Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերօթիկի շրջանավարտի ճակատագիրը

Ապրիլ 09,2007 00:00

Թամարն այլեւս չի ուզում հավաքարար աշխատել

«Կարո՞ղ ա ինձ համար գործի տեղ ճարես, գնամ աշխատեմ, շատ եմ ուզում: Ախր որ խանութում աշխատում եմ, ինձ նեղացնում են: Ուզում եմ դուրս գամ»,- 3 ամիս առաջ մեր բակի Թամարն աշխատանք էր փնտրում: Իսկ հիմա ասում է. «Էլ աշխատանք չճարես ինձ համար: Չեմ ուզում աշխատել: Սաղ օրը ձեռքերս ծալած տանը նստած՝ հավես ա»:

Թամարը 14 տարեկան էր, երբ մայրը տարավ խանութներից մեկում հավաքարար աշխատելու. «Չես պատկերացնի՝ ինչքան դժվար էր: Ձեռքերս անընդհատ պաղ ջրի մեջ էին, կապտում էին: Խանութի տերն ու աշխատողներն էլ ինձ նեղացնում էին, ձեռ առնում»:

Ամսվա վերջում Թամարի աշխատավարձը՝ 5000 դրամ, ստանում էր մայրը. «Հետո ասացին, որ լավ չեմ մաքրում, ու մամայիս 3000 դրամ տվեցին: Մի քանի ամիս էլ գնացի՝ մինչեւ ձմեռն էկավ ու էլ չաշխատեցի»: Այժմ Թամարն ու մայրն ապրում են մոր հորաքրոջ՝ Մարիամի տանը: «Երբ Մարիամի ամուսինը մեռավ, Ջրվեժից ես ու մամաս էկանք Մասիվում ապրելու»,- ասաց Թամարը: Շենքի բնակիչներից մեկը պատմում է, որ Թամարի մայրը սկսել է անբարոյական կյանքով ապրել, ամուսինն էլ դուրս է արել: «Պապաս ուրիշ կնիկ առավ: Ջրվեժում ախպորս ընտանիքի հետ են ապրում: Մեկ-մեկ գնում եմ իրանց տեսնելու: Բայց ես ավելի շատ մամայիս եմ սիրում: Մամաս երբ փող ա ունենում, ինչ ուզում եմ՝ ցեփ, մատանի, առնում ա»,- ոգեւորվում է աղջիկը:

Բակի երեխաները Թամարին լավ չեն վերաբերվում, չեն խաղում հետը, շատ հաճախ խփում են, փոքրերին էլ նրան մոտ չեն թողնում:

«Ես ձեզ ինչ եմ անում, որ չեք թողնում խաղամ, հո քոսո՞տ չեմ, որ էրեխեքին մոտ չեք թողնում, կարո՞ղ ա ձեզնից վատ եմ հագնված»,- ամեն անգամ այսպես է ասում Թամարն ու տուն գնում՝ մորը բողոքելու:

Թամարը պատմում է, որ ապրում են Մարիամի թոշակ-նպաստով ու մոր աշխատավարձով: Հայրը նրանց փող չի տալիս:

«Մամաս Մասիվի հիվանդանոցում ա աշխատում, սենյակներն ա մաքրում: Մեկ-մեկ մեզ կանչում ա, էնտեղ ենք լողանում, որ լույս քիչ օգտագործենք»,- անկեղծանում է աղջիկը: Թամարն ափսոսում է, որ ավարտել է Ավանի գիշերօթիկը, որտեղ ուներ ընկերուհիներ, սիրած ուսուցիչ:

«8-րդն էլ ավարտեցի ու գիշերօթիկ չգնացի: Բայց շատ լավ էր. երկուշաբթի գնում էի, ուրբաթ գալիս տուն, լողանում, շորերս լվանում ու նորից գնում»,- հիշում է Թամարը:

Նա չի ուզում Հայաստանում մնալ: Ասում է, որ փող ունենալու դեպքում գնալու է Ռուսաստան՝ քեռու մոտ: «Ստեղ ինձ ոչ մեկը չի սիրում, հետս չեն խոսում, փող չենք ունենում, որ ապրենք: Ռուսաստանում բարձր աշխատավարձ եմ ստանալու: Թե չէ ստեղ աշխատեմ, որ 3000 դրամ տա՞ն»,- նեղացած ասում է Թամարը:

Ամեն օր շենքի «բիսետկայում» նստած՝ նա սպասում է մորը՝ հույսով, որ մի օր հետը «շա՜տ» փող բերի:

Հ. Գ. Թամարը չցանկացավ լուսանկարվել՝ «ամոթ ա, կտենան՝ կճանաչեն» պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել