Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 09,2007 00:00

\"a\"
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ տասնհինգերորդ

ՎԱՀԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ես ամոթահար դեմքս կտրուկ փախցրի ներկաների հեգնական հայացքներից եւ փոխանակ փասափուսես քաշեի էդ ընդունարանից ու նախարարությունից, ակամա նայեցի ընդունարանի հայելուն եւ ընդունարանի հայելու մեջ կասկարմիր դեմքս տեսնելով՝ անմիջապես կասկարմիր դեմքս ու ինձ ամբողջությամբ տեղափոխեցի Ռոլանդի կաբինետ, եւ Ռոլանդն ինձ տեսնելով՝ անմիջապես տեղից վեր կացավ, փաթաթվեց ինձ, եւ երբ ասացի՝ «էս որոշել ես ինձ խայտառակ անե՞ս», ինքը զարմացած ասաց՝ «քեզ ո՞նց եմ խայտառակ անում. էդքան նշանավոր մարդիկ են ընդունարանում նստած, բայց քեզ ներս կանչեցի», եւ երբ իրեն ասացի՝ «էդ սաղ նշանավորների ու Խորիկի մոտ ինձ խայտառակեցիր», եւ երբ Ռոլանդն ավելի զարմացած հարցրեց՝ «քեզ ո՞նց եմ խայտառակել», ես ամեն ինչ պատմեցի ու կրկնեցի իմ հասցեին քարտուղարուհու կշտամբանքը, եւ Ռոլանդն ասաց՝ «էդ բռի աղջկան գործից ազատել եմ, դրա՛ համար ա ըտենց կատաղած», եւ ես ասացի՝ «հանկարծ իմ պատճառով դրան գործից չհանես», եւ Ռոլանդն ասաց՝ «էրեկ եմ ասել, որ դիմում գրի», եւ երբ Ռոլանդին ասացի՝ «իրան գործից մի հանի, բայց հենց հիմի իրան կանչի ու ասա, որ իմ համար մի հատ կոֆե էփի», եւ Ռոլանդն ասաց՝ «ի՞նչ կոֆե խմելու վախտ ա. էդքան մարդ ընդունարանում ինձ են սպասում», եւ երբ ասացի՝ «քեզնից մի հասարակ բան եմ խնդրում՝ չես անո՞ւմ», Ռոլանդն ասաց՝ «ուզո՞ւմ ես, դուրսը սպասի՝ մի ժամից ռեստորան գնանք», եւ երբ ասացի՝ «ռեստորանը քեզ ըլնի. ուզում եմ, որ էդ աղջիկն իմ համար մի հատ կոֆե էփի», Ռոլանդը շիվարած ասաց՝ «ըստեղ լիքը կոֆե էփող կա. խի՞ ես ուզում, որ անպայման էդ բռին էփի», եւ երբ շեշտեցի, որ հենց էդ քարտուղարուհու եփածն եմ ուզում, Ռոլանդը երեւի միտքս հասկացավ, կանչեց քարտուղարուհուն, երկու սուրճ պատվիրեց, եւ քարտուղարուհին ատելությամբ ինձ նայելով՝ շրջվեց ու գնաց:

Մինչ քարտուղարուհին մեր սուրճերը կբերեր, մենք տեղափոխվեցինք խորքի սենյակը, ուր մի քանի անգամ եղել էի նախորդ նախարարների օրոք, որովհետեւ, նախքան Ռոլանդը, հինգ տարի Թումանյանի թանգարանի տնօրենն էի ու էդ նախարարության ծակուծուկերն էլ անգիր գիտեի եւ միայն էդ քարտուղարուհուն էի առաջին անգամ տեսնում, եւ մինչ Ռոլանդը սառույց կլցներ իմ ու իր վիսկիների մեջ, քարտուղարուհին մեր սուրճերը բերեց, եւ ես իրեն ժպտացի ու ասացի՝ «շնորհակալություն», եւ ինքն ատելությամբ ու ջղաձիգ ինձ նայեց ու ասաց՝ «խնդրեմ», եւ երբ գնաց, Ռոլանդն արդարացավ ու ասաց՝ «էդ ապուշն ինձ հարցրեց՝ Շեկոյան Արմենի հետ պայմանավորվածություն ունե՞ք, ես էլ ասեցի՝ չէ. հո չե՞մ ասել, որ ընդունարանով մեկ հայտարարություն անի», եւ ես ասացի՝ «ոչ թե հայտարարություն արեց, այլ էդքան ժողովրդի մոտ ինձ գետինը մտցրեց», եւ Ռոլանդն ասաց՝ «ա՜յ քեզ փորձա՜նք», եւ ես ասացի՝ «անցած ըլնի. էս կոֆեով իրա հետ քվիտ էղանք», եւ երբ բաժակս Ռոլանդի բաժակին խփելով՝ իր նախարար դառնալը շնորհավորեցի, Ռոլանդն ինձ հարցրեց՝ «դե հիմի ասա, ախպե՛ր. ի՞նչ ա պետք», եւ երբ իրեն ասացի՝ «ոչ մի բան էլ պետք չի. ուղղակի մտածեցի՝ մտնեմ շնորհավորեմ», Ռոլանդը զարմացավ ու ասաց՝ «էդքան բա՞ն», եւ երբ ասացի՝ «հիմի էս վիսկին ու կոֆեն կխմեմ ու փասափուսես կքաշեմ», Ռոլանդը ծիծաղեց ու ասաց՝ «էկել ես՝ մի էրկու օր մնա», եւ երբ վիսկիս ու սուրճս խմեցի ու տեղիցս վեր կացա, Ռոլանդն ինձ մինչեւ իր կաբինետի դուռը ճանապարհելով՝ ասաց. «Տես, ախպե՛ր. մի բան որ պետք ըլնի՝ անպայման կերեւաս»։

«Էղավ»,- ասացի ես եւ դուրս եկա Ռոլանդի կաբինետից, եւ ընդունարանում նստածների զզվանքով լեցուն հայացքներից հասկացա, որ Ռոլանդի կաբինետում ահագին երկար եմ լռված եղել, եւ Չեքիջյանն էլ էր ինձ զզվանքով նայում, բայց երբ մոտեցա իրեն ու ասացի՝ «կներեք, ընկեր Չեքիջյան», եւ երբ Չեքիջյանը տեսավ, որ նախարարի մոտ անհերթ մտած ու էդքան երկար լռված անձնավորությունն իրեն ճանաչում եւ իրենից ներողություն է խնդրում, դեմքն անմիջապես լուսավորվեց, եւ ժպտաց ու ասաց՝ «ոչինչ, տղա ջան», եւ էդ պահին նախարարի կաբինետից դուրս եկավ քարտուղարուհին ու մեզ մոտենալով՝ Չեքիջյանին ասաց՝ «նախարարը ձեզ է սպասում, պարոն Չեքիջյան», եւ երբ Չեքիջյանը գնաց, Ռոլանդի էդ քարտուղարուհին, որ երեւի իմ տարիքին կլիներ, ատելությամբ լեփլեցուն հայացքով ոտից գլուխ չափեց ինձ, բայց ես իրեն չափազանց սիրալիր ժպտացի ու ասացի՝ «ապրե՛ս, շատ համով սուրճ էիր էփել, աղջիկ ջան», եւ ինքն իրեն մի կերպ զսպեց ու բառ չասաց, եւ երբ Խորեն Աբրահամյանի ձեռքը սեղմեցի ու հրաժեշտ տվի, Բաբկենիչն ինձ ժպտաց ու ցածրաձայն ասաց՝ «ապրես, Արմեն ջան», եւ երբ զարմացած հարցրի՝ «ինչի՞ համար», ինքը ձեռքս ամուր սեղմելով ասաց՝ «որ իգդիրցիներիս պատիվը գետնով չտվիր»։

Երկրորդ անգամ Ռոլանդի կաբինետ ոտք դրի հինգ տարի անց՝ հիսուն ամյակիս օրը, եւ մեր էդ հանդիպումն արդեն պարտադրված հանդիպում էր, որովհետեւ նախորդ օրը գիշերամուտին «Հայկական ժամանակի» Լուսոն զանգեց ինձ ու ասաց, որ ուզում է հեռախոսով ինձնից մի պստիկ հարցազրույց վերցնել, եւ երբ զարմացած հարցրի՝ «էս գիշերվա կեսին ի՞նչ հարցազրույց», Լուսոն ասաց՝ «էդ ոսկե մեդալիդ առիթով», եւ երբ ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչ ոսկե մեդալ», Լուսոն ասաց, որ հիսուն ամյակիս կապակցությամբ մշակույթի նախարարությունն ինձ ոսկե մեդալով է պարգեւատրել, եւ երբ ասացի՝ «քեզանից եմ առաջին անգամ էդ ոսկե մեդալի մասին լսում», Լուսոն զարմացած հարցրեց՝ «այսինքն, դու չգիտեի՞ր, որ քեզ ոսկե մեդալ են տվել», եւ ես ասացի՝ «ես ընդհանրապես չեմ իմացել, որ էդ տեսակ մեդալ գոյություն ունի» եւ ծիծաղելով հարցրի՝ «հանաք ես անո՞ւմ», եւ Լուսոն միանգամայն լուրջ ինձ պատասխանեց ու ասաց՝ «ի՞նչ հանաք. հենց նոր «Արմենպրեսի» հաղորդագրությունն ենք ստացել», եւ երբ վերջնականապես համոզվեցի, որ չի կատակում, Լուսոյին խնդրեցի, որ «Արմենպրեսի» էդ հաղորդագրությունն իրենց թերթում չտպագրեն, եւ Լուսոն խոստացավ, ու ես անմիջապես զանգահարեցի մյուս օրաթերթերի իմ ծանոթներին ու խնդրեցի, որ եթե էդպիսի հաղորդագրություն են ստացել՝ չտպագրեն, եւ միայն «Հայաստանի Հանրապետություն» թերթի հեռախոսը չէր պատասխանում՝ ըստ երեւույթին աշխատանքը շուտ վերջացրել ու գնացել էին իրենց տները, ու չնայած խմբագրություններ զանգահարելուց հետո մի քիչ հանգստացա, բայց ամբողջ գիշեր աչքս չկպավ, ու ամբողջ գիշեր էդ ոսկե մեդալի մասին էի մտածում, եւ երբ լույսը բացվեց, միայն էդ ժամանակ հիշեցի ու հասկացա, որ ուղիղ հիսուն տարեկան եմ, ու էդ բանը հասկացած՝ գնացի խոհանոց ու սուրճ եփեցի, եւ ոտնաձայներիցս տնեցիք էլ զարթնեցին, ու մերոնք ինձ արթուն տեսնելով՝ անմիջապես գլխի ընկան, որ ուղիղ հիսուն տարեկան եմ, եւ կինս ու աղջիկներս մեկ առ մեկ ինձ մոտենալով՝ համբուրեցին եւ իրենց նվերները տվին, եւ չնայած կինս ու աղջիկներս չգիտեին, որ ամբողջ գիշեր աչք չեմ կպցրել, բայց գիտեին, որ տանը երկար չեմ մնա, որովհետեւ ես էն գլխից չեմ սիրել ծննդյանս օրը տանը նստել եւ հյուրեր ընդունել, ու էդ բանը քույրս ու քենիս էլ գիտեին, դրա համար էլ առավոտ շուտ զարթնել եւ իրենց նվերներով հանդերձ՝ ինձ շնորհավորելու էին եկել, իսկ Արշակյան Ազատն իմ էդ սովորությունն իմանալով՝ նախորդ օրն էր ծնունդս շնորհավորել ու հարյուր դոլարանոց տվել, ու չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն իմ էդ սովորությունից որեւէ տեղեկություն չուներ, բայց իր վարորդը նմանապես առավոտ շուտ հայտնվեց եւ Րաֆֆի Հովհաննիսյանի անունից մի շատ շքեղ շնորհավորական բացիկ ինձ փոխանցեց, եւ ես քրոջս ու քենուս շնորհավորանքներն ու նվերներն ստանալով եւ Րաֆֆիի շնորհավորանքն ի գիտություն ընդունելով՝ արագ-արագ սուրճս վերջացրի ու արագ-արագ հագնվելով՝ տնից դուրս եկա, շտապեցի Մշակույթի նախարարություն, որովհետեւ, հասկանում եք, ես անպայման պիտի Ռոլանդին տեսնեի ու ի չիք դարձնեի իր էդ ոսկե մեդալի գաղափարը, ավելի ճիշտ՝ ես պիտի ի չիք դարձնեի Ռոլանդի՝ արդեն իրականություն դարձրած գաղափարը, ու չնայած շատ էի շտապում գրեթե իրականացած էդ գաղափարի դեմն առնել, բայց Ալավերդյանով դանդաղ էի բարձրանում, որովհետեւ դեռեւս տասնմեկը չկար, եւ չէի կարծում՝ թե Ռոլանդը տասնմեկից շուտ գործի կգա, ավելի ճիշտ, հիմա հիշեցի, որ նախքան տնից դուրս գալս զանգել էի նախարարություն եւ պարզել էի, որ Ռոլանդը կառավարության նիստից հետո՝ տասներկուսից շուտ դժվար թե նախարարությունում լինի, ու էդպես անշտապ Ալավերդյանով բարձրանում էի նախարարություն եւ Գնունու ու Ալավերդյանի խաչմերուկի մոտերքում մեր կուրսի գերազանցիկ Վահանին տեսա, ու հիմա, երբ Ալավերդյանի ու Գնունու հատման կետում Վահանին հանդիպելս հիշում ու գրում եմ, նոր եմ միայն հասկանում, որ, չնայած արդեն էս վեպիս չորրորդ գիրքն եմ ահա-ահա ավարտում, բայց, փաստորեն, իմ կյանքից ու մանավանդ իմ ուսանողական կյանքից ահագին կարեւոր իրադարձություններ եւ ահագին կարեւոր մարդկանց եմ բաց թողել ու շրջանցել, եւ եթե մեր կուրսի միակ գերազանցիկ Դեմիրխանյան Վահանին իմ էս երկար ու ձիգ էջերում չեմ անդրադարձել, կնշանակի՝ իսկապես իմ կյանքի հատկապես ուսանողական շրջանին չափազանց մակերեսորեն եմ վերաբերվել, եւ քանի որ վտանգ կա, որ Վահանին վերստին կմոռանամ, էս պահին պարտավոր եմ կանգառ կատարել ու մեր միակ անվանական թոշակառու Վահանին որոշ չափով ներկայացնել, մանավանդ որ՝ հիմա շտապում եմ Ռոլանդի ու էդ ոսկե մեդալի պատմությունն անել ու հենց է՛դ կապակցությամբ եմ Վահանին անդրադառնալու, որովհետեւ երբ երկու հազար երեք թվականի մարտի քսանութի էդ առավոտ արդեն հիսունս բոլորած՝ Ալավերդյանով անշտապ բարձրանում էի, Գնունու ու Ալավերդյանի խաչմերուկի պուլպուլակի մոտ հանդիպեցի մեր միակ անվանական թոշակառու Դեմիրխանյան Վահանին, եւ երբ Վահանն ինձ տեսավ, ժպտալով մոտեցավ, ձեռքս սեղմեց ու հիսուն ամյակս շնորհավորեց, ու չնայած Վահանի հիշողության վրա միշտ եմ զարմացած եղել, բայց էդ պահին հատկապես զարմացա ու զարմացած հարցրի՝ «ծնունդիս օրը հիշում ե՞ս, ա՛յ Վահան», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «հիշողությանս վրա կասկածում էի՞ր», եւ մինչ զարմացած իրեն էի նայում, ավելացրեց՝ «հա. ոսկե մեդալդ էլ եմ շնորհավորում», եւ երբ ապշահար հարցրի՝ «ի՞նչ ոսկե մեդալ», ինքն ասաց՝ «իբր չգիտես, հա՞», եւ ես ասացի՝ «ասենք թե գիտեմ. բա դո՞ւ որտեղից գիտես», եւ Վահանն ասաց՝ «քիչ առաջ օրվա թերթերն էի աչքի անցկացնում եւ «Հայաստանի Հանրապետության» մեջ կարդացի, որ հիսուն ամյակիդ ու գրական վաստակիդ համար մշակույթի նախարարությունը քեզ ոսկե մեդալ է շնորհել», ու չնայած ինձ համար միանգամայն պարզ էր, որ Ֆարմանյան Տիկոն միանգամայն բարի նպատակով է «Արմենպրեսի» էդ հաղորդագրությունն իր թերթում տպագրել, բայց, հիշում եմ, էդ պահին իր դեմ ահավոր էի կատաղած, եւ հոգոց հանելով Վահանին ասացի՝ «հիսուն տարեկան դառանք», եւ Վահանն ասաց՝ «ես մի տարի առաջ եմ հիսուն դառել», եւ երբ իրեն հարցրի՝ «էլի չես աշխատո՞ւմ», ինքն ասաց՝ «էն լենուբոլ տարիներին որ չէի աշխատում, հիմա ո՞նց կաշխատեմ», ու չնայած էդ պահին ահավոր նեղսրտած էի ու մտովի արդեն Ռոլանդի կաբինետում հետը կռիվ էի տալիս, այդուհանդերձ, էդ պահին մտքովս անցավ, որ իմ կյանքում ու իմ հանդեպ կատարված էդ ու այլ անարդարությունները հեչ բան են Վահանի հանդեպ ճակատագրի կատարածի համեմատ, եւ հիմա եթե մի քանի խոսքով Վահանի հանդեպ ճակատագրի էդ բացառիկ անբարեհաճության մասին չպատմեմ, իմ կողմից լրիվ անշնորհքություն կլինի, որովհետեւ, եթե Վահանի մասին գոնե ընդհանուր տեղեկություն չունենաք, երբեք չեք իմանա, որ մեր էն սովետական ժամանակներում Վահանի տարբերակն է՛լ է պատահել ու գոյութուն ունեցել, եւ էդ տարբերակը չափազանց ուսանելի, ուսուցողական ու դիդակտիկ է խորհրդային ժամանակաշրջանում չապրածների, ապրածների եւ նույնիսկ էսօրվա կոմունիստների համար, որովհետեւ Վահանի տարբերակը կարող է ապշեցնել էդ ժամանակաշրջանում ապրածներին ու չապրածներին հավասարապես եւ առաջին հերթին նրանց, ովքեր էսօրվա օրով է՛լ են կոմունիստ ու փափագում են էդ տեսակ օրերի վերադարձը, եւ հատկապես մարդկանց ու կոմունիստների էս վերջին խմբին Վահանի տարբերակն անհավատալի ու անիրական կթվա, որովհետեւ սրանք մշտապես պնդում ու աջուձախ տարածում են, թե Սովետը մարդկության պատմության մեջ երբեւէ գոյություն ունեցած էն միակ երկիրն էր, որտեղ մարդ արարածը ո՛չ միայն աշխատանքի իրավունք է ունեցել, այլեւ՝ հենց աշխատանք, եւ չնայած մարդկանց էս տեսակի պնդումներն առանձնապես հիմնազուրկ չեն, այդուհանդերձ, Վահանի տարբերակը միանգամայն հակառակն է ապացուցում, եւ չնայած Սովետի վերադարձը շարունակաբար փափագողները չեն հավատալու, որ Սովետի օրոք Վահանի տարբերակը եղել ու գոյություն է ունեցել, բայց իրենց էդ չհավատալն է՛լ է ինձ համար միանգամայն բնական լինելու, մանավանդ որ՝ Վահանի տարբերակը նույնիսկ Սովետի վերադարձն ու վերամարմնավորումը չփափագողներին է անհավանական ու անհավատալի թվալու, որովհետեւ, այնուամենայնիվ, Վահանի տարբերակը հենց Սովետ միության գոյության ու առկայության պարագայում էր բացառիկ, անհավատալի ու անիրական, եւ առաջին հերթին հենց մեր՝ Վահանի համակուրսեցիների՛ս համար էր անհավատալի ու անիրական, եւ երբ մանկավարժականն ավարտելուց հետո համակուրսեցիներս փողոցում իրար տեսնում էինք, բարեւից հետո առաջին հարցն իրար որ տալիս էինք, հետեւյալն էր՝ «Վահանն էլի չի աշխատո՞ւմ», եւ մշտական պատասխանը, որ իրարից ստանում էինք, հետեւյալն էր՝ «ասում են՝ չի կարում աշխատանք ճարի», եւ Վահանը տարիներ շարունակ ու մշտապես շարունակում էր աշխատանք չճարել ու չաշխատել, եւ մենք տարիներ շարունակ ու մշտապես իրար հանդիպելիս էդ նույն հարցն էինք իրար տալիս ու նույն պատասխանն էինք իրարից ստանում, ու էդ պահերին մենք ներքուստ մի տեսակ գոհանում էինք մեր իսկ կյանքից ու մեր իսկ հաջողություններից, որովհետեւ, եթե ուսանողական տարիներին մտքներովս չէինք անցկացնում Վահանի հետ համեմատվել, հետո արդեն ո՛չ միայն համեմատվում էինք, այլեւ հօգուտ մեզ էինք համեմատվում եւ իրար հանդիպելիս էդ նույն հարցն էինք իրար տալիս եւ նույն պատասխանն էինք իրարից ստանում, եւ էդ հարցն ու էդ պատասխանը շարունակվելով՝ հասան ընդհուպ անկախության օրերը եւ անկախությունից հետո դադարեցին գոյություն ունենալ, որովհետեւ անկախությունից հետո մեր համակուրսեցիների մեծ մասը գործազուրկի կարգավիճակում հայտնվեց, ու Վահանի մշտական նեղսրտությունն է՛լ վերջնականապես ավարտվեց, որովհետեւ ինքը մշտապես նեղվում էր մեր էդ մշտական հարցից՝ «էլի չես աշխատո՞ւմ»։

Վահանի տարբերակն իսկապես բացառիկ էր սովետական ժամանակների համար, եւ մեր ջահել ու ամենազոր ուղեղները մշտապես անզոր էին Վահանի տարբերակն ընկալել, ու մենք, որ մշտապես պատրաստ էինք հասկանալ եւ նույնիսկ բացատրել ցանկացած անբացատրելի ու անիմանալի երեւույթ, Վահանի տարբերակի մեջ արդեն չէինք էլ փորձում խորանալ, որովհետեւ էդ տարբերակն ըմբռնելու մեր բոլոր նախորդ փորձերը ձախողվել էին։

Վահանը դպրոցը ոսկե մեդալով ավարտել ու ընդունվել էր Մանկավարժականի բանասիրական եւ, ինչպես արդեն ասացի, էստեղ միայն գերազանց գնահատականներ էր ստանում, եւ առաջին կուրսում նախ գերազանցիկ դառավ, երրորդի սկզբում՝ անվանական թոշակառու, իսկ չորրորդի սկզբում արդեն Լենինյան թոշակառու էր, ու ավարտական կուրսում Վահանի առումով մեր միակ մտածմունքն էն էր, թե ինքը ո՞ր գծով է ասպիրանտուրա մնալու, ու էդ ժամանակ որեւէ մեկիս մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Վահանը ո՛չ միայն դասախոս չի դառնալու, այլեւ ընդհա՛նրապես որեւէ աշխատանք չի ունենալու, եւ եթե առաջին շրջանում Վահանի միտքը հիմնականում ասպիրանտական հարցերի վրա էր կենտրոնացած, ապա հետագայում ինքը ցանկացած աշխատանքի էր համաձայն, որովհետեւ մեր ինստիտուտի ասպիրանտական տեղերը գրեթե բոլոր ձգտողներին հերիքեցին՝ Դեմիրխանյան Վահանից բացի, իսկ հետագայում նաեւ զարմանքով հասկացանք, որ աշխարհի մեկ վեցերորդ մասում բոլորիս համար աշխատանք գտնվեց՝ մեր միակ գերազանցիկ Դեմիրխանյան Վահանից բացի, եւ եթե առ էս պահն էս վեպիս շրջանակներում մանրամասնորեն նկարագրել ու դեռ չեմ ավարտել աշխատանք չունենալուս տանջալի մի քանի ամիսների տվայտանքներս, եւ եթե էս ընթացքում ձեզ գեթ մի անգամ հաջողվել է մտնել գործազուրկի ահավոր հոգեվիճակներիցս մեկնումեկի մեջ, ապա միանգամայն հեշտությամբ կմտնեք Դեմիրխանյան Վահանի գրեթե ողջ գիտակցական կյանքին ուղեկցած վիճակների մեջ, որովհետեւ Վահանի գրեթե ողջ գիտակցական կյանքը, փաստորեն, աշխատանքի անօգուտ ու տենդագին փնտրտուք էր, եւ չնայած երկու անգամ բախտը չափազանց էր մոտեցել իրեն, բայց երկու դեպքում էլ փուստ անցավ, եւ առաջին հնարավորությունը Հայհամերգի ռեկլամային բաժնում էր, որտեղ Վահանի փորձաշրջանը շուրջ երեք ամիս տեւեց, բայց ամենավերջին պահին Վահանի փոխարեն մի ջոջի լակոտի ընդունեցին, ընդ որում՝ էդ լակոտը դեռ ինստիտուտը չէր ավարտել ու դեռ դիպլոմ չուներ, եւ հիմա որ հիշում եմ՝ Վահանին հատկապես է՛դ հանգամանքն էր վրդովեցրել, այն է՝ ոտնահարվել էր օրենքը. անդիպլոմ էդ լակոտին, փաստորեն, վստահվել էր մի աշխատանք, որի համար պետությունը դիպլոմավոր էր նախատեսում։

Երկրորդ անգամ Վահանի համար հրաշալի շանս առաջացավ Գլավլիտում, եւ քանի որ Գլավլիտի բաժնի վարիչներից Կարապետյան Սերգեյը մեր ցածր կուրսերից էր ու Վահանին էլ ինքն անձամբ էր իր բաժնի ազատված էդ հաստիքն առաջարկել, արդեն հարյուր տոկոսով համոզված էինք, որ ազատված հաստիքը հենց Վահանին է բաժին հասնելու, եւ արդեն նույնիսկ իր աշխատանքային կենսագրության վրա խաչ քաշած Վահանն էր էդ առաջացած շանսին հավատում, որովհետեւ Սերգեյը գործը գլխից էր բռնել, ու չնայած Գլավլիտի պետ Մարտիրոսյանը էսօրէգուց էր գցում, բայց նախ Սերգեյին ու հետո նաեւ Վահանին հարյուր տոկոսով խոստացել էր, ու էնքան էսօրէգուց գցեց, մինչեւ մի օր Ցեկայի ամենավերեւներից զանգեցին Մարտիրոսյանին ու Վահանի համար նախատեսված տեղում մի պիժոնի պարտադրեցին, ու էս ամենն էսքան մանրամասն գիտեմ, որովհետեւ էդ ժամանակ «Ծիծեռնակում» էի աշխատում, ու Գլավլիտը «Ծիծեռնակի» հենց դեմդիմաց էր, ու էդ պահի դրությամբ Վահանն արդեն փողկապով ու կանոնավոր աշխատանքի էր գալիս, եւ չնայած աշխատավարձ չէր ստանում, բայց իրեն արդեն Գլավլիտի աշխատող էր համարում, ու Սերգեյն իրեն արդեն կարեւոր աշխատանքներ էր հանձնարարում, ու Մարտիրոսյանն էլ, ասում էին, շատ գոհ էր Վահանի էդ փորձաշրջանից եւ խոսքի մեջ ասել էր, որ հարմար առիթի դեպքում Վահանին նույնիսկ բաժնի վարիչ է դարձնելու, ու Վահանն էդ օրերին էնքան լավատես էր, որ արդեն իրեն բաժնի վարիչ էր պատկերացնում, մանավանդ որ, Սերգեյից բացի, մյուս բոլոր բաժինների վարիչներն արդեն թոշակի տարիքն անց էին, ու Վահանի էդ օրերի լավատեսության մասին էսքան վստահ եմ ասում, որովհետեւ էդ օրերին մամուլի շենքի բուֆետում իրար հետ էինք սուրճ խմում, եւ, հիշում եմ, գերազանցիկության ժամանակների իր ինքնավստահությունը տարիների ընդմիջումից հետո միանգամայն վերականգնված էր, բայց, ցավոք սրտի, շաբաթն էդ անգամ էլ ուրբաթից շուտ եկավ, եւ մի անկանխատեսելի առավոտ, երբ Շուրայի բուֆետում Վահանն ու ես մեր սուրճերն էինք խմում, հանկարծ բուֆետի դռների մեջ Սերգեյի սփրթնած ու այլայլված դեմքը տեսանք, եւ Վահանն անմիջապես ինձ ասաց՝ «հիմա Սերոժը մի վատ բան կասի», եւ երբ Սերգեյն առանց նորմալ բարեւելու՝ աթոռը քաշեց ու գլխահակ նստեց իմ դիմաց, Վահանը Սերգեյին ասաց՝ «կարաս բան չասես. ամեն ինչ պարզ ա», եւ երբ գունատված Սերգեյը հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», Վահանն ասաց՝ «էսօր շատ փիս էրազ եմ տեսել, համ էլ՝ Մարտիրոսյանն էսօր մի տեսակ բարեւեց», եւ Սերգեյը հարցրեց՝ «Մարտիրոսյանին արդեն տեսե՞լ ես. ինքը քեզ բան չասե՞ց», եւ Վահանն ասաց՝ «բան չասեց, բայց դեմքին ամեն ինչ գրած էր», եւ Սերգեյը հարցրեց՝ «դեմքին ի՞նչ էր գրած», եւ Վահանն ասաց՝ «ոչ մի լավ բան», եւ Սերգեյն ասաց՝ «փաստորեն, ճիշտ ես զգացել», եւ երբ իր հոգու ամենախորքում մի պտղունց հույս պահած Վահանը սարսափահար ճչաց՝ «ի՞նչն եմ ճիշտ զգացել», Սերգեյն արդեն կարմրեց ու ասաց՝ «հենց նոր մտա բաժին, տենամ՝ դեմիս սեղանին մի հատ բոյով պիժոն ա նստած, ու որ աղջկերքն ասին՝ մեր նոր աշխատողն ա, առանց էդ բոյլուղի հետ ծանոթանալու՝ վազելով մտա Մարտիրոսյանի կաբինետ, ու Մարտիրոսյանն առանց իմ հարցին սպասելու՝ ասեց, որ էդ գյադի համար շա՜տ վերեւից են ասել, ու ինքը, փաստորեն, չի կարացել մերժի», եւ երբ Սերգեյն էդ ասաց, Վահանը գլուխը բռնեց ու ասաց՝ «փաստորեն, էրազս կատարվեց» եւ Սերգեյը չգիտես ինչու ինձ նայեց ու ասաց՝ «Մարտիրոսյանն էս բանից ավելի՛ վատ ա զգում, քան՝ մենք», եւ ես ասացի՝ «որ վատ ա զգում, խի՞ չէր էդ անտեր հրամանը շուտ տալի», եւ Սերգեյն ասաց՝ «ինքն է՛լ ա էդ ասում. ինքն է՛լ ա իրա սխալն զգում», եւ էդ պահին Վահանը գլուխը բարձրացրեց ու ասաց. «Էս թեման փակենք. ես գիտեի, որ ըսենց ա վերջանալու»։

Ես, որ որեւէ մեղք չունեի Վահանի էդ շարունակական անհաջողությունների մեջ, էդ պահին ինձ չափազանց մեղավոր էի զգում ու էդ պահին մտածում էի, որ ո՛չ միայն էդ պիժոնին, այլեւ բոլորիս են Վահանի փոխարեն աշխատանքի ընդունել, ու էդպես մտածելու լիքը հիմքեր ունեի, որովհետեւ արդեն երկու անգամ աշխատանքի էի ընդունվել եւ երկու անգամն էլ ծանոթով ու միջնորդությամբ էի ընդունվել, ու էդ պահին մտածում էի՝ եթե ախալքալաքցի Աշոտը չլիներ՝ «Ապագա բժիշկ» թերթի տեղն անգամ չէի իմանալու, եւ եթե չլիներ «Ծիծեռնակի» Տաթեւիկը, «Ծիծեռնակի» տեղն է՛լ չէի իմանալու ու երբեւէ մանկագիր է՛լ չէի դառնալու. այսինքն, Վահանի ամբողջ մեղքն ընդամենն էն էր, որ իր կյանքի ճամփեքին ախալքալաքցի Աշոտին ու Տաթեւիկին չէր հանդիպել։

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել