Լրահոս
Օրվա լրահոսը

Անպայման դատի կտաք, Լիցկա՛ ջան

Ապրիլ 10,2007 00:00

Հանկարծ չփոշմանեք ու արատավորված թողնեք Ձեր «բարի համբավը»

Ըստ «Չորրորդ իշխանության» ապրիլի 7-ի հրապարակման, թերթի թղթակցի հարցին՝ «Մտադիր չե՞ք դատական ատյաններին դիմել՝ ձեր բարի համբավն արատավորելու համար: Փաստորեն ձեզ, ձեր եղբայրներին զրպարտում են», Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Պետք է դիմեմ, բա ի՞նչ անեմ: Այսօր խոսել եմ փաստաբանների հետ եւ պետք է այդ թերթին դատի տամ»: Խոսքն «Առավոտի» հրապարակած այն լուրի մասին է, թե իր եղբայրը՝ «Հոպոպ» մականունով Սերոբ Խաչատրյանը Գորիսի ունիվերմագում փորձել է աղջիկ բռնաբարել, սակայն խանութի աշխատակիցների ահազանգով մարզպետի թիկնապահը եկել ու փրկել է նրան:

Կարելի է ենթադրել, թե ինչու է մարզպետն այժմ համարձակվում պնդել, թե «նույնիսկ դրան մոտիկ նմանություն չի եղել»: Բնականաբար, եթե ականատեսները վախեցել են դեպքի պահին այդ աղջկան օգնություն ցույց տալ՝ վստահ է, թե նրանք չեն խոսի դատարանի առջեւ էլ:

Բնականաբար, տիրոջ եղբոր դեմ ցուցմունք չի տա նաեւ այս մի անգամ բարի գործ արած թիկնապահը: Ընդհանրապես Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նման զորավոր հովանավոր չունենալու դեպքում վաղուց պիտի հայտնված լիներ ոչ այնքան հեռավոր վայրերում: Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարին նա «փակ համարից» զանգահարել էր մեր թղթակից Նաիրա Մամիկոնյանին ու հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել: Իսկ հետո ինքը՝ մարզպետը մեր թղթակցին «մխիթարել էր», թե՝ «Քեզ մի անգամ ա հայհոյել, քեզ շատ չի հայհոյել»: Եվ այս ամենը մենք հրապարակել ենք 2006-ի մայիսի 4-ի համարում:

Զարզանդ Նիկողոսյանի վերաբերյալ այլ հրապարակումներ են եղել՝ ապրիլին նա ծեծի էր ենթարկել Գորիսի զինվորական նավթաբազայի տնօրեն, բանակի սպա Ագոյին, հուլիսին՝ Գորիսի բնակիչ Գագիկ Հարությունյանին էր պատճառել մարմնական վնասվածքներ, ընդ որում՝ հենց մարզպետի ու նրա եղբոր՝ «Հոպոպ»-ի հետ, մյուս եղբոր՝ այդ ժամանակ դեռ կալանքի տակ գտնվող Սեյրան Խաչատրյանին («Աղալար») պատկանող մթերային խանութի վաճառքի գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով:

(Ի դեպ, պարզվում է, որ թեեւ Սեյրան Խաչատրյանն ապրիլի 5-ին ձերբակալվել ու կասկածվում էր թմրամիջոցի մեծ խմբաքանակ իրացնելու մեջ, անցած տարեվերջին նա ազատ է արձակվել): 2005-ի օգոստոսին դաժան ծեծի էին ենթարկել նաեւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր, Գորիսի նստավայրում նախագահող Իգնատ Բեգլարյանին, ինչ է թե՝ նա համարձակվել էր դիտողություն անել կողքից մեծ արագությամբ մեքենայով անցնող մարզպետի թիկնապահներին: Ու թեեւ դատավորը հայտնվել էր հիվանդանոցում՝ այնուամենայնիվ, չբողոքեց:

Բռնաբարության փորձի համար իրավապահներին չեն բողոքել նաեւ այս դեպքում, քանի որ հայրը՝ Գ. Մ.-ն գտնում է, թե աղջիկն առանց այդ էլ շատ է տուժել (տարած սթրեսի պատճառով տնից դուրս չի գալիս), եւ բացի այդ՝ ինչպես արդեն նշել էինք, մարզպետն անձամբ է համոզել, որ դատի չտան:

Եվ հիմա սպառնում է մեր թերթին ենթարկել պատասխանատվության: Թերեւս հույս ունի, որ անցե՞լ են աղջկա կապտուկներն ու եղբոր կծոտածի հետքերը: Բայց բացի այն, որ ցանկացած հոգեբանական փորձաքննություն կհաստատի կատարվածը, իզուր է Սուրեն Խաչատրյանը ենթադրում, թե մենք լուրը հրապարակել ենք առանց ապացույցների: Դրանք ամբողջությամբ կբացահայտենք քննության ժամանակ: Իսկ առայժմ միայն հրապարակում ենք այդ աղջկա անվան սկզբնատառերը Ա. Մ.՝ հատուկ մարզպետի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել