Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչուիկները» խանգարո՞ւմ են մանկապարտեզներին

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Ծնողները գերադասում են երեխաներին մասնավոր նախակրթարաններ տանել

2006-ին հրատարակված «Կրթությունը Հայաստանում» գրքույկում նշված է, որ 2005-2006 ուստարում նախադպրոցական հիմնարկների թիվը, 1991-ի համեմատությամբ (1283 հաստատություն), նվազել է մոտ 50, իսկ այնտեղ հաճախող երեխաների թիվը՝ 68 տոկոսով: Պատճառների վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են: Օրինակ, Նոր Նորք համայնքի թիվ 27 մանկապարտեզի տնօրեն Սիլվարդ Կարապետյանը կարծում է. «1994-95 թվականների օպտիմալացումն էր պատճառը, որ փակվեց մանկապարտեզների մեծամասնությունը: Վերջին տարիներին էլ մասնավոր նախակրթարաններն են խոչընդոտում մեր աշխատանքին: Ծնողները, մոդայի հետեւից ընկնելով՝ ձգտում են երեխաներին տանել «ինչուիկներ» ու նման այլ կրթարաններ: Եվ որքան ոգեւորված տանում են, այնքան հիասթափված էլ նորից ետ են բերում մանկապարտեզ»:

«Էրուդիտ» մասնավոր նախակրթարանի տնօրեն Պողոս Ադամյանը համաձայն չէ այն դժգոհությանը, թե իր կրթարանի նման կառույցները խոչընդոտում են մանկապարտեզների գործունեությանը. «Իրենք կամ սնունդը լավ չեն տալիս, կամ դաստիարակների աշխատանքն է թերի, դրա համար էլ ծնողներն իրենց երեխաներին հանում են մանկապարտեզներից: Բացի այդ, մեզ մոտ երեխաները շաբաթական երկու անգամ՝ մեկուկես ժամով են հաճախում, ինչը չի կարող խանգարել մանուկների՝ նաեւ պետական մանկապարտեզ գնալուն»:

Մանկապարտեզների «աչքի փուշը» դարձած «ինչուիկներում» երեխաներին դասավանդում են օտար լեզուներ, երգեցողություն, տրամաբանություն, վարվեցողության կանոններ, կեցվածք, էթիկա եւ այլ առարկաներ: «Ինչուիկ» մասնավոր նախակրթարանի տնօրեն Արթուր Ավետիսյանը մեզ հավաստիացրեց, թե սեմինարների ընթացքում բազմիցս մանկապարտեզների տնօրեններին համագործակցելու առաջարկներ է արել, սակայն բացասական արձագանքի է արժանացել: «Մանկապարտեզներում, փոխանակ հետաքրքիր աշխատելու, ուղղակի ընկած են «գրդոնի» հետեւից»,- հայտարարեց նա:

Որոշ մասնավոր նախակրթարաններում էլ մեզ փորձեցին հավաստիացնել, թե իրենց գործունեությունը ոչ թե խոչընդոտում է մանկապարտեզներին, դեռ մի բան էլ նպաստում է այնտեղ կրթության որակի բարձրացմանը: «Մասնավոր նախակրթարանների գործունեության դեպքում մանկապարտեզները զգաստանում են: Մեծանում է մրցակցությունը: Օրինակ՝ երբ «Նյուտոնիկ» նախակրթարանում շախմատի դասեր մտցրինք, որոշ ժամանակ անց մեր համայնքի մանկապարտեզներն էլ այդ քայլը կրկնեցին»,- ասաց Ավան համայնքի «Օհանյան» վարժարանի տնօրեն Սուսաննա Օհանյանը, որի կազմում գործում է «Նյուտոնիկը»:

«Եթե կողքիդ մասնավոր կառույց է աշխատում, ինչ խոսք, քեզ մի քիչ հավաքում ես: Բայց նաեւ չեմ կարող ասել, որ միայն դրանով է պայմանավորված պետական մանկապարտեզների այն բարվոք վիճակը, որն այսօր կարող եք տեսնել»,- հակառակն է պնդում թիվ 59 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Մեժլումյանը: Ծնողները չեն ժխտում, որ հաճախ գերադասում են երեխաներին «ինչուիկներ» տանել: Գուցե պատճառն այն է, որ որոշ մասնավոր նախակրթարաններ պատրաստ են ծնողների ուզած տեւողությամբ երեխաներին զբաղեցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել