Նրանցից ոմանք դպրոցում երկուսներ են ստացել եւ «գժվեցրել» ուսուցիչներին
«Առավոտը» քաղաքական գործիչներից ոմանց հարցրեց, թե ինչպե՞ս են սովորել դպրոցում, ի՞նչ չարաճճիություններ արել աշակերտ եղած ժամանակ: Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախագահ
Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ավարտել է Բելինսկու անվան թիվ 38 ռուսական դպրոցը եւ շատ լավ հիշում է առաջին ուսուցչուհուն՝ Սուսաննա Ռոմանովնային: Տ. Ուրիխանյանը չի մոռացել նաեւ, թե ինչպես էր դպրոցական տարիներին խորհրդային օրհներգի հնչյունների ներքո դասարան մտնում: «Շատ էի սիրում օտար լեզուները, հատկապես անգլերենը: Այնքան լավ էի սովորում, որ 4-րդ դասարանում 6-րդ դասարանի ծրագրով էի անցնում: Հետո ողջ դպրոցում միայն ես սկսեցի իսպաներեն եւ ֆրանսերեն անցնել: Գուցե «2»-ներ էլ ստացած լինեմ, հավանաբար վարքի կամ բացակայության պատճառով, թեեւ վարքս այնքան վատ չի եղել: Լավ եմ սովորել, բայց «5»-ի կողմնակից չէի, որովհետեւ խորհրդային տարիներին «5»-եր ստացողները հիմնականում «զուբրիտ» անողներն էին, իսկ ես այդպիսին չէի»,- իր աշակերտական տարիների մասին այսպես խոսեց ՀԱԿ նախագահը: Հետո էլ «զուբրիտին» դեմ լինելը հիմնավորելու համար նա զուգահեռ տարավ իր ու Լեւ Տոլստոյի միջեւ. «Մի անգամ, երբ Լեւ Տոլստոյի հայրը նրա ու նրա եղբայրների հետ աշխատող գուվերնյորից հետաքրքրվում է, թե ով՝ ինչպես է սովորում, գուվերնյորը պատասխանում է՝ մեծ եղբայրը կարող է, բայց չի ուզում սովորել, մյուսը ուզում է, բայց չի կարող սովորել, իսկ Լեւը ոչ ուզում է, ոչ էլ կարող է սովորել: Հիմա Տոլստոյն աշխարհահռչակ գրող է, իսկ գուվերնյորին ոչ ոք չի հիշում»: Տ. Ուրիխանյանն ասաց, որ մշտապես հարգանք է տածել բոլոր ուսուցիչների եւ դպրոցի տնօրենի հանդեպ: «Բոլորին սիրել, հարգել եմ, բայց առարկաներ կային, որ սրտովս չէին: Օրինակ, չեմ սիրել ֆիզկուլտուրայի դասերը, որովհետեւ ստիպում էին գլուխկոնծի տալ, ատում էի աշխատանքի ուսուցման դասերը, որովհետեւ ստիպում էին բահ ու քլունգ սարքել»,- նշեց նա:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը չցանկացավ իր դպրոցական տարիները հիշել՝ «ձեր թերթի էջերը չեն բավարարի» պատճառաբանությամբ: Միայն ասաց, որ ավարտել է Ե. Չարենցի անվան դպրոցը, իսկ առաջին ուսուցչուհու ազգանունն էլ Գրիգորյան էր: «Սիրում էի պատմության ու կենսաբանության դասերը, որովհետեւ հավանում էի այդ առարկաների ուսուցիչներին: Իսկ առաջին դասարանից մի բան է տպավորվել՝ ուսուցչուհին դասամիջոցի զանգը տալուն պես հավաքում էր մեր գրիչները, որ չկոտրենք»,- հայտնեց ՀՌԱԿ ատենապետը:
«Նոր ժամանակներ» (ՆԺ) կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, որ ավարտել է Երեւանի թիվ 45 միջնակարգ դպրոցը: «Դա Արեշում գտնվող հայկական դպրոց է, մեր տանն էլ մոտ: Շատ լավ դպրոց էր: Ընդհանրապես, հայկական է եղել իմ ողջ կրթությունը թե՛ դպրոցում, թե՛ բուհում: Իմ փայլուն ռուսերենի ու ֆրանսերենի համար էլ այդ դպրոցին եմ պարտական: Բոլոր ուսուցիչներիս սիրում էի, չսիրած առարկաներ չունեի: Բայց չարաճճիություններ շատ եմ արել… Ամեն տարի ապրիլի 24-ին երկրորդ հարկից թռել-փախել ենք ու գնացել Ծիծեռնակաբերդ: Սիրում էինք դռները ծխնիներից հանել ու ձեւական դնել, որ բացելիս շրջվի ուսուցիչների վրա»,- պատմեց ՆԺ նախագահը: Հիշեց, որ մի անգամ 8-րդ դասարանում «2» է ստացել քիմիայից ու ստիպված է եղել 13 հատ «5» ստանալ, որ քառորդը «5» փակվի:
Նորացված կոմկուսի ղեկավար Յուրա Մանուկյանը հայտնեց, որ ավարտել է Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը ու առաջին ուսուցչուհու անուն-ազգանունն էլ Սաթենիկ Ապրեսյան է. «60 տարի է անցել, բայց դեռ հիշում եմ նրա բարի ժպիտը, մարդասիրությունը»: Դպրոցում սիրել է ֆիզիկան ու մաթեմատիկան, նաեւ ֆրանսերենը: «2»-ներ էլ է ստացել մեկ-մեկ, օրինակ, մի անգամ ֆրանսերենից, բայց ոչ նրա համար, որ դասը չէր սովորել, այլ որ դիտմամբ ճիշտ չի արտասանել «լա ֆամ» (ընտանիք) բառը: «Առավոտի» հարցին՝ ինչպիսի չարաճճիություններ է արել դպրոցական տարիներին, ընկեր Մանուկյանը պատասխանեց. «Նախ, եթե որեւէ երեխա չարաճճիություն չի անում, ուրեմն իդիոտ է: Հետո, այն, ինչ արել ենք ժամանակին (աղջիկների ոտքերի մոտ հայելի պահել, մեխ դնել աթոռին եւ այլն), այսօրվա երեխաների արածների համեմատությամբ մանկական խաղեր են: Թումանյան դպրոցի աշակերտի համար կարեւոր էր մի բան՝ պիտի կարողանայիր ընդունելի լինել Երրորդ մասի, Յոնջալաղի եւ Հին կրուգի համար, ինչը ինձ մոտ ստացվեց եւ այդ թաղերի գողականները թիկունքիս կանգնեցին, որ խորանամ ֆիզիկայի ու մաթեմատիկայի մեջ»:
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսպես արտահայտվեց իր դպրոցի մասին. «Իհարկե, հիշում եմ առաջին ուսուցչուհուս՝ Վարսիկ Աթոյանին: Ես ավարտել եմ Շամշադինի Բերդ ավանի թիվ 1 աշխարհահռչակ դպրոցը, որի պատմության ուսուցչուհու՝ Մարիա Սաղումյանի մասին 1962թ. նույնիսկ «Պրավդան» է գրել: Այդ թվականին ուսուցիչների համամիութենական համագումարում, որ կայացել էր Կրեմլի համագումարների պալատում, Մարիա Սաղումյանը դեմ էր արտահայտվել Պոլիտբյուրոյի տխրահռչակ որոշմանը՝ վերացնել ազգային պատմությունները եւ դպրոցներում միայն ԽՍՀՄ պատմություն անցնել: Դրա համար նրան կարող էին շպրտել ԿԳԲ-ի պադվալ, բայց երբ համագումարի պատգամավորները նրա այդ քայլը հոտնկայս բրավոների են արժանացրել, Սաղումյանը ճանաչվել է ԽՍՀՄ-ի պատմության լավագույն ուսուցչուհի: 1964-ին Մշակույթի 10-օրյակին այցելելով Շամշադին՝ Մեծն Վահրամ Փափազյանը գրել է ուսուցչուհուս մասին. «Հեռավոր Շամշադինի լեռնաշխարհում ես հանդիպեցի հայ կին առյուծներից մեկին»: Պրն Հակոբյանը նշեց, որ ոչ սիրելի առարկաներ եւ ուսուցիչներ չի ունեցել եւ դպրոցն էլ ոսկե մեդալով է ավարտել. «Լավ եմ սովորել ոչ թե մեդալի համար, այլ այն պատճառով, որ ուսուցիչները գայթակղեցնում էին իրենց առարկայով: Դպրոցում, մերոնց պատմելով, հեզ ու խոնարհ, անգամ ուրբաթախոս երեխա եմ եղել, էդ 40 տարեկանից հետո եմ դարձել շատախոս»: