Հայազգի երիտասարդները՝ իրենց բիզնեսի շահագրգռություններով պայմանավորված, նախընտրում են տվյալ երկրի պատմությունն ու լեզուն:
Երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպել էր կրթական թեմաներով գիտաժողով, որից հետո կազմակերպության պատվիրակությունը պատրաստվում էր այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Միության մասնաճյուղերի անդամները քննարկեցին Սփյուռքում հատկապես մայրենի լեզվի ու հայոց պատմության ուսուցմանն առնչվող հարցերը: ՀԲԸՄ կրթական բաժնի տնօրեն Արթուն Համալյանին անհանգստացնում էին Սփյուռքի հայկական դպրոցների ծրագրերն ու մանկավարժական կադրերը: Նրա կարծիքով, վերջիններիս վատ պատրաստվածությունը պատճառ է դառնում աշակերտների կրթական ցածր որակի: Պարզվում է՝ Սփյուռքի հայկական դպրոցներում յուրաքանչյուր աշակերտի վրա տվյալ դպրոցը ծախսում է տարեկան $ 2400:
Կրթական բաժնի տնօրենը «Առավոտին» ցավով հայտնեց. «Սփյուռքի հայկական դպրոցներում աշակերտների թիվը գնալով պակասում է: Անցած տարվա տվյալներով 5300 աշակերտ ունեինք, իսկ այս տարի նրանք 500-ով պակասել են: Պատճառները տարբեր են, բայց հիմնականում տնտեսական, ֆինանսական խնդիրներից ելնելով են աշակերտները հեռանում: Բացի այդ, նոր սերունդը ավելի շատ տնտեսական հետաքրքրություններ ունի, այսինքն՝ տվյալ արտասահմանյան երկրի մեջ հաջողակ լինելը դարձնում են հիմնական նպատակ, իսկ դա նշանակում է, որ օտար լեզվի տիրապետումը ավելի ձեռնտու է նրանց: Աշակերտների սակավաթիվ լինելը ազդում է հայկական դպրոցների բյուջեի վրա, որովհետեւ դպրոցը գոյատեւում է նաեւ աշակերտների վճարած վարձերի շնորհիվ»:
Ա. Համալյանը հավելեց. «Սկսել ենք ավելի հաճախ այցելել դպրոցներ, մեր մշակած նոր ծրագրերի միջոցով հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ, որպեսզի նրանք ցանկություն ունենան սովորել հայոց լեզուն, հայոց պատմությունը»:
ՀԲԸՄ Հյուսիսային Կալիֆոռնիայի վարչության ատենապետ Երվանդ Զորյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսել են հեռակա կարգով անցկացնել վերապատրաստման դասընթացներ՝ հայոց պատմության, մշակույթի եւ հայոց լեզվի ուսուցիչների համար: Առաջիկայում Երեւանում՝ Նոր Նորք համայնքում կբացվի վարժարան-համալիր, որը կլինի նաեւ արտասահմանից եկած ուսանողների կացարանը: Համալիրն ապահովված է լինելու բոլոր հարմարություններով: Արդեն տրամադրվել է համապատասխան հողատարածք: Առայժմ որոշ տարաձայնություններ են առաջացել դրա չափերի վերաբերյալ, ինչը միության նախագահ Պ. Սեդրակյանը փորձում է հարթել: Նշենք, որ ՀԲԸՄ-ն իր 100-ամյակին նվիրված մի շարք տոնակատարություններ է անցկացրել Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում: Նախատեսված է դրանք եզրափակել ապրիլի 8-ին՝ Հայաստանում: