Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԴԱՀԼԻՃ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Ապրիլ 10,2007 00:00

«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ կուսակցական մի շարք գործիչներ ապրիլի 7-ին եւ 8-ին բազմաթիվ հանդիպումներ ունեցան Լոռիի եւ Արագածոտնի մարզերում եւ մասնավորապես՝ Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Աշտարակ քաղաքներում:

«Առավոտին» ՕԵԿ-ից հայտնեցին. «Չնայած մի շարք դեպքերում տեղ գտած տեղական ինքնակառավարման մարմինների եւ գործատուների ճնշումներին (մասնավորապես ՀՀԿ-ն քարոզող «Մանես-Վալեքս» ընկերության տնօրինությունը) եւ մարդկանց վախեցնելուն («եթե գնաք հանդիպման՝ աշխատանքից կազատենք») դահլիճները լեփ-լեցուն էին»:

Վանաձորի քաղաքային իշխանությունները հրաժարվել են տրամադրել երաժշտական ուսումնարանի դահլիճից առավել մեծ Շառլ Ազնավուրի անվան դահլիճը, չնայած այդ նույն դահլիճը մի քանի օր առաջ տրամադրվել էր այլ քաղաքական ուժի: Եվ ուսումնարանի 350 տեղանոց դահլիճում հարկադրված փորձել են տեղավորվել շուրջ 500 հոգի:

Չնայած նախապես քաղաքապետարան ներկայացված եւ պատշաճ ձեւակերպված դիմումին՝ Սպիտակի քաղաքապետարանը նույնպես հրաժարվել է տրամադրել մեծ դահլիճ: Տրամադրվել է երաժշտական դպրոցի փոքր դահլիճը, այն էլ՝ 100 000 դրամ վարձավճարով, ինչն, ըստ ՕԵԿ-ի՝ «չի տեղավորվում օրենքի շրջանակներում»:

Թե՛ Սպիտակում, թե՛ Վանաձորում, խախտելով «Ընտրական օրենսգրքի» պահանջները, ՕԵԿ-ի ներկայացուցիչներին տեղեր չեն տրամադրել արտաքին քաղաքական գովազդի համար, այն դեպքում, երբ ողջ մարզը հեղեղված է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» պաստառներով:

Չնայած հարուցված արհեստական արգելքներին, ըստ «Օրինաց երկրի»՝ հանդիպումներն անցել են ջերմ եւ ոգեւորված մթնոլորտում. «Թե՛ հարցերն էին բազմաթիվ, թե՛ դիմումներն ու առաջարկությունները: Քաղաքացիները հերթական անգամ իրենց աջակցությունն արտահայտեցին ՕԵԿ-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել