Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Նրանք ամիսներ առաջ են իմացել, որ իրենցից «թոյֆլ» մակարդակի օտար լեզվի իմացություն է պահանջվում:

Ավարտին են մոտենում ասպիրանտուրայի՝ օտար լեզուների ընդունելության քննության նախապատրաստական դասընթացները: Անգլերենի՝ «Թոյֆլ» կենտրոնացված քննության դասընթացները կազմակերպվել են Ամերիկյան համալսարանում, ֆրանսերենինը՝ «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությունն է իրականացնում, գերմաներենինը՝ «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը» (DAAD): Քանի որ օտար լեզվի քննությունն առաջին տարին է արտասահմանյան ծրագրերի միջոցով հանձնվում, այն բազում տարակարծություններ է առաջացրել: ՀՀ բուհերի մի շարք մասնագետներ պնդում են, թե իրենք կարող էին կազմակերպել այդօրինակ քննություններ, մյուսների կարծիքով էլ՝ քննության այս ձեւին անցումը ռազմավարական նշանակություն ունի:

«Մեր ապագա գիտնականի իմացություններն ինչո՞ւ պիտի արտասահմանյան ծրագրերով ստուգենք»,- վրդովված է Երեւանի տնտեսագիտական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարտիրոս Պետրոսյանը:

Այն կազմակերպությունների պատասխանատուները, որոնք ԿԳ նախարարության պահանջով ստանձնել են օտար լեզվի քննության անցկացման գործը, հնչած դժգոհությունները միեւնույն կերպ են պատճառաբանում: «Քննության այսպիսի ձեւը 100%-անոց օբյեկտիվություն է ապահովում»,- ասաց «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության տնօրեն Սյուզաննա Ղարամյանը եւ հավաստիացրեց, որ աշխատանքները ստուգվելու են Ֆրանսիայում, տվյալներն էլ մուտքագրվելու են համակարգչի օգնությամբ: Նա տեղեկացրեց, որ նախարարությունն շուրջ 106 ասպիրանտի տվյալ է ներկայացրել իրենց, որոնք բոլորն էլ նախօրոք համապատասխան թեստավորում են անցել: Արդյունքում՝ գրանցվել են ֆրանսերենից միջին մակարդակի իմացություններ. «Դասընթացը նախատեսված է յուրաքանչյուր ասպիրանտի համար 50 ժամի չափով: Այն լրիվ բավարար է ֆրանսերենի լեզվաիմացությունը թարմացնելու համար: Իսկ նրանք, ովքեր թեստավորումից հետո ցածր ցուցանիշներ են գրանցել, լրացուցիչ դասընթացներ կանցնեն»:

ԿԳ նախարարությունն ինքն է սահմանել քննության շեմը: Բնագիտության գծով ասպիրանտների համար անցողիկը 200 միավորն է՝ 700-ից, հասարակագիտականինը՝ 300-ը եւ լեզվաբանականինը՝ 400-ը: Այժմ «Ալիանս Ֆրանսեզում» անցկացվում են միջին մակարդակի խմբերի նախապատրաստական դասընթացներ: Բարձր ցուցանիշներով ասպիրանտներն ավարտել են դրանք, իսկ ամենաթույլ խումբը դասընթացները սկսել է ապրիլի 1-ից: Ընդունելության քննության օրն էլ է հայտնի՝ ապրիլի 22-ը: Հայաստանի Ամերիկյան համալսարան՝ ԿԳ նախարարությունը ներկայացրել է 1200 ասպիրանտի տվյալ: Նրանք եւս նույն մեթոդներով, ինչ ֆրանսերենի դեպքում, բաժանվել են խմբերի: Ծրագրի կոորդինատոր Անահիտ Ղազարյանը դժգոհելու բան չի տեսնում, վերջապես ասպիրանտներին հնարավորություն է տրվել միջազգային մակարդակի քննություն հանձնել. «Օտար լեզու ուսումնասիրելը ինքնին օտար երեւույթ է: Հետեւաբար, ինչո՞ւ պիտի դժգոհություն առաջացներ այն փաստը, որ օգտվում ենք համաշխարհային կիրառության եւ տարիների փորձարկում անցած այս ծրագրից»: Նա նաեւ նկատել է, որ «թոյֆլ» մակարդակի քննություն Հայաստանում դեռ չկա էլ. «Բուհի ընդունելության քննություններն էլ ցույց են տալիս, որ քննությունների անցկացման մեր մեթոդներն անկատար են, ուրեմն՝ պիտի վերցնենք միջազգային կրթական չափանիշներին համապատասխան ծրագրեր»:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ասպիրանտներն այս տարի օտար լեզվի քննության ժամանակ կհաղթահարեն լսելու, կարդալու եւ քերականության իմացությունները ստուգող առաջադրանքները: Մինչ մասնագետների երկու հակառակորդ խմբեր պնդում են իրենց կարծիքը՝ պատճառաբանելով, թե դա հանուն ասպիրանտների է արվում, վերջիններս դժգոհում են, որ բուհում ստացած իրենց գիտելիքները ամենեւին չեն համապատասխանում տվյալ թեստերում ընդգրկված նյութին: «Հարյուրից երկուսին հազիվ հաջողվի հաղթահարել թեստը: Անակնկալի ենք եկել: Գոնե մեկ տարի առաջ պիտի տեղեկացնեին, ոչ թե 3 ամիս առաջ»,- դժգոհեց Ագրարային համալսարանի ասպիրանտ Տիգրան Փամբուխչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել