանցված է Երվանդ Հովհաննիսյանի բնակարանի հասցեում: Այս պաշտոնյան պատասխանատու է նախարարության կողմից հանքավայրերում իրականացվող ստուգումների համար եւ շատ մոտ է Վարդան Այվազյանի հետ:
Վերոհիշյալ կազմակերպություններին տրված է 5 հանքավայրերում ոսկու ուսումնասիրության լիցենզիա:
«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Մայրեն Բատոյանը նույնպես Այվազյանների ընտանիքի մտերիմներից է: Նա Վարդան Այվազյանի կնոջ՝ Մարիամ Գինոսյանի ընկերուհին է: Երկուսն էլ Ախալցխայի շրջանի Կարզախ գյուղից են: Մայրեն Բատոյանը հանքարդյունաբերության հետ որեւէ առնչություն չունի, աշխատում է Երեւանի հոսպիտալներից մեկում:
Մեր հրապարակումներին հետեւել են բազմաթիվ նամակներ եւ զանգեր՝ ի՞նչ է փոխվում նման փաստերի հրապարակումից հետո: Մեր պատասխանն առայժմ մեկն է՝ ոչինչ: Պարզապես հասարակությանը տեղեկացնում ենք, թե իրականում ինչով է զբաղված մեր նախարարներից մեկը: Միակ բանը, որ տեղի է ունեցել, բնապահպանության նախարարության մեր աղբյուրներից մեկի տեղեկացմամբ, հրապարակման հաջորդ օրը նախարարի մոտ են եղել մեր հոդվածներում նշված կազմակերպությունների ներկայացուցիչները: Թե ինչ է քննարկել նախարարը նրանց հետ, առայժմ հայտնի չէ:
Իսկ մեկ այլ տեղեկության համաձայն՝ այս ընթացքում նախարարը հաջողացրել է վաճառել «Հեմատիտ» ՍՊԸ-ի հանքավայրերից մեկը:
(շարունակելի)