Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԱԿԱԼԸ» ՈՐՊԵՍ ՊԻՏԱԿ

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Մասնագետի տեսակետը

Ազգային անվտանգության ծառայությունների հետ համագործակցած անձանց նկատմամբ հասարակության կողմից հաճախ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում: Մինչդեռ համագործակցությունը անվտանգության մարմինների հետ պետության անհրաժեշտ գործիքներից է: Ամեն պետություն պետք է երաշխիք ունենա ապահովել իրեն տհաճ անակնկալներից եւ զգա վստահ ու անվտանգ:

Անվտանգության երաշխավորներից մեկը ազգային անվտանգության մարմիններն են եւ նրանց հետ համագործակցող նվիրյալները: Չկա մի երկիր, որը չի օգտվում այդ հուսալի «զենքից»: Այլ բան է, թե ինչ մեթոդներ եւ գործելակերպ է թույլատրելի այդ աշխատանքում: Մյուս կողմից էլ, հաճախ անվտանգության մարմինների հետ համագործակցելու մասին ապատեղեկատվությունն օգտագործվում է որպես քարոզչություն քաղաքական հակառակորդի դեմ կամ անձնական հաշիվներ մաքրելու միջոց: Պարզեցնեմ ասելիքս:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի իշխանավարության շրջանում իրականացվեց հասարակական մտքի մշակում՝ նրա դեմ: Ինչն էր նողկալին. որպես «վարկաբեկիչ» փաստ՝ նրան վերագրեցին համագործակցությունը խորհրդային պետանվտանգության մարմինների հետ, որը կատարյալ հերյուրանք էր:

Գրող-հրապարակախոս Ժիրայր Անանյանը, գտնվելով մշտական հակամարտության մեջ իր գործընկեր, անվանի գրող Պերճ Զեյթունցյանի հետ, աշխատում էր վարկաբեկել նրան: Վերջինիս՝ Գրողների միության քարտուղար ընտրվելը շրջապատում Ժ. Անանյանը բացատրում էր ՊԱԿ-ի հետ, իրականում գոյություն չունեցող, կապով, ինչի մասին անթաքույց շարադրում է նաեւ իր «Մտորումներ ժամանակների մասին» գրքում: Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնից Զեյթունցյանի անսպասելի ազատման պատճառը ոմանք բացատրում էին հենց այդ բանսարկությունների ազդեցությամբ:

Պարույր Սեւակը, հիմնվելով ուրիշի խոսքերի վրա, Գրականության ինստիտուտի բաժնի վարիչ Շավիղ Գրիգորյանին՝ նրա մտերիմ, Լեզվի ինստիտուտի նախկին բաժնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Վարագ Առաքելյանի մասին կարծիք է հայտնել, թե նա կապված է ՊԱԿ-ի հետ, որն իրականությանը չի համապատասխանում: Ճիշտ է, Վարագ Առաքելյանը առնչվել է ՊԱԿ-ի հետ, բայց ոչ համագործակցողի դերում, այլ հետապնդվել է որպես մարտնչող ազգայնամոլ:

Պարույր Սեւակի ողբերգական մահը՝ կապված ճանապարհատրանսպորտային աղետի հետ, որոշ քաղքենիներ վերագրեցին ՊԱԿ-ին: Վերջերս մամուլում ընթերցեցի այլ հոդված, իբր գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը հոդվածագրին հայտնել է Պ. Սեւակի՝ ՊԱԿ-ի հետ համագործակցելու մասին տեղեկություն: Այստեղ տեղին է պատասխանել հենց Սեւակի խոսքերով. «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»:

Ընթերցում ենք անցյալ տարվա նոյեմբերի 11-ի «Իրավունք» թերթի «Հայրիկյանի պատասխանը» հոդվածը, որում նա լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է վերագրում ՊԱԿ-ի հետ համագործակցելը, որը բացարձակապես սուտ է: Սակայն Պ. Հայրիկյանը մոռացել է, որ նույն «մեղադրանքը» հասարակության մեջ շրջում է եւ իր մասին: Այս շարանը կարելի է շարունակել, բայց թվում է՝ ասելիքս պարզ է եւ այսքանով սահմանափակվենք: Ես որպես քաջատեղյակ՝ զարմացած եւ զայրացած եմ նման մտավարժությունների հեղինակների վրա: Նրանց վարքագիծը հակասում է թե՛ օրենքին եւ թե՛ բարոյականությանը:

Կարծում ենք, հոդվածից պարզ է, որ հեղինակը գրքերից չէ, որ ծանոթ է խորհրդային ՊԱԿ-ի աշխատանքներին: Հոդվածում կան, հավանաբար, նաեւ վիճելի մտքեր: Սիրով կտպագրենք խնդրի շուրջ նաեւ այլ տեսակետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել