Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Ապրիլի 7-ի առիթով նրանց կանխատեսելի ու անկանխատեսելի էպիտետները՝ գեղեցիկ սեռի հասցեին

ՀՀՇ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Արամ Մանուկյանը մեր հարցին՝ արժե՞ կանանց վստահել, պատասխանեց. «Այդ ո՞վ է այն համարձակը, որ հակառակն է մտածում: Կանայք տղամարդկանց համար կարող են շոգեքարշի, ուղղորդողի դեր ունենալ: Գուցե առաջին հայացքից չերեւա, բայց իրենք ե՛ւ մոտիվացնող են, ե՛ւ շահագրգռող: Կանայք խելոք են եւ ուժեղ, թեեւ տղամարդիկ կարծում են՝ իրենք են այդպիսին: Ես կուզենայի, որ յուրաքանչյուր կին իր երկրի կանխատեսելիությունը զգա, որ իր ամուսնու աշխատավարձը, երեխաների խաղաղ ապրելու, սովորելու, ծառայելու իրավունքը լիազորված լինի, հայ կինը իր ընտանիքով Հայաստանում ապրի եւ ոչ թե ապահովություն ու երջանկություն փնտրի մեր երկրի սահմաններից դուրս»:

Հաջորդ հարցին էլ՝ կանայք կարո՞ղ են վտանգավոր լինել, պրն Մանուկյանը պատասխանեց. «Ուժեղներն ու գեղեցիկները միշտ էլ վտանգավոր են, եթե թույլերը (տղամարդիկ) իրենց լավ չեն պահում»:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» ասաց, որ կանանց գնահատելու ու մեծարելու հարցում ինքը վարպետ է. «Ամենավստահելին կանայք են, անվստահելին՝ տղամարդիկ: Եթե պետությունների ղեկավարները լինեին կանայք, իմ խորին համոզմամբ, աշխարհի բոլոր պրոբլեմները ներդաշնակ ձեւով կլուծվեին: Կանայք տղամարդկանցից խելացի են, քանի որ տղամարդկանց ներշնչել են, որ իբր տղամարդիկ են խելացի՝ դրանով թյուրիմացության մեջ գցելով նրանց: Այն, որ Աստված մարդ ստեղծելու բացառիկ շնորհը տվել է կնոջը, դրանով ամեն ինչ ասված է: Կինը մարդ է ստեղծում, իսկ աշխարհի ամենամեծ արժեքը մարդն է: Տղամարդը մարդու ստեղծման պրոցեսում կողմնակի դեր ունի: Մյուս կողմից՝ կանայք էլ այնքան խելացի են, որ գիտակցում են՝ առանց կողմնակի միջամտության իրենք երբեք չէին կարող մարդ արարել»:

Հայաստանի կոմունիստական կուսակցության լիդեր Ռուբեն Թովմասյանի ձեւակերպմամբ՝ կինը կատալիզատոր է տղամարդ քաղաքական գործչի կյանքում եւ ընդհանրապես: «Կանայք կարող են խթանիչ դեր եւ մեծ ազդեցություն ունենալ: Քաղաքական այն իրավիճակը, որ գոյություն ունի այսօր, ավելի լավ է կանայք տնօրինեն, քան այն տղամարդիկ, որ համարձակ ու վճռական են ձեւանում: Կանայք ավելի վստահելի են ու կատարյալ, նրանք արդարացրել են իրենց բոլոր բնագավառներում՝ ընդհուպ մինչեւ տիեզերք»,-ասաց ընկեր Թովմասյանը: Նա յուրովի շնորհավորեց կանանց՝ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով. «Ապրիլի 7-ին՝ մարտի 8-ի արժեքներով եմ շնորհավորում կանանց, մաղթում ընտանեկան երջանկություն, առողջություն: Այն, որ այս 17 տարիներին ապրել են մեր կանայք, համարում եմ ամենամեծ հերոսությունը ողջ մարդկության պատմության մեջ»: Ռ. Թովմասյանի կարծիքով՝ «վտանգավոր են միայն այն կանայք, ովքեր մարմնավաճառությամբ են զբաղվում մեր թշնամի երկրներում»:

ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ հայերս կշահեինք, եթե մեր երկրի կարեւոր պոստերը վստահվեին արժանիքներ ունեցող կանանց. «Կանայք գթասիրտ են, շրջահայաց, մինչդեռ տղամարդիկ շատ հարցերում վրեժխնդրություն ու քաղաքական միտումնավորություն են ցուցաբերում»: Պրն Մանասերյանը գտնում է, որ կանանց արժե վստահել, «եթե խոսքը վերաբերում է մայրերին, հավատարիմ կանանց եւ նույնքան հավատարիմ ընկերուհիներին»: Հարցին՝ կինը կարո՞ղ է վտանգավոր լինել, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ֆրանսիացիներն ասում են՝ ամեն ինչում փնտրիր կնոջը: Կարծում եմ, հայ տղամարդը դեռ չի գիտակցում հայ կնոջ «ղադրը», դրանից էլ կարող է անսպասելի վտանգ առաջանալ իր համար:

Ինչ վերաբերում է պետական ու քաղաքական գործիչներին, ապա առանց արժանիքներ ունեցող կանանց՝ նրանք շատ խղճուկ տեսք ու կերպար կունենային: Աստված ստեղծել է տղամարդուն եւ կնոջը, կյանքի եւ բնության հավասարակշռությունը նրանց ներդաշնակ գոյությամբ է պայմանավորված: Բայց մյուս կողմից որոշողն ու ընտրողը կինն է, օրինակ, եթե նա թույլ է տալիս իրեն սիրել, ոչ մի բանակ կնոջ կամքին հակառակ չի կարող գնալ: Այսօր բոլորը կարեւորում են ընտրությունները: Իսկ ընտրություն երեւույթը հենց կնոջից է գալիս»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կանանց մասին այսպես արտահայտվեց. «Աչք եմ բացել մի օջախում, որտեղ թեւածում էր կնոջ հանդեպ պաշտամունքի հասնող սերը: Մայրս՝ Վարդիթերը, մեր ընտանիքի պահապան ողնաշարն էր, ում բարության, խստապահանջության ու նվիրումի ծաղկաբույլից նեկտար է քամել կյանքիս մշտաներկա ուղեկցուհին՝ Արմենուհին: Վերջինս իր հերթին մարդկային առաքինությունների ու հայկական ավանդույթների հմայքն է ժառանգում իմ չնաշխարհիկ Շուշի դստերը: Առհասարակ՝ կանայք իմ կյանքում ուրույն ու պատվագույն տեղ ունեն. հայ կինը թե՛ ներշնչանքի աղբյուր է, թե՛ հավատքի մարմնացում եւ թե՛ մեծագործությունների խթանիչ: Կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտին, հանապազօր հարաբերություններին այնքա՜ն են հարկավոր կնոջ նրբազգացությունն ու շրջահայացությունը, արարչագործ շնորհն ու աշխատաձիրքը, գթասրտությունն ու ջերմագին շունչը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել