Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԱ՛ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Սակայն տնօրենները պնդում են, որ տոների առիթով միայն ծաղկեփունջ ու ձեռքի աշխատանք են ընդունում

Մարտի 8-ից ապրիլի 7-ը դպրոցներում տիրում է տոնական տրամադրություն, կազմակերպվում են բազում միջոցառումներ, որոնք ամփոփվում են ապրիլի 7-ի եզրափակիչ տոնակատարությամբ: Մինչ տնօրենները հավաստիացնում են, որ տոների առիթով դրամահավաք չի կատարվում, ծնողները միասին քննարկում են, թե յուրաքանչյուր աշակերտից որքան գումար հավաքեն, որպեսզի ամեն ուսուցչին հնարավոր լինի նվեր գնել: Դպրոցներում կատարվող դրամահավաքների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում, սակայն մանկավարժները հավաստիացնում են, որ իրենք գոհանում են միայն ծաղիկով:

Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի համար աշակերտներից ստացած ամենատպավորիչ նվերը վարդերի շքեղ փունջն էր ու իր անվան տառերով գրված աքրոստիկոսը: «Եթե աշակերտներն այսպիսի հրաշալի անակնկալներ կարող են մատուցել, ուսուցիչն ինչո՞ւ պիտի երկու հազար դրամանոց նվեր կամ իրեն վարկաբեկելով փող վերցնի: Իսկ եթե աշակերտները սրտաբուխ կերպով ծաղիկ են նվիրում, դա չընդունելը անհիմն եմ համարում»,- ասաց Ռ. Կոստանյանը:

Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցի տնօրեն Անետա Ասատրյանի համար աշակերտներից ստացած լավագույն նվերը լարերով պատրաստված ձվիկն է՝ ներսում փոքրիկ բացիկով, որը աշակերտների ձեռքի աշխատանքն է: Դրամահավաքի մասին խոսակցությունները նա չափազանցության արդյունք է համարում. «Ընդհանրապես, տոների առթիվ միջոցառումներ կազմակերպելիս, նյութեր գնելու համար, երբեմն մի քանի հարյուր դրամ ենք հավաքում: Դա մարդիկ մեծ երեւույթ են դարձնում: Մեր ազգային խառնվածքն այնպիսին է, որ նույնիսկ մի ծաղկեփունջը կարող են ուռճացնել, շահարկել»,- նկատեց Ա. Ասատրյանը: Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոցի ուսուցիչների «բախտն այնքան էլ չի բերել», քանի որ տնօրեն Սուսաննա Վարդանյանի խոսքերով՝ իրենց դպրոցը քիչ աշակերտներ ունի, հաճախողներն էլ նեղ պայմաններում ապրող ընտանիքների երեխաներ են:

Թիվ 111 դպրոցի տնօրեն Անդրանիկ Քեհեյանը, ի տարբերություն մեր մյուս զրուցակիցների, ոչ մարտի 8-ին է նվեր ստանում, ոչ ապրիլի 7-ին. «Այս տոների կապակցությամբ ինքս եմ փորձում ինչ-որ կերպ ուշադրություն ցուցաբերել կին ուսուցիչների նկատմամբ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մեծարանքի է արժանի»:

Տեղեկացանք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը դեռ ոչ մի միջոցառում չի նախատեսել ապրիլի 7-ի կապակցությամբ: Գերատեսչության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից պարզեցինք, արդյոք ԿԳ-ն դպրոցներում դրամահավաքների վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնո՞ւմ է: «Այդպիսի գործուն մեխանիզմ գոյություն չունի, մյուս կողմից էլ բարոյական խնդիր է»,- ասաց նա: Նաեւ հայտնեց, որ տոների կապակցությամբ բազմաթիվ ահազանգեր են ստանում ծնողներից: Օրինակ՝ մի ծնող զանգել է վարչություն եւ վրդովված հարցրել, թե նախարարը ծաղիկ վերցնելն է՞լ է արգելել: Նրա երեխան դասղեկին ծաղկեփունջ է ցանկացել նվիրել, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է այն ընդունել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել