Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաերաժշտականը» ՄԱԿ-ն է, «ամենաթատերականը»՝ ՀԵԿ-ը

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Իսկ մանկավարժներն ու դասախոսները առատորեն «սփռված» են բոլոր համամասնական ցուցակներում

Մայիսի 12-ին կկայանան ԱԺ հերթական ընտրությունները: Կուսակցությունների ու դաշինքների համամասնական ցուցակներում մեծ թիվ են կազմում գիտության, կրթության ու մշակույթի գործիչները:

Օրինակ, Ազգային ժողովրդավարական կուսակցության ցուցակում ընդգրկված են 4 մանկավարժ, 17 գիտաշխատող ու դասախոս, 2 ուսանող, 1 ջութակահար, 1 դերասանուհի եւ 1 նկարիչ: «Ազգային համաձայնություն» կուսակցության ցուցակով առաջադրված են ԵՊՀ՝ 2, Ճարտարագիտական եւ Մխիթար Հերացու անվան համալսարաններից 1-ական դասախոս:

«Ազգային միաբանության» ցուցակում են Ճարտարագիտական ու Հյուսիսային համալսարանների ներկայացուցիչները, քաղաքապետարանի կրթության բաժնի մի մասնագետ, 2 մանկավարժ եւ Կրթության ազգային ինստիտուտի մի աշխատակից: «Բարգավաճ Հայաստանը» եւս ժողովրդին փորձում է ներկայանալ մտավորականների դեմքով՝ բուհերի 18 դասախոս ու ղեկավար, 3 մանկավարժ, Դրամատիկական թատրոնի 1 դերասան: «Դաշինքում» գիտաշխատողները, դասախոսները եւ մանկավարժները միասին 7-ն են: «Ժառանգությունը», բացի բուհի 10 դասախոսից ու գիտաշխատողից, 11 մանկավարժ, թանգարանի տնօրեն ու անգամ օպերային երգիչ ունի՝ Արմեն Միրաքյանը: Ժողովրդական կուսակցության ցուցակում են մի գիտաշխատող ու մի դեկան:

«Ժողովրդական ուղուն» մշակութայնություն են հաղորդում կոմպոզիտոր Ռուսլան Գալստյանը, մշակույթի տան մի տնօրեն: Այս ցուցակում նաեւ 3 դասախոս ու մանկապարտեզի մի փոխտնօրեն կան:

«Իմփիչմենտը» ներկայանում է 7 դասախոսով ու գիտաշխատողով, նաեւ 2 մանկավարժով, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը՝ 3 մանկավարժով: Հայաստանի առաջադիմական կուսակցության ցուցակում ընդամենը 1 դասախոս կա, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունում՝ 6 գիտաշխատող ու դասախոս, կինոտան տնօրեն, անգամ կոնսերվատորիայի իլյուստրատոր: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը շուրջ մեկ տասնյակ գիտաշխատողներով, դասախոսներով ու մանկավարժներով է ներկայանում:

Հայաստանի երիտասարդական կուսակցության ցուցակում Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասանուհի Ժասմեն Ասրյանն է՝ իր կոլեգայի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանի հետ, Լեզվի կենտրոնի տնօրենը եւ Մանկավարժականի մի դասախոս: Հայաստանի ժողովրդական կուսակցությունը իր ցուցակում տեղ է տվել 5 դասախոսի ու գիտնականի, նույնքան էլ մանկավարժի, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 4 դասախոսի եւ 3 մանկավարժի:

Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակում 7 ռեկտոր, դասախոս ու գիտաշխատող կան եւ մարզադպրոցի 1 տնօրեն: Այստեղ է նաեւ քաղաքապետարանի կրթվարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը:

Հայաստանի մարքսիստական կուսակցության ցուցակում 1 մանկավարժ, 2 դասախոս են «հանգրվանել»:

ՀՅԴ- ի ցուցակում բուհի 15 ներկայացուցիչ, ԿԳ նախարարության եւ կրթության ազգային ինստիտուտի բազմաթիվ աշխատակիցներ կան, նաեւ Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նելլի Սարգսյանը: ՀՀՇ- ի ցուցակում 1 մանկավարժ կա: «Հայոց հայրենիք» կուսակցությունում կան 5-6 դասախոս ու գիտնական, նաեւ մանկապարտեզի դաստիարակ, իսկ «Հանրապետություն» կուսակցության ցուցակում տեղ են գտել մարզադպրոցի 1 տնօրեն եւ օպերային թատրոնի ռեժիսորի օգնական Մարինա Վարդումյանը:

ՄԱԿ-ը շատերից առանձնանում է իր ռեկտորներով. նրա ցուցակում են Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, նույն բուհի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը, 5 դասախոս, 2 մանկավարժ եւ համայնքի մշակույթի բաժնի 1 վարիչ:

Միացյալ ազատական ազգային կուսակցության ցուցակում են 3 դասախոս, «Կոմիտաս» քառյակի տնօրեն Արման Պադարյանը, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու Զարուհի Արմաղանյանը:

«Նոր ժամանակներն» ունի 11 դասախոս ու գիտաշխատող: Նրանց թվում է Երեւանի պետկոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ Ալեքսանդր Գուրգենովը:

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ցուցակում են 1-ական դասախոս, մանկավարժ եւ ուսանող, ինչպես նաեւ գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը:

Քրիստոնյա -ժողովրդական «Վերածնունդ» կուսակցության ցուցակում 2 դասախոս ու մանկավարժ կան, «Օրինաց երկրում»՝ 17 դասախոս, մարզադպրոցի եւ մշակույթի տան 1-ական տնօրեն, դպրոցի, ուսումնարանի եւ մանկապարտեզի 13 մանկավարժ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել